Իշխան Սաղաթելյանը հայտնեց համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում ստեղծելու մասին

 Երևանի Ազատության հրապարակում անցկացվող  «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հորդորեց քաղաքացիներին լինել ակտիվ և իրենց բողոքի ձայնն արտահայտել յուրովի՝ միաժամանակ հայտարարելով համահայկական ներկայացուցչական ֆորում ստեղծելու նախաձեռնության մասին:

«Այն քաղաքացիները, որոնք հոգով, սրտով մեզ հետ են, բայց ինչ-ինչ պատճառներով Ազատության հրապարակում չեն, հորդորում եմ լինել ակտիվ: Եկեք կանգնեք մեր կողքին, որ կառուցենք մեր վաղվա Հայաստանը: Ուզում եմ տեղեկացնել համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում ստեղծելու մասին:

Այս պահից սկսած այդ ֆորումի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տրվում է: Այդ ֆորումով սկիզբ է դրվելու Հայաստանի վերելքի ծրագրին: Այդ հարթակում մեկտեղվելու են ռեսուրսներ, ծրագրեր, ձևակերպվելու է  նոր օրակարգ՝ վերածննդի ծրագիր»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ ասաց Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեկ անգամ ևս նշեց, որ նահանջ չի լինելու, շարունակելու են պայքարը, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն: