Թուրքիայում կրկին վնասել են Արշիլ Գորկու հիշատակին նվիրված շատրվանը.Factor

Հայ նկարիչ Արշիլ Գորկու հիշատակին նվիրված շատրվանը, որը տեղադրված է Վան նահանգում, անհայտ անձանց կողմից վնասվել է, գրում է Duvar-ը։

Վանի Էդերմիթ շրջանի քաղաքապետարանը շատրվանը կառուցել է 2015 թվականին՝ շարունակելով Անատոլիական ավանդույթը՝ ոգեկոչելով հանգուցյալներին և ջուր տրամադրելով անցորդներին ու տեղի բնակիչներին։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Շատրվանը կառուցվել է այն ժամանակվա քաղաքապետ Սևիլ Ռոջբին Չեթինի նախաձեռնությամբ, որը ներկայացնում էր այժմ կազմալուծված քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը։ Շատրվանի չորս կողմերը զարդարված էին Գորկու կյանքի մանրամասներով՝ թուրքերեն, հայերեն, քրդերեն և անգլերեն լեզուներով փորագրություննենրով, որոնցից յուրաքանչյուրից ջուր էր թափվում։

Շատրվանի ճարտարապետներն օգտագործել են տարածաշրջանի հատուկ քարերը, այն տեղադրվել է նախկինում Գորկու ընտանիքին պատկանող տան մոտ։ Հուշարձանը նախկինում ևս մի քանի անգամ հարձակումների է ենթարկվել, երբ քաղաքապետ Չեթինը պաշտոնանկ է արվել ու բանտարկվել ահաբեկչության մեղադրանքով։

Նրան փոխարինել է իշխանամետ պաշտոնյա, որը թույլ է տվել շատրվանը նորից ավերել։ Ժամանակի ընթացքում չորս կողմերի աղբյուրները վնասվել ու արգելափակվել են, Գորկու անունը՝ հեռացվել։ Վերջին միջադեպի ժամանակ Գորկու կյանքի պատմությունը ներկայացնող ցուցանակները հանվել ու անհետացել են։

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է ջուրը փակվել, քաղաքապետարանից ասել են, որ պատճառը ջրի անբավարար մակարդակն է։ Քաղաքապետարանի պաշտոնյաները հերքել են հուշարձանի վնասման մասին որևէ տեղեկություն։