Վաղվա զորահանդեսը բացառապես փիար բնույթ ունի, ու դրա հիմքում ընկած են նախընտրական գործընթացները. Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 

– Պարո՛ն Աբրահամյան, ՀՀ ԶՈՒ-ն արդեն նոր զինանշան ունի: Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է փոփոխության հիմնավորումը: Ձեր գնահատականն եմ խնդրում հարցի վերաբերյալ:

– Կարծում եմ, որ այդ փոփոխության վերաբերյալ առնվազն հանրային քննարկում պետք է տեղի ունենար, որովհետև բավականին զգայուն հարց է, ու դրա փոփոխությունը չէր կարող աննկատ լինել, հատկապես որ մարդիկ դա նկատեցին վաղվա զորահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում: 

Ինչ վերաբերում է ՊՆ-ի տարածած պարզաբանմանը, երբ որ դա փորձում է հիմնավորվել գաղափարաբանական, հաղթական կամ, այսպես ասած, պայքարող բանակի համատեքստում, ապա պետք է ասեմ, որ օրվա իշխանության հայտարարությունները, արտաքին քաղաքական կուրսը, հատկապես Ադրբեջանի հետ վարվող քաղաքականությունը ցույց են տալիս, որ իրենց մատնանշած այդ գաղափարախոսությունը որևէ առնչություն չունի Հայաստանի կառավարության ու բանակի հետ: 

Այն ԶՈԻ-ն, որի գլխավոր շտաբի պետը 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի պարագայում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխարեն տալիս էր շատ տարօրինակ մեկնաբանություն առ այն, որ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքերը մի քանի օր սոված մնալուց հետո հեռանալու են մեր տարածքից ու այդպիսով դեօկուպացիայի հարցը լուծելու են, բնական է, որ այստեղ ո՛չ գաղափարի, ո՛չ հաղթանակի մասին կարող է խոսք լինել, ո՛չ էլ՝ պայքարի: Փաշինյանն ունի մեկ նպատակ՝ ոչ միայն բանակը, այլև ողջ պետական ապարատի ինստիտուտներն օգտագործել միայն ձևական, ցուցադրական մասով: Այս նախընտրական փուլում հատկապես ինքն ամեն գնով փորձում է լուծել այդ խնդիրը: 

– Վաղը կայանալիք զորահանդեսը բխում է ա՞յդ տրամաբանությունից:

– Որպես կանոն՝ այս երեք տասնամյակի ընթացքում Հայաստանում զորահանդեսները եղել են Անկախության կամ Հաղթանակի օրերին, այն հանգամանքը, որ սա կատարվում է Սարդարապատի հերոսամարտի օրերին ու հոբելյանական էլ չէ այս առումով, ըստ էության ընդգծում է, որ սա ունի բացառապես նախընտրական բնույթ:

Փորձ է արվում ցույց տալ, որ պաշտպանական առումով իրենք խնդիրներ են լուծել, այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունը ելնում է պարտվողական դիրքերից, իր մոտեցումները ելնում են նրանից, որ հայկական բանակը որևէ ձևով հաղթելու հնարավորություն չունի:

Դրանով էր ժամանակին հիմնավորվում Արցախի հանձնումը, դրանով էր հիմնավորվում այն հանգամանքը, որ ադրբեջանական հարձակումները 2021, 2022, 2023 թվականներին համապատասխան արձագանքի չէին արժանանում և այլն, ու նաև դրանով էին հիմնավորվում, որ Հայաստանի իշխանությունը չէր արձագանքում Ադրբեջանի տարածքային նկրտումներին, չի արձագանքում հայատյացության քաղաքականությանը, ռազմագերիների թեման շատ հստակ չի դնում քննարկման: 

Բազմիցս են ասել, որ իրենք չունեն այն հնարավորությունը, որ արձագանքեն Ադրբեջանի այս կամ այն գործողությանը կամ հայտարարություններին, ու ամեն ինչ անում են, որ Ադրբեջանը պատերազմ չսկսի: Եթե մեր ԶՈՒ-ն համապատասխան մակարդակի է հասել, պարտադիր չէ ռազմական գործողության մղել, դրա իսկ գոյությունը, մարտունակ բանակը ինքնին զսպող միջոց են եղել ու կլինեն ողջ տարածաշրջանում: Հետևաբար վաղվա զորահանդեսն ունի բացառապես փիար բնույթ, ու դրա հիմքում ընկած են նախընտրական պրոցեսները: 

– Պարո՛ն Աբրահամյան, Նիկոլ Փաշինանը դեռ շատ վաղ հայտարարել էր, որ այդ զորահանդեսին ցուցադրվելու է միայն իր իշխանության օրոք գնված զինտեխնիկան: Պատկերացում ունե՞ք, թե ինչ զինտեխնիկայի մասին է խոսքը:

– Տեխնիկայի այդ ցուցադրությունները աչքիս առաջ են բերում 2019-ի պրոցեսները, երբ ՍՈւ-30 ինքնաթիռներ էր ձեռք բերել, օրը մեջ իշխանական էլիտան սելֆիներ էր անում այդ ինքնաթիռի տարբեր հատվածներից, հետագայում պարզվեց, որ դրանք առանց զինամթերքի էին: Էլ չեմ խոսում մնացած այն ձեռքբերումների մասին, որի մասին հիմա ամաչում են խոսել, մասնավորապես՝ «Օսա-ԱԿ» համակարգերի մասին, մինչև 2020 թվականն իրենց կողմից ներկայացվող տարբեր ռազմարդյունաբերական համակարգերի մասին, որոնք կա՛մ որևէ դեր չկատարեցին, կա՛մ պարզապես հայտնվեցին ավարի կարգավիճակում:

Զինտեխնիկայի, սպառազինության ներկայությունը որևէ հաջողություն չի երաշխավորում, նախկինում եղած ՍՈւ-30-ների, Իսկանդերի, Սմերչի և այլնի, այսինքն՝ տարբեր բնույթի բավականին ժամանակակից ու խնդիր լուծող զինտեխնիկայի գոյությունը, տեսել ենք, որ որևէ բանով չօգնեցին մեզ, որովհետև շատ բան կախված է կառավարումից ու քո առջև դրած խնդրից ու նպատակից: 

Հայաստանի գործող իշխանությունը այս 8 տարվա ընթացքում ապացուցել է, որ իր համար կարևորը փայլուն ժապավեններն են, իրավիճակի ցուցադրական մասը: Ռազմաքաղաքական ղեկավարությունը 2018-ից հետո մինչ օրս որևէ լուրջ խնդիր այդպես էլ չի կարողացել լուծել, ու որևէ մեկը չի կարող երաշխիք ունենալ, որ այսօրվա իրողությունների պայմաններում այդ խնդիրները կլուծի:

Չես կարող 8 տարի վարկաբեկել բանակը, նսեմացնել զինծառայողի դերը, համարես, որ հերոս է հարկ վճարողը, այլ ոչ թե զինծառայողը, հետո մեկ օրվա մեջ ասես՝ մենք ունենք մարտունակ, խնդիր լուծող բանակ: Բանակը մեկ գործողությամբ կամ երկու հայտարարությամբ չի կառուցվում, դրա հիմքը գաղափարն է, իսկ գաղափարն այս իշխանության օրոք այնքան է խեղաթյուրվել ու վարկաբեկվել, որ, բնականաբար, դա մեծ վնաս է բերել մեր զինված ուժերին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am