Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկել են մեկանգամյա օգտագործման սովորական դարձած մի շարք պլաստիկ առարկաների լիակատար արգելքի օգտին: Կարգելվեն կոկտեյլների պլաստիկ ձողիկները, բամբակյա փայտիկները և պլաստիկ սպասքը:
Բավական է պլաստիկ ուտել
Արգելքը պետք է ուժի մեջ մտնի 2021թ-ին, եթե դրան աջակցեն ազգային կառավարությունները: Դրա անհրաժեշտությունը վաղուց է հասունացել. աշխարհի աղբի մոտ 70%-ը հենց պլաստիկ է, իսկ դրա մեծ մասը մեկ անգամ օգտագործված իրերի տեսքով կենցաղային աղբն է:
Պլաստիկն այնքան է մարդու կյանք մտել, որ արդեն դարձել է սննդի շղթայի տարր: Հոկտեմբերի վերջին գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնք ցույց են տալիս, որ պլաստիկի միկրոտարրերն առկա են մի շարք եվրոպական և ասիական շրջանների բնակիչների օրգանիզմում:
Մենք կլանում ենք պլաստիկը, որը սննդի փաթեթներում և սպասքում է առկա, ջրի շշերում, փրփրապլաստե և պլաստիկե բաժակներում, մեկանգամյա օգտագործման դանակ-պատառաքաղներում: Մենք պլաստիկ ենք ուտում տասնամյակներ շարունակ:
Հիմնական աղտոտողներն ու դրանց այլընտրանքները
Ձողիկներ՝ խմելու համար
1888թ-ին ամերիկացի Մարվին Ստոունը պատենտավորել է մոմած թղթից պատրաստված ձողիկը: Լեգենդի համաձայն՝ նա մտածել է այն, երբ ձողիկը, որով Ստոունը բուրբոնով կոկտեյլ խմելիս է եղել, սկսել է լուծվել բաժակի մեջ:
Պլաստիկե ձողիկները զանգվածային արտադրությունը սկսվել է 1960-ական թվականներին. դրանց արտադրությունն էժան էր, դրանք չէին կոտրվում, և շուտով շուկայից դուրս թողեցին այլընտրանքային արտադրանքը:
Այսօր ձողիկներից ամեն կերպ փորձում են ազատվել: Խոշոր ցանցերն, օրինակ, McDonalds-ն ու Starbucks-ն արդեն դրանցից հրաժարվել են, համենայնդեպս՝ Եվրոպայի մի շարք երկրների տարածքում:
Հնարավոր այլընտրանքը ծովային ջրիմուռներից, թղթից կամ մակարոնից պատրաստված ձողիկներն են:
Բամբակի փայտիկները
«Ականջմաքրելիքները» ձողիկների հետ միասին շրջակա միջավայրն աղտոտող իրերից են: Կենցաղային աղբի ցանկում, որն առավել հաճախ գտնում են Բրիտանիայի լողափերում, դրանք վեցերորդ հորիզոնականում են:
«Ինստագրամի» ինդոնեզացի մի օգտատեր համացանցում տեղադրել է ծովաձիուկի լուսանկար՝ բամբակե փայտիկով: «Ես կցանկանայի, որ այդպիսի լուսանկար ընդհանրապես չլիներ, սակայն, քանի որ կա, ուզում եմ, որ բոլորը տեսնեն», – գրել էր նա:
Հնարավոր այլընտրանքը. բամբակե փայտիկների խոշորագույն արտադրող Johnson & Johnson ընկերությունն անցյալ տարի հրաժարվել է պլաստիկ փայտիկներից և անցել ստվարաթղթե փայտիկների, բայց միայն մի քանի երկրներում:
Մեկանգամյա օգտագործման սպասք
Պլաստիկ բաժակներ, ափսեներ, դանակներ ու պատառաքաղներ այսօր հաճախ կարելի է հանդիպել պիկնիկների ժամանակ, մարդիկ դրանք հաճախ են իրենց հետ արշավի կամ ճամփորդության տանում: Եվրոպայում ցանակնում են դրանք ամբողջությամբ արգելել:
Հնարավոր այլընտրանքն արդեն կա, ընդ որում՝ ուտելի. բաժակներ՝ ջրիմուռներից, դանակ-պատառաքաղներ՝ ալյուրից, արմավենու չորացրած տերևներից պատրաստված ամփսեներ:
Աղբյուր՝ jam-news.net