Այսօր միասին ենք հիշում այս ողբերգությունը. Արգենտինայի նախագահի նամակը՝ հայ համայնքին

Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ, Արգենտինայի հայ համայնքին նամակ է ուղղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակում  ասվում է.

«Ինչպես քաջատեղյակ եք, Արգենտինայի Հանրապետությունն ընդունել է թիվ 26.1999 օրենքը, որով յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հռչակվել է «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության օր»՝ ի նշանավորումն այն ցեղասպանության, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը, այն ոգով, որ նրանց հիշատակը դառնա ներկայի քայլերի և մեր ապագայի նպատակների մասին մշտական դաս:Անկասկած, այդ կոտորածները հարատև հետք թողեցին հազարամյա հայ ժողովրդի վրա»:

Նախագահը շեշտել է, որ արգենտինացի ժողովուրդն այդ մասին լավ գիտի, քանի որ հայ համայնքը շատ խորը արմատներ է գցել իրենց երկրում, միասին են մեծացել:

«Գիտեմ, որ ձեզնից շատերը սիրում Արգենտինան, ինչպես նաև իր նախնիների մշակույթը, ավանդույթները և հիշատակը: Այսօր միասին ենք հիշում այդ ողբերգությունը: Այս ցավալի օրը ցանկանում եմ ձեր կողքին լինել այն ըմբռնմամբ, հարգանքով և համերաշխությամբ, որոնցով միշտ եմ արել: Ընդունե՛ք իմ սրտանց և եղբայրական գրկախառնությունը»,-նշել է Ֆերնանդեսը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: