Աշոտ Ղուլյանի թեկնածությունը կառաջադրվի Արցախի 2020 թվականի նախագահական ընտրություններում

Աշոտ Ղուլյանի թեկնածությունը կառաջադրվի Արցախի 2020 թվականի նախագահական ընտրություններում
Աշոտ Ղուլյանի թեկնածությունը կառաջադրվի Արցախի 2020 թվականի նախագահական ընտրություններում
Հեղինակ MediaLab

Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարը որոշել է 2020 թվականի նախագահական ընտրություններին առաջադրել կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի թեկնածությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է կուսակցության համագումարի արդյունքներով ընդունված որոշման մեջ: Ներկայացնում ենք Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարի որոշումն ամբողջությամբ.

«Հարգարժան կուսակցականներ,

Տիկնայք և պարոնայք,

2020 թվականին մեր երկրում կայանալիք համապետական ընտրությունները նոր հնարավորություն են բացում քաղաքական առավել ակտիվ դերակատարում ստանձնելու, երկրի կայուն և առաջընթաց զարգացմանն ընդգծված մասնակցությունն ունենալու տեսանկյունից: Վստահ եմ՝ մեզանից յուրաքանչյուրն էլ շատ լավ պատկերացնում է այդ ընտրությունների կարևորությունը. նույն օրը մենք որոշելու ենք երկրի և՛ օրենսդիր մարմնի կազմը և՛ գործադիր թևի առաջնորդին՝ հանրապետության նախագահին:

Այս հստակ գիտակցմամբ էլ, առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրելու հարցը, կուսակցության կանոնադրության պահանջներին համապատասխան, ընդգրկվել է այսօրվա համագումարի օրակարգում:

Հարգելի կուսակիցներ,

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը 20-ամյա պատմություն է անցել, որի ընթացքում դասական իմաստով կայացել է որպես քաղաքական կուսակցություն, ակտիվորեն մասնակցել Արցախի պետական շինարարությանը և իր հետագծով կայուն հիմքեր ստեղծել մեր երիտասարդ հանրապետությունում քաղաքական մշակույթի ձևավորման ու զարգացման համար: Ուստի կարիք չկա ընդգծելու, որ մենք առավել քան պատասխանատու ենք մեր ստեղծածը պահպանելու և նոր ու թարմ գաղափարներով Արցախի զարգացումը առաջ տանելու համար:

Հայրենիքի ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու վճռականությամբ՝ ժողովրդավարները ակտիվորեն մասնակցելու են և՛ խորհրդարանական և՛ նախագահական ընտրություններին: Այս համատեքսում կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու հարցը վերջին ժամանակներում ներկուսակցական քննարկումների կարևոր թեմաներից էր, որին պարբերաբար անդրադարձել ենք նաև շրջանային/քաղաքային համաժողովների շրջանակներում: Գերակշռող կարծիքն այն է, որ մենք պարտավոր ենք հանրությանը առաջարկելու մեծ փորձառություն ու մաքուր քաղաքական անցյալ ունեցող, հանրությանը համախմբելու պատրաստակամ և ունակ թեկնածուի:

Հաշվի առնելով վերոնշյալը և կուսակցության անդամների ցանկությունը՝ համագումարին եմ առաջարկում Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարի որոշման նախագիծը՝

«2020 թվականի նախագահական ընտրություններին Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից Աշոտ Վլադիմիրի Ղուլյանի թեկնածությունը առաջադրելու մասին»: