Տե’ր հայր, քարոզածդ «Աստված» չէ՞, որի տեղն ինքդ էլ չգիտես

Տե'ր հայր, քարոզածդ «Աստված» չէ՞, որի տեղն ինքդ էլ չգիտես
Տե’ր հայր, քարոզածդ «Աստված» չէ՞, որի տեղն ինքդ էլ չգիտես

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորական Սեբեոս քահանա Ղալաչյանը հավատացյալ ժողովրդին հետպատարագյան արարողության ժամանակ ասել է սրտի խոսքը՝ որպեսզի ես բիզնեսով չզբաղվեմ, ինձ թագավորի պես պիտի պահեք: Չի ասել մարդը, բղավել է:

Մեր պապերը կասեին՝ դու էիր մնացել պակաս:

Ոչ Շեքսպիրն ես, ոչ՝ Նարեկացին, որոնք տակնուվրա են անում մեր հոգեկան աշխարհը և Աստծո ու գեղեցիկի նոր անսահմանություն թելադրում: Ընդլայնում առանց այդ էլ անսահմանը: Այ նրանք կարող էին ասել՝ մեզ թագավորի պես պահեք: Կարող էին, բայց չէին ասի: Կարող էին ու չասեցին:

Տեր հայր, քարոզածդ «Աստված» չէ՞, որի տեղն ինքդ էլ չգիտես:

Էս մարդը քայլող «Ջիհադ» է ընդդեմ այն հավատացյալի, որին կյանքի ոչ մի դրվագ դեռ չի համոզել կամ հասկացրել, որ ոչ միայն Աստված չկա, այլև գետինը կմտներ, եթե լիներ: Էս անպատկառությունը նույնիսկ մեր՝ տեղական նշանակության հոգևորականներին էլ չի հերիքել, որոնք անկեղծորեն համոզված են՝ եթե քրիստոնյա չես, հայ չես:

Էս անպատկառության պատճառն այն է, որ մենք չենք վիճարկում իրենց քարոզածի «քառակուսի» բառերը, ուստի կարծում են, թե իրենց ավելին թույլ կտանք:

Ես, իհարկե, վստահ եմ, որ տեր Սեբեոսի ասածը Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը չէ: Ինձ թույլ կտամ կասկածել, որ այդպես է մտածում նույնիսկ հոգևորականների մի մասը, բայց հո տեր Սեբեոսն էդ միջավայրի ծնո՞ւնդ է: Ուրեմն, ինքը ինչ-որ ավելի ուրիշ «Աստծո» տեղ գիտի, քան մեր ընդհանրական եկեղեցին: Եվ էդ «Աստծո» անունից է հոխորտում: Այլապես որպես ի՞նչ պետք է այս խիստ ընկած մարդուն թագավորի պես պահենք:

Մի կողմ եմ թողնում նրա հոխորտանքը ՀՀ իշխանությունների հանդեպ, գուցե ՀՀ քաղաքացին էլ է խոսել նրա մեջ Նիժնի Նովգորոդ քաղաքի հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:

Մի կողմ, որ նա այդ ամենը ասում է Հայաստանը լքած մարդկանց, որոնց դա պիտի չհետաքրքրեր էլ: Բայց նա, զգոն եղեք, հոխորտում է, պարտադրում է, համոզված է, որ թագավորի պես պետք է ապրի «Աստծո» անունից: Այլապես հո բամբ ձայնի համար չպե՞տք է նրան թագավորի կյանքով ապրեցնենք:

Ես համաձայն եմ ընդունել, որ այս մարդը «մոլորյալ գառնուկ» է, թեպետ նա կանչված է հենց «մոլորյալների» հետ լեզու գտնելու համար: Բայց ինչ-որ մեկը պիտի նրան բացատրի Հիսուսով սրբագործված բացատրելին՝ դուք պահանջատեր չեք, ձերը ողորմածությունն է, կտան՝ կվերցնեք, չեն տա՝ ուրեմն այդպես էլ պիտի լինի:

Ի՞նչ է ի վերջո ձեր ասածը, որ չի կարող ասել Սուրբ Գիրքն առանց ձեզ: Եկեղեցի մտած մարդուն ինչո՞ւ եք ծանրաբեռնում նրան չվերաբերող պահանջներով: Ուզում եք բիզնեսո՞վ զբաղվել, գնացեք զբաղվեք, գումա՞ր է պետք, մեկնեք ձեր ձեռքը թեկուզ եկեղեցու մեջ: Դա ավելի ազնիվ է: Նայեք հավատացյալ հոտի աչքերի մեջ և ասեք, որ Աստծո խոսքը չի կերակրում, եթե կարող եք՝ դուք կերակրեք: Ազնիվ լինելու ձեր պարտքը երկնքում չի գրվել: Այդ պարտքը գրվում է ձեր սրտում:

Ձեր մուննաթը ձեզ պահեք: Հնազանդությունը ձեզանից պիտի գար, որովհետև Աստծո խոսքը, տղերք, միայն մեզ համար չէ, ձեզ համար էլ է: Ուրեմն, ի խոսք: Գոնե հանուն այն եկեղեցու, որն այսօր իր լավագույն օրերը չի ապրում:

Մհեր Արշակյան

MediaLab.am