Քաղաքացիական կրթության նոր դասընթաց` հայաստանյան 5 բուհում

Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։ Հայաստանյան 5 բուհերի` Երևանի  պետական,  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական,  Հայաստանի պետական տնտեսագիտական, Շիրակի պետական և Վանաձորի պետական համալսարանների և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES)  միջև այսօր ստորագրվել է ծրագրի մասնակցության վերաբերյալ հուշագիրը։         

Կրթական ծրագիրը մշակել են ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES)՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ «Քաղաքական մատչելիություն և ներառում» բաղադրիչի շրջանակում: Համանման ծրագիր հաջողությամբ արդեն ներդրվել է Վրաստանի և Ուկրաինայի ավելի քան 55 բուհում:

Ծրագրի մեկնարկը ողջունել են  ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա ԳրիզերըIFES հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոնը

Նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունն ամիսներ շարունակ համագործակցել է ծրագրի հետ` կարևորելով քաղաքացիական կրթության նոր դասընթացի մշակումն ու  ներդրումը հայաստանյան բուհերում. «Բացի դասընթացի  հիմքում դրված և մեզ համար առաջնային նշանակություն ունեցող  ժողովրդավարության և քաղաքացու իրավունքների   արժեքներից,  այս փուլում կարևոր է նաև դասավանդման և ուսանողակենտրոն կրթության կազմակերպման նոր մոտեցումների ներդրումը կրթական համակարգում:

Դասընթացն  ընտրական գործընթացների բարելավման խոշոր ծրագրի մի մասն է, որի հաջողվածության գրավականներից մեկն ակադեմիական մոտեցումների վրա հիմնված մեթոդաբանության  ապահովումն է»,- նշել է Ս. Կարաբեկյանը:

Նրա խոսքով` այժմ ընթանում է դասընթացի նյութերի մշակումը,  ծրագիրը նախատեսում է նաև դասախոսների վերապատրաստման բաղադրիչ և հատուկ ձեռնարկ ուսանողների համար: Նախարարի խորհրդականը հույս է հայտնել, որ ծրագրի հաջող փորձարկումից հետո այն  կներդրվի նաև մյուս բուհերում։

Դասընթացը նպատակ ունի ինտերակտիվ ուսուցման մեթոդներ կիրառելով խթանել ակտիվ քաղաքացիությունը` ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների ամրապնդմամբ: