Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները չեն աջակցի Ուկրաինայի՝ Եվրոպական միության անդամակցությանը նույնիսկ առաջիկա հարյուր տարիների ընթացքում։
«Կարծում եմ՝ առաջիկա 100 տարում Հունգարիայում չի լինի այնպիսի խորհրդարան, որը կքվեարկի Ուկրաինայի՝ Եվրամիություն մտնելու օգտին»,-ասել է Օրբանը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է DW-ն:
Նախօրեին Հունգարիայի վարչապետը նաև հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անցել է կարմիր գիծը»։
Ի պատասխան՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան X սոցիալական ցանցում կոշտ արձագանք է հրապարակել՝ նշելով, որ Օրբանի այս դիրքորոշումը դատապարտված է ձախողման։ Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության օրը Օրբանի խոսքերը կտեղադրվեն Ուկրաինայի խորհրդարանում՝ որպես հիշեցում նրա հայտարարությունների մասին։



















