2020թ-ի քրեական քրոնիկոնը․ 2018-ից ժառանգություն մնացած քրեական գործեր, որոնցից ոչ մեկով դատաքննությունն ավարտված չէ. Տեսանյութ․ Factor.am

2018 թվականի իշխանափոխությունից հետո, երկու տարիներին ժառանգություն մնացած քրեական գործերին, 2020-ին գումարվեցին նորերը։ Տարին սկսվեց ապօրինի որդեգրման գործով տուժած ծնողների բողոքի ակցիաներով, որոնք պահանջում էին կալանավորել մեղադրյալներին։ Հիշեցնենք՝ ապօրինի որդեգրման գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը և այլք։ Բոլորն ազատության մեջ են, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ 2020 թվականին մեղադրյալի կարգավիճակ ստացավ Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը։ Նրան մեղադրանք առաջադրվեց արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Այս գործով անցնում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը։ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցվեցին հունիսի 26-ին։ Թե՛ այս գործընթացը, թե՛ առաջադրված մեղադրանքը Թովմասյանը համարում է հակաօրինական։ Գործով դատաքննությունը շարունակվում է։ Տարեսկզբին կտրուկ վատացել էր կալանքի տակ գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, որի հիմնավորմամբ նա ազատ արձակվեց։ Գրիգորյանի և նրա կնոջ վերաբերյալ դատական նիստերն ամբողջ տարվա ընթացքում այդպես էլ ապացույցների հետազոտման փուլին չհասան, իսկ 44-օրյա պատերազմից հետո Գրիգորյանը մահացավ։ Հարազատները պնդում են, որ Մանվել Գրիգորյանի գործը չի կարճվելու, փորձելու են ապացուցել նրա անմեղությունը։ Հունվարին հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին։

Որոշ ժամանակ անց Քննչական կոմիտեի նախագահը հայտնեց, որ ինքնասպանություն է կատարվել նեղ անձնական շարժառիթով։ Մեղադրվողների շարքերն այս տարի համալրեց նաև ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանը։ Նա մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար։ Հայրապետյանը մեղադրանքները չի ընդունում։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, որը, սակայն, ռուսական կողմում դադարեցվել է։

Պարզվում է՝ Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է։ ԱԱԾ-ն տարեսզբին կալանավորեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։ Փետրվարի 25-ին տեղի ունեցավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը։ Դա երկրի նախկին ղեկավարի մասկացությամբ 2020 թվականի առաջին և վերջին դատական նիստն էր։ Մյուս դատական նիստերը ամենատարբեր պատճառներով հետաձգվեցին։ Գործով դատաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ factor.am-ում․