Հուշ-երեկո՝ նվիրված ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանին

Հեղինակ MediaLab

Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվեց հուշ-երեկո՝ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանի ծննդյան օրվան նվիրված: Զաքարյանների ընտանիքում ավանդույթ կար՝ ամեն ծննդյան տարեդարձին Ազատը հատուկ նվեր էր խնդրում մայրիկից՝ ասմունքել իր համար:

Այսօր այդ նվերը մատուցեցին ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները՝ հանդես գալով պատերազմի ժամանակ նահատակված իրենց ընկերոջ կողմից սիրված հայ մեծանուն գրողների ստեղծագործություններով: Ամենագեղեցիկ մարդկային արժեքներով օժտված Ազատն իր ընկերների սրտերում խորը հետք է թողել: Բացակայություն, կարոտ, ափսոսանք… այս զգացումներ են այժմ ուղեկցում նրա ընկերներին, բայց նրանք խոստում ունեն՝ իրագործել իրենց ընկերոջ ամեն կիսատ թողած երազանքն ու նպատակը:

Պատերազմում զոհված հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» խորագրի ներքո բուհում մեկնարկել է միջոցառումների շարք՝ նվիրված  անմահացած հերացիականների հիշատակին, որոնք կյանքի գնով ապահովեցին մեր ժողովրդի անվտանգությունը:

«Այդ տևական միջոցառումները պատիվ են բերելու համալսարանին, պարտավորեցնելու են ձեզ հիշել այն տղաներին, որոնց կյանքի գնով մենք շարունակում ենք ապրել, ինչպես նաև հասկանալու ձեր առաքելությունը և նվիրվելու ձեր գործին»,- շեշտեց բժշկական բուհի ռեկտորը:

Ինչպես նշեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուտետի պետ Վարդան Ծատուրյանը, Ազատի և երեք տասնյակից ավելի անմահացած հերոսների անունները բժշկական բուհում հավերժ կապրեն բոլորի հետ:

Ազատի ծննդյան տարեդարձին նվիրված երեկոն ևս մեկ նպատակ ուներ՝ պատգամել, որ մեր նահատակված հերոսներն իրենց ապրելու իրավունքը փոխանցել են ազգին՝ միայն մեկ հրամայականով՝ երբեք ու երբեք չդատարկել Հայաստանը, կենսունակ ու լի պահել իրենց կողմից արյան գնով պաշտպանած հայրենիքը: 

Ազատը Զաքարյանը զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 10-ին՝ ռազմաճակատի ամենաթեժ՝ հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, երբ անտեսելով վտանգը շտապում էր օգնության: Թշնամու արձակած համազարկ կրակի հետևանքով հերոսը բռնում է հավերժի ճամփան:   

Այս մասին հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։