«Եթե անգամ Սերժ Սարգսյանը գնա Ազատության հրապարակ` ընտրություններն ավարտված են». վերլուծաբաններ

«Եթե անգամ Սերժ Սարգսյանը գնա Ազատության հրապարակ` ընտրություններն ավարտված են». վերլուծաբաններ
«Եթե անգամ Սերժ Սարգսյանը գնա Ազատության հրապարակ` ընտրություններն ավարտված են». վերլուծաբաններ

Մարտի 15-ի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կեսգիշերային այցը Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին տարատեսակ քննարկումների եւ կանխատեսումների առիթ են հանդիսացել` իշխանության կողմից զիջումների, ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ Աբրահամյանի այցով իշխանությունները փորձում են որոշակի համաձայնության գալ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Միեւնույն ժամանակ նա չի բացառում, որ նման քայլով նախապատրաստվում է Սերժ Սարգսյանի այցը Ազատության հրապարակ:

«Դա ունի պոպուլիստական նշանակություն և գուցե ինչ-որ պայմանավորվածությունների փորձ է: Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթներից ես այնպիսի տպավորություն եմ ստացել, որ ինքը պատրաստ է ինչ-որ պայմանավորվածությունների»,-«Մեդիալաբին» ասում է նա:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը Հովիկ Աբրահամյանի այցը զուտ քաղաքակրթական բնույթի է համարում: Նա համոզված է, որ նույնիսկ Սերժ Սարգսյանի այցը ոչինչ չի փոխի, քանի որ վերջակետը դրված է:

«Նախագահական ընտրությունները փետրվարի 18-ին ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո ավարտվել են թե´ երկրի ներսում և թե´ դրսում: Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին մասնակցում է նրան ձայն տվածների առավելագույնը 2,5-5 տոկոսը, գալիս է ընդամենը 3, 4, 5 հազար մարդ: Այսինքն՝ նախագահական ընտրությունները հասարակության կողմից ավարտվել են, իսկ դրսում գործող նախագահի ընտրությունը փաստացի ճանաչել են: Շնորհավորանքները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ դրսից էլ են այս նախագահական ընտրության միջոցառման վրա վերջակետ դրել»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Ինչ վերաբերում է իշխանության կողմից զիջումներին, նրա խոսքով, իշխանություններն արդեն զիջման են գնացել և Րաֆֆի Հովհաննիսյանին դե յուրե տվել են պատվավոր երկրորդ տեղը: Մասնագետի խոսքով՝ իրական որևէ զիջում իշխանություններն այլևս չեն կատարելու:

«Ո´չ երկրորդ փուլ, ո´չ նախագահի նոր ընտրություններ և ո´չ էլ խորհրդարանի նոր ընտրություններ, այնպես որ, զիջումներն ավարտվել են, և ընդամենը Հովիկ Աբրահամյանի այցը կարելի է գնահատել որպես քաղաքակրթական այց: Ոչ մի պայմանավորվածություն և ոչ մի ակնկալիք այդ այցից մի´ ունեցեք»,- ասում է նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ այսօր մենք տեսնում ենք մեկ բան, դա այն է, որ այն ձայները, որոնք «Ժառանգությունը» ստացել է նախագահական ընտրությունների ժամանակ, փորձում է պահել և օգտագործել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Սակայն, նրա խոսքով, դա հաջողություն չի ունենա:

«Եթե նախագահական ընտրություններ կոչվող այդ միջոցառմանը չմասնակցեցին առավել ազդեցիկ ուժերը, ինչպիսիք են ԲՀԿ-ն, ինչ-որ չափով նաև` ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, ապա Երևանի ավագանու ընտրություններին այդ երեք ուժերն էլ կմասնակցեն: Հետևաբար, այն ձայները, որոնք նախագահական ընտրություններ կոչված միջոցառման ժամանակ անցել են Րաֆֆի Հովհաննիսյանին, նորից կգնան իրենց հասցեատերերին»,- ասում է Արմեն Բադալյանը:

Այն հարցին, թե այս պայմաններում ի՞նչ կարող է անել Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայտարարում է, որ չի դադարեցնի հացադուլը, քանի դեռ Սերժ Սարգսյանը համապետական լուծում չի առաջարկել, մասնագետը պատասխանեց, որ երբ տեսնեն Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությունը կտրուկ վատացել է, նրան հարկադիր բուժօգնություն կցուցաբերեն:

«Նրան հարկադիր կհանեն հացադուլից, որովհետև թույլ չեն տա, որ նա Ազատության հրապարակում հացադուլ անելով մահանա»,- կարծում է Բադալյանը:

Նա նշում է, որ եթե անգամ Սերժ Սարգսյանը էլ գնա  Ազատության հրապարակ, մեկ բան պետք է հասկանալ՝ նախագահական ընտրություններն ավարտված են: Բոլոր այն գործիչները, ովքեր մասնակցեցին այդ միջոցառմանը, ի սկզբանե գիտեին, թե ի´նչ արդյունք լինելու:

Սակայն, ի տարբերություն Արմեն Բադալյանի, Ստեփան Դանիելյանը նշում է, որ պահանջներն ու սպասելիքները տարբեր են:

«Հանրության պահանջը մեկն է՝ քրեաօլիգարխիկ համակարգը պետք է զիջի իշխանությունը հասարակությանը: Եվ որքան ես եմ հասկանում, Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը հետևյալն էր. նա չի ճանաչում ընտրությունների արդյունքները և պահանջում էր նոր ընտրություններ: Նույնիսկ համաձայն էր, որ լինեն խորհրդարանի նոր ընտրություններ, որովհետև դա կարող էր լինել իշխանության փոփոխության երաշխիք: Սակայն Հովիկ Աբրահամյանի այցելությունն այս համատեքստից դուրս է, և ամեն ինչ կախված կլինի, թե այդ այցելությունն ինչպե´ս կընդունի Րաֆֆի Հովհաննիսյանը: Համենայն դեպս, տպավորությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է գնալու որոշակի պայմանավորվածությունների»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Սակայն, ըստ Դանիելյանի, դժվար թե այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն հանրության համար: Ստեփան Դանիելյանը նաև կարծում է, որ իշխող կուսակցությունը իշխանության զիջման առումով երբեք չի գնա որևէ զիջման: Հետևաբար կլինի այլ պայմանավորվածություն, թե ինչպիսի՞ն, ըստ քաղաքագետի` դժվար է ասել:

«Եթե իշխանության մասով զիջումներ չեն լինելու, ինձ համար անհասկանալի է, թե ի´նչ փոխզիջում կարող է լինել իշխանության և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում պաշտոնապես գործող նախագահ Սերժ Սարգսյանից հետո երկրորդ տեղը զբաղեցած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական հանրահավաքների շարք է սկսել` ի նշան կեղծված ընտրությունների բողոքի, որին միացել են հազարավոր մարդիկ: Մարտի 10-ին Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել` պահանջելով Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը:

Ուրբաթ ուշ երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանին այցելով, Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասել է, որ իշխանությունները փորձելու են այնպես անել, որ հաշտ ու համերաշխ լուծում տրվի ստեղծված ճգնաժամին:

Միաժամանակ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները, իրենց գնահատմամբ, խելամիտ չեն:

«Երկրորդ փուլ գնալը ես դա չեմ ընդունում որպես խելամիտ առաջարկ, Ազգային ժողովն արձակելու, արտահերթ ընտրությունների ձևը չեմ տեսնում և գտնում եմ, որ ոչ ողջամիտ առաջարկություն է»,- մասնավորապես ասել է Հովիկ Աբրահամյանը: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն արտահայտությանը, թե Սերժ Սարգսյանը միայն իր դիակի վրա կերդվի, Հովիկ Աբրահամյանն ասել է, որ դա վերջնագիր է, որն ընդունելի չէ իրենց համար:

© Medialab.am