Մարդու իրավունքների խնդիրն Ադրբեջանի գործերին միջամտելու պատրվակ չպետք է լինի․ Ալիևը՝ Բլինքենին. Factor

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հեռախոսազրույցում քննարկել են նաև պաշտոնական Բաքվի կողմից մարդու իրավունքների խախտումներն ու միջազգային հանձնառությունների չկատարումը։ Զրույցի այդ հատվածը տեղ չէր գտել Ադրբեջանի տարածած հաղորդագրության, փոխարենն այդ մասին հայտնել էր ամերիկյան կողմը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից այս առնչությամբ տեղական լրատվամիջոցներին ասել են, թե Ալիևը հեռախոսազրույցում նշել է երկրում մարդու իրավունքների խնդրի պատրվակով երկրի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության մասին։

«Այո՛, հեռախոսազրույցի ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ այս հարցը։ Նախագահ Ալիևը նշել է, որ մարդու իրավունքների խնդիրների պատրվակով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը բացարձակապես անընդունելի են։ Մենք չենք ընդունում այս հարցի շուրջ արևմտյան մի շարք երկրների կողմնակալ հայտարարությունները՝ հիմնված երկակի ստանդարտների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Վերջին ամիսներին շուրջ երկու տասնյակ անկախ լրագրողների ու ընդդիմադիրների կալանավորած Ալիևը նաև նշել է «ՀՀ-ում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության և նույնիսկ անազատության մեջ նրանց մահվան դեպքերի, ինչպես նաև մարդու իրավունքների խախտման փաստերի մասին, և որ Արևմուտքը լռում է այդ մասին»։

Հավելենք, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել էր Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը՝ հորդորելով ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին: