Խորթ հոր կողմից բռնաբարված աղջիկն ասում է, որ կպահեր երեխային, եթե ճար ունենար. «Գոնե 18 տարեկան լինեի»

Խորթ հոր կողմից բռնաբարված աղջիկն ասում է, որ կպահեր երեխային, եթե ճար ունենար. «Գոնե 18 տարեկան լինեի»
Խորթ հոր կողմից բռնաբարված աղջիկն ասում է, որ կպահեր երեխային, եթե ճար ունենար. «Գոնե 18 տարեկան լինեի»

Այսօր`օգոստոսի 2-ին Նարինեի 15 ամյակն է, իսկ երկու ամսից նա մայր կդառնա, ով պատրաստ է սեփական զավակին մանկատուն հանձնելու մոր ճնշումների ներքո, որովհետև ամաչում են հարևաններից, բարեկամներից ու ընկերներից:

Շիկահեր աղջկա՝ ծիրանի կորիզ հիշեցնող աչքերում թախիծն ու տխրությունն են ապրում: Սեփական պատմության ոլորաններում մոլորված՝ նա փորձում է գտնել այն ճանապարհը, որտեղ կտրվեց մանկության թելը:

«Չէի մտածում, որ այս տարիքում կարող էի հղիանալ, երեխա ունենալ, ես չէի ուզում: Քնել եմ հետը ու չեմ պատկերացրել, որ կհղիանամ: Մամայիս աչքերին չեմ կարողանում նայել: Իսկ նրան ատում եմ»,- ասում է Նարինեն (անունը փոխված), իսկ արցունքները լռեցնում են մնացած բառերը:

Նարինեի ծնողներն ամուսնալուծված են: Նա ապրել է մոր, երկու եղբայրների և տատի հետ: Անչափահաս աղջկա կյանքը գլխիվայր է շուռ եկել, երբ մայրն ամուսնացել է երկրորդ անգամ, և նրանց տուն է տեղափոխվել խորթ հայրը` Անդրանիկը: Սոցիալապես անապահով ընտանիքի համար 47-ամյա խորթ հայրը, կարծես, փրկություն էր, ով երթուղայինի վարորդ էր և ամեն օր տուն էր բերում 2000 դրամ:

Նարինեն հիշում է՝ Անդրանիկը հենց սկզբից իրեն ուշադրության կենտրոնում էր պահում ու մշտապես հետապնդում.

«Սկզբում ինձ անընդհատ ձեռք էր գցում, ասում էր, որ քեզ եմ սիրում, ոչ թե մամայիդ, ես քո համար եմ եկել: Հետո ես ինքս եմ իմ կամքով համաձայնվել: Բայց մինչ էդ ծեծում էր, ասում էր՝ դու պետք ա իմը լինես, չէր ծեծում, խփում էր: Ինչ-որ զգացմունք կար մեջս նրա հանդեպ, գուցե վախից էի գնում… Սկզբում կարծես սիրում էի, հետո ավելի շատ որպես պապա էի սիրում, ու ինքը շատ լավ մարդ էր: Նախանձում էի նրա երեխաներին, ինքս ինձ ասում էի՝ երանի իմ պապաս էլ այսպիսին լիներ: Իմ պապան հարբեցող ու ծեծող էր»:

Միայն հղիության չորրորդ ամսում է Նարինեն հասկացել, որ հղի է: Նրա վիճակից տեղյակ ապագա հայրը ընկերների հետ մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Իսկ մայրը սկսել է դիմել տարբեր բժիշկների, որպեսզի կարողանան ազատվել անցանկալի երեխայից, սակայն բոլորը հրաժարվել են անչափահասին աբորտ անելուց: Հունիսի 22-ից մայրը Նարինեին տեղափոխել է բռնության ենթարկված կանանց «Լայթ հաուս» ապաստարան:

Նարինեն ասում է, որ ամաչում է բարեկամներից, հարևաններից, ընկերներից: Ոչ ոք չգիտի, որ ինքը հղի է, այստեղ կծննդաբերի, երեխային, ինչպես մայրն է որոշել, կհանձնեն մանկատուն, որից հետո «դատարկաձեռն» կվերադառնա տուն:

«Բոլորը գիտեն՝ ճամբարում եմ ու այնտեղ աշխատում եմ: Բայց հավատացեք, եթե ես գոնե 18-20 տարեկան լինեի, չէի հրաժարվի իմ երեխայից, գոնե մի հատ խրճիթ ունենայի, կգնայի, հավաքարար կաշխատեի ու կպահեի նրան: Բայց այսպես ինձ մայրս է պահելու, իսկ նա երեխայի անունը լսել չի ուզում»,- արցունքների միջից ասում է աղջիկը:

«Լայթ հաուս»-ի հիմնադիր Սեդա Ղազարյանը նշում է, որ Նարինեի դեպքը բացառիկ է.

«Մենք ընդունում ենք բռնության ենթարկված այն կանանց, ովքեր հղի են, կամ նրանց հետ են մինչև երկու տարեկան երեխաները: Կանայք այստեղ ապրում են մինչև երկու տարի` համաձայն պայմանագրի: Բայց Նարինեի դեպքում, լավ, ասենք, երկու տարի էլ ավելի պահեցինք, հետո նա ուր կգնա, եթե մայրն էլ չընդունեց: Բայց մի բանով ենք մխիթարվում, որ գոնե երեխայի կյանքն ենք փրկում»:

Անչափահասին սեռական բռնության ենթարկելու փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ, որից հետո այն տեղափոխվել է Աբովյանի բաժին: Իրավապահ մարմինները, նախաքննության շահերից ելնելով, գործի հետ կապված այլ մանրամասներ չեն հրապարակում: Հետախուզում է հայտարարված Անդրանիկի նկատմամբ, ով գտնվում է Ռուսաստանի Ուֆա քաղաքում:

Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ասում է, որ նախորդ տարվա առաջին 6 ամիսների համեմատությամբ՝ այս տարի աճել են բռնության դեպքերը անչափահասների նկատմամբ:

«108 բռնության դեպք է գրանցվել՝ 83-ի դիմաց: 2011-ին բռնության 83 դեպքից միայն 33-ը սեռական բռնություններն են եղել, իսկ այս տարի բռնության 108 դեպքից սեռական բնույթի են եղել 43-ը»,- ասում է Դուրյանը:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ այս թվերը խոսում են այն մասին, որ հասարակությունում մեծացել է ագրեսիվությունը միջանձնային հարաբերություններում, արժեզրկվել են շատ արժեքներ, որոնք դարեր շարունակ են նստած են եղել մեր ազգային գիտակցությունում:

Անդրադառնալով Նարինեի դեպքին՝ նշում է, որ, բնականաբար, աղջիկը սկզբում վախեցել է, սակայն հետո դա նրան սկսել է դուր գալ, մանավանդ, որ աղջիկը գտնվել է հասունության շրջանում.

«Իհարկե, չենք կարող ասել, որ դա վերածվել է սիրո, որովհետև ամեն դեպքում չի կարելի անչափահաս աղջկա զգացմունքները համեմատել հասուն կնոջ զգացմունքների հետ, բայց առկա է, որ նրա մոտ առաջացել են դրական էմոցիաներ դեպի հասուն տղամարդը, ում նա, փաստորեն, ցանկացել է տեսնել նաև իր հոր դերում»:

«Լայթ հաուս» հիմնադրամի նախագահ Նաիրա Մուրադյանը, անդրադառնալով վերջերս հաճախադեպ դարձած բռնության դեպքերին, նշում է, որ բոլոր բռնությունների պատճառը սոցիալական խնդիրներն են.

«Երբ դիտարկում ես, ուսումնասիրում պատճառը, գտնում արմատը, տեսնում ես, որ դրանք միայն սոցիալական են: Երբ մարդը կախված է նյութականից, գալիս են բռնությունները, երբ խախտվում է ընտանիքի օրինաչափությունը`ամուսինը չի աշխատում, տան մեծերի թոշակի հույսին են, կինը… տեղի են ունենում այդ բռնություններն ու անառակությունները»:

Արդեն մեկ տարի է՝ «Լայթ հաուս»-ում ապաստարան են ստացել Հայաստանի տարբեր մարզերից 35 կանայք: Այսօր այստեղ ապրում են 9 կին և 15 երեխաներ:

Հաստատության հոգեբան Լիանա Սարգսյանի գնահատմամբ՝ այստեղի երեխաների հետ շփումը Նարինեին հետ պահեց հղիության արհեստական ընդհատման մտքից:

«Հոգեբանական երկարատև զրույցները նույնպես օգնեցին: Հիմա ավելի հանգիստ է, ավելի լավ տրամադրությամբ, քան գալու առաջին օրերին: Այն ժամանակ մտածում էր, որ կանի այնպես, ինչպես մայրը կասի, բայց հիմա պատրաստ է նույնիսկ երեխային պահելու, եթե ապրելու տեղ և օգնող ունենա»,- ասում է Սարգսյանը:

Ապաստարանի շենքն ապահովված է անվտանգության համակարգով: Կանանց համակարգչային հմտություններ, անգլերեն, կարուձև, մատնահարդարում են սովորեցնում: Նրանց թույլ են տալիս շենքից դուրս գալ, բայց միայն երեխաների հետ և հատուկ մատյանում գրանցվելուց հետո:

Հիմնադրամի նախագահի խոսքով՝ իրենք հետամուտ են լինում, որ ապաստարանից դուրս գալուց հետո կանանց սոցիալական վիճակն ու հետագա կյանքը կարգավորվեն. «Հաճախ բնակարան ենք վարձում նրանց համար կամ ամեն ամիս գումար հատկացնում` սկսած 50 դոլարից: Այդ ընթացքում էլ իրենք իրենց աշխատանքի հարցերն են լուծում: Ոտքի են կանգնում ու փորձում նոր կյանք սկսել»:

«Մեր ջանքերով 5 կին վերագտավ իր ընտանիքը, միացավ ամուսինների հետ: Մեր կազմակերպության մեկ այլ` «Հույսի ճրագ» ծրագրով աջակցում ենք այն ընտանիքներին, ովքեր պահում ու պահպանում են ընտանիքի ինստիտուտը»,- հավելում է Մուրադյանը:

Բացի «Լայթ հաուս»-ից, կանանց ապաստարան ունի նաև «Կանանց իրավունքների կենտրոն» (ԿԻԿ) ՀԿ-ն, որտեղ կանայք մնում են առանց երեխաների: Պետական որևէ ապաստարան դրա կարիք ունեցող կանանց համար չկա:

Նման բռնության դեպքերը քննվում են ՀՀ քրեական օրենսգրքի համապատախան հոդվածներով: Ընտանեկան բռնությանը վերաբերող օրենք գոյություն չունի: ԿԻԿ-ի և այլ կազմակերպությունների համապատասխան փորձագետները 2007-2009 թվականներին մշակել են «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը, որը ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն այն մինչ այժմ չի ընդունվել:

Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածը բռնաբարության համար սահմանում է պատիժ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում, եթե գործողությունը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ:

Իսկ Նարինեն ամեն ինչի համար միայն իրեն է մեղադրում ու հավաստիացնում, որ ամեն ինչ կանի, միայն թե երեխան որբ չմեծանա. «Ես իրեն էլի կվերցնեմ, մինչև ես էլ մի քիչ մեծանամ: Շուտ-շուտ կգնամ տեսակցության, որ չսառեմ: Գոնե ես 18 տարեկան լինեի, մանկատան մասին չէի խոսի, կասեի՝ դե, ջհանդամը, թե ինչ կասեն, ամեն մարդ իր կյանքն ունի, բայց էս տարիքում չեմ կարող»:

Հերոսուհու անունը, հասկանալի պատճառներով, փոփոխված է:

© Medialab.am