Հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից. ՍԴ 4 դատավորների հայտարարությունը

Հեղինակ MediaLab

Սահմանադրական դատարանի 4 դատավորները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, մենք, ներքոստորոգրյալներս, հայտնում ենք.

Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման:

Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից:

Հ. Թովմասյան
Ա. Գյուլումյան
Ֆ. Թոխյան
Հ. Նազարյան»։