ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նորանշանակ մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հոկտեմբերի 16-ին ազատվել է պաշտոնից՝ նշանակումից մեկ շաբաթ էլ չանցած։ Նրա հեռացմանը նախորդել են մասնագիտական որակավորման վերաբերյալ կասկածները, անհաջող մամուլի ասուլիսը և Չինաստանի մասին արտահայտության շուրջ առաջացած քննադատությունները։
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների, Զաքարիան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Նա աշխատանքի էր անցել հոկտեմբերի 12-ին՝ փոխարինելով Քերոլայն Լևիթին։
Զաքարիայի առաջին մամուլի ասուլիսը տևել էր ընդամենը 14 րոպե, որի ընթացքում նա պատասխանել էր երեք լրագրողի հարցերի։ Քննադատության պատճառ էր դարձել նաև նրա իրավաբանական որակավորումը։ Թեև Զաքարիան ներկայացվել էր որպես իրավաբան, հետագայում խոստովանել էր, որ չի հանձնել փաստաբանական որակավորման քննությունը։ Reuters-ին չէր հաջողվել գտնել ԱՄՆ-ում փաստաբանական գործունեության նրա արտոնագիրը հաստատող փաստաթղթեր։
Զաքարիան քննադատության էր արժանացել նաև Չինաստանի մասին հայտարարության համար։ Հիշելով այդ երկրում ապրելու տարիները՝ նա ասել էր. «Ինչպե՞ս կարող է Չինաստանը լինել հաջորդ առաջատար երկիրը։ Նրանք նույնիսկ նորմալ զուգարաններ չունեն»։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաո Նինը, արձագանքելով հայտարարությանը, Զաքարիային առաջարկել էր ավելի հաճախ այցելել Չինաստան։
Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Զաքարիային խորհուրդ է տվել վերանայել պաշտոնում մնալու որոշումը՝ նշելով, որ Սպիտակ տանը աշխատելը հեշտ չէ։
«Ես նրան ասացի՝ եթե քո տեղը լինեի, նորից կմտածեի։ Մտածիր այդ մասին»,— հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Զաքարիայի պաշտոնավարումը, ըստ Reuters-ի, ամենակարճն է Սպիտակ տան մամուլի քարտուղարների պատմության մեջ։



















