Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով ՀՀ-ից հրատապ անհրաժեշտության դեղորայք են տեղափոխել Արցախ

Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից հրատապ անհրաժեշտության դեղորայք են տեղափոխել Արցախ՝ և՛ Արցախի բնակչության, և՛ իրենց կարիքների համար:  «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Տեղեկատվական շտաբից: 

«Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան, որը երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, հունիսի 24-ին ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։ 

Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից նաև հրատապ անհրաժեշտության դեղորայք են բերել Արցախ՝ և՛ Արցախի բնակչության, և՛ իրենց կարիքների համար: 

Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։ 

ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հայտարարության մեջ: