Մայիսի 29-ին ԵԱՏՄ բարձրագույն նիստում քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը, և ռուսական կողմի մինչ այժմ հնչեցրած ուղերձը արդեն բավական հստակ է․ Հայաստանը չի կարող շարունակել օգտվել ԵԱՏՄ շուկայից, ռուսական գազից, նավթամթերքներից, արտահանման հնարավորություններից ու միաժամանակ շարժվել դեպի Եվրամիություն։ Մոսկվայում ասում են՝ եթե Հայաստանը որոշել է գնալ դեպի Եվրամիություն, ապա պետք է որոշում կայացնի հիմա:
Իրավական առումով, սակայն, Հայաստանին ԵԱՏՄ-ից ուղղակի չեն կարող հանել կամ անդամակցությունը սառեցնել, եթե Հայաստանն ինքը չի համաձայնում կամ դուրս գալու պաշտոնական գործընթաց չի սկսում։
ԵԱՏՄ բարձրագույն մարմնի որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, իսկ միակ բացառությունն այն դեպքն է, երբ անդամ պետությունն ինքն է ծանուցում, որ ցանկանում է դադարեցնել անդամակցությունը։ Հայաստանը նման ծանուցում չի տվել, հետևաբար ԵԱՏՄ մյուս անդամները չեն կարող պարզապես որոշել, որ Հայաստանը այլևս լիիրավ անդամ չէ, կամ նրա անդամակցությունը «սառեցվում» է․ դա ընթացակարգով ուղղակի նախատեսված չէ։
Սակայն այսօր Հայաստանի համար վտանգը ոչ միայն ֆորմալ հեռացումը կամ սառեցումն է, այլև այն, որ Ռուսաստանը ցանկության դեպքում կարող է սահմանափակել այն առավելությունները, որոնցից Հայաստանն օգտվում է՝ լինելով ԵԱՏՄ անդամ։
Խոսքը գազի, նավթի, նավթամթերքների, առանձին ապրանքների, տրանսպորտային կապերի, մաքսային ընթացակարգերի, տեխնիկական հավաստագրումների և շուկայի հասանելիության մասին է։ Ռուսաստանը կարող է ստեղծել մի իրավիճակ, որ Հայաստանը անորոշ ժամանակով զրկվի հիմնական տնտեսական օգուտներից։
Եթե Ռուսաստանը իսկապես ցանկանա, ապա գործողությունները իրավաբանորեն կփաթեթավորվեն ԵԱՏՄ գործող կանոնների շրջանակներում, քանի որ այնտեղ կան դրույթներ, որոնք թույլ են տալիս սահմանափակումներ կիրառել՝ առողջապահության, հասարակական կարգի, շրջակա միջավայրի, միջազգային պարտավորությունների, երկրի պաշտպանության կամ անվտանգության հիմքերով։ Նորմալ պայմաններում դրանք բացառիկ դրույթներ են, սակայն այս պայմաններում Ռուսաստանը կարող է դրանք դարձնել իր քաղաքական մահակը։
Ամենազգայուն ոլորտը էներգետիկան է, մասնավորապես, բնական գազի մատակարարումները: Գաղտնիք չէ, որ Հայաստանը այն ստանում է միջազգային գներից էականորեն ցածր գներով, իսկ ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի ամբողջ տնտեսության վրա գազի գնի հնարավոր բարձրացումը՝ կարծես թե կարիք չկա մանրամասնելու: Հատկանշական է, որ գազի, նավթի և նավթամթերքի շուկաները ԵԱՏՄ-ում նույնիսկ ամբողջությամբ միասնական չեն և մասամբ կախված են երկկողմ պայմանագրերից, մատակարարման պայմաններից, ենթակառուցվածքներից և ռուսական կողմի որոշումներից։
Սա նշանակում է, որ Մոսկվային պարտադիր չէ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության դեմ ուղիղ իրավական որոշում կայացնել, բավարար է ընդունել քաղաքական հայտարարություններ, այնուհետև պարզապես վերանայել կամ ժամանակավորապես սահմանափակել որոշ էներգետիկ մատակարարումներ, միգրանտների իրավունքներ, արտահանման թույլտվություններ և այլն։
Բնականաբար, Հայաստանը կարող է հայտարարել, որ դրանք խտրական են, քաղաքական են և հակասում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայի տրամաբանությանը, բայց եթե նման սահմանափակումների մասին հայտարարվի մայիսի 29-ին՝ վերջինիս ազդեցությունը հունիսի 7-ի ընտրություններում կարող է բավական զգալի լինել։
Իշխանությունը հասկանում է, որ ԵԱՏՄ կամ երկկողմ որևէ շոշափելի սահմանափակում կարող է ուղիղ հարվածել ընտրություններին հայաստանյան ընտրողների տրամադրությունների վրա, մասնավորապես, Ռուսաստանի հետ այս կամ այն կերպ տնտեսական հարաբերություններ ունեցող անհատների և բիզնեսների մոտ, և սա է պատճառը, որ Փաշինյանի երեկվա քարոզարշավը ավելի ռուսամետ էր, քան բոլոր «ռուսամետ» ընդդիմադիր ուժերինը միասին վերցրած:
Փաշինյանը շռայլ դիֆերամբներ ձոնեց Ռուսաստանին՝ այն անվանելով գերտերություն, հայտարարեց, որ Հայաստանը երբեք ոչինչ չի արել և չի անի Ռուսաստանի շահերին վնասելու համար, իսկ Պուտինի հետ իր հարաբերությունները բնորոշեց որպես ընկերական։
Հայաստանի վարչապետը չմոռացավ նշել, որ ութ տարվա ընթացքում Պուտինի հետ ավելի քան 200 հեռախոսազրույց է ունեցել, և դժվար թե Ռուսաստանի նախագահը որևէ այլ առաջնորդի հետ այդքան շատ շփումներ ունեցած լինի։
Փաշինյանի վերջին հայտարարությունները շատ խիստ հակասության մեջ են իշխող ուժի ամիսներ շարունակ աղաղակվող հայտարարությունների հետ, թե Փաշինյանը Հայաստանը փրկեց «գուբեռնիացումից», վերջնականապես անկախացրեց, թոկը հանեց Հայաստանի վզից և դուրս բերեց ռուսական կախվածությունից:
ՔՊ-ի տրամադրությունը երևի այն է, որ Հայաստանի դեմ պայքարում են ինչ-որ անանուն «ռուսական շրջանակներ», օրինակ՝ Զատուլինը կամ Մարգարիտա Սիմոնյանը, որոնք փորձում են խլել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, չնայած դրան, Պուտինը Փաշինյանի լավ ընկերն է, Միշուստինը՝ ջերմ գործընկերը, իսկ Ռուսաստանն էլ հարգանքի արժանի գերտերություն: Թերևս ՔՊ-ն էլ կարծում է, որ Ռուսաստանում Царь хороший, бояре плохие, ու Պուտինը ուղղակի չգիտի Հայաստանի շուրջ հյուսվող այս դավադրությունների մասին:
Հարմար բանաձև է, ինչ խոսք, մանավանդ եթե Ռուսաստանը բավականաչափ նրբանկատ գտնվի ու ինչ-որ արտահոսքեր չկազմակերպի փակ հանդիպումներից, ինչպես ակնարկեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոսկովյան այցի հետ կապված:
Ամեն դեպքում ամրագրենք, որ իսկապես, ինչպես նշեց Փաշինյանը, Հայաստանի գործող իշխանությունը մինչ այժմ չի կատարել ոչ մի իրապես հակառուսական քայլ, դե իսկ հակառուսական խոսքերը, հակառուսական ելույթները, գուբեռնիացումը, վզի թոկը, նիժնի տապըռը … դրանք ռուսները կարող են անտեսել, քանի դեռ իրենց շահերին ոչ մեկ չի կպչում, իսկ Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման փոխանցման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները կամաց-կամաց մարեցին Փաշինյանի մոսկովյան այցից հետո:
Հ.Գ. Երեկվա իշխանական ռուսական ջան-ջիգյարությանը այսօր ավելացան նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի այցը Սանկտ Պետերբուրգ և սոցիալական ցանցերում տեղադրված սթորիները՝ «Աշխարհի լավագույն քաղաքի» մասին երգով:
Մարի Ներսեսյան
MediaLab.am



















