«Կարենս ոտքից վիրավորվել ա, բայց մինչև վերջին շունչը կռվել ա դիվերսանտների դեմ»․ «Մարտական խաչ»՝ հետմահու

43-ամյա Կարինե Գասպարյանը հուզմունքով և հպարտությամբ է պատմում պատերազմի ժամանակ որդու սխրանքների մասին։ Կարինեն ասում է՝ տղայի զինակից ընկերները պատմել են խիզախ ու անվախ որդու մարտական գործողությունների մասին, այսօր այդ պատմություններով է ապրում, հաճախ հպարտությամբ լցվում, բայց և միաժամանակ ցավ ապրում, որ որդին՝ 19-ամյա Կարեն Գասպարյանը, այլևս ողջ չէ։

«Տղաներն էկել էին մեր տուն, պատմեցին որ հոկտեմբերի 2-ին Կարենս վիրավոր ա էղել, շտապօգնության մեքենան մոտեցել ա, որ բուժկետ տեղափոխեն, ինչ արել են՝ չի գնացել, ասել ա՝ եթե ամեն մեկս սենց քերծվածքի համար գնանք, մեր սահմանն ո՞վ ա պահելու։ Իրա ոտքերը վիրակապել են, ոտքերը ցավելով՝ մինչև վերջին շունչը կռվել ա։

Տղաներն ասում են՝ Կարենը շատ ուժեղ տղա էր, դուք ծնողներն եք, բայց չեք իմացել, թե ինչ անվախ, ուժեղ տղա եք ունեցել, առյուծի ոգի։ Ե՛վ խելքով էր ուժեղ, և՛ ֆիզիկապես, խելացի մարտեր է վարել»,- ասում է մայրը։

Կարեն Գասպարյանը Հադրութում 9 ամսվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Առաջին օրից եղել է առաջնագծում, մարտնչել հակառակորդի դեմ։ Հոկտեմբերի 3-ին, 4-ին, 5-ին Հադրութում մասնակցել է թեժ մարտերի։ 

«Այդ օրերին 200 դիվերսանտ են լցվել Հադրութ։ Սպաներից մեկը պատմում էր, որ Կարենին և մյուս տղաներին թույլ չեն տվել, որ մասնակցեն մարտերին։ Ասել են՝ Կարեն ջան, մենք քեզ տալիս ենք հրամանատար, որ մնաս, տղաներին տիրություն անես, իրենք մեծերով պիտի գնային, որովհետև գիտեին, որ նենց տեղ են գնում, շատ հնարավոր էր, որ հետ չգային։ Բայց Կարենը էրեխեքին ասել ա՝ դուք մնացեք, ես պիտի գնամ, ես տարածքին ծանոթ եմ։ 

Բաց դաշտում մարտեր են մղել։ Պատմում են, որ Կարենի խփած թուրքերին հաշիվ չկար, ինքը հաճույք էր ստանում խփելուց։ Բոլորին ինքն ա դուխ տվել»,- պատմում է Կարինեն ու նշում, որ մի դիրքից օգնություն են կանչել, տղան օգնության հասնելիս դիպուկահարի գնդակից զոհվել է։

Կարինեն հիշում է, որ որդուց 3 օր լուր չեն ունեցել, գյուղում՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում, արդեն շատերն են իմացել, որ Կարենը զոհվել է, սակայն որևէ մեկը չի համարձակվել ընտանիքին հայտնել։

Կարինեի խոսքով՝ որդին գյուղի սիրելի տղաներից էր ու առաջին զոհն էր, բոլորը շոկ են տարել։

«Հոկտեմբերի 5-ն էր, տեսնեմ՝ տղայիս նշանածը իրա պապայի հետ մեր տուն ա գալիս, վազեցի իրանց դեմ, ասեցի՝ ի՞նչ ա էղել… հայրը հազիվ բերում էր աղջկան, պարզվեց՝ աղջիկը տղայիս անուն, ազգանունն էր կարդացել ցուցակում: Ես գոռացի, ասեցի՝ զուգադիպություն է, հնարավոր չի, լացելով ասեց՝ սաղ բռնում ա՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, ու մենք 3 օր լուր չունենք Կարենից»,- կսկիծով հիշում է Կարինեն ու ասում, որ չէին կարողանում հավատալ, քանի որ վստահ էին՝ Կարենն ուժեղ էր և խելացի, իր հետ նման բան չէր կատարվի։

«Վերջին անգամ հետս խոսելիս ասեց՝ չվախենաք, ջարդում ենք, փշրում ենք… Դուխը՝ տեղը, նենց լավ տրամադրության մեջ էր, որ չէինք պատկերացնում՝ ընտեղ ինչ էր կատարվում։ Էդ օրը նշանածի հետ խոսելիս էլ պատմել է իր երազի մասին, ասել է՝ երազիս մեր հարսանիքն էր։ Էրեխուս երազանքները մնացին…»- ասում է ու հուզվում մայրը։

Հոկտեմբերի 5-ից, Կարինեի խոսքով՝ իրենց կյանքը դժոխքի է վերածվել։

Կարինեն ասում է՝ որդին փոքր հասակից սիրել է զենքը, կռիվը, իր ձեռքով անգամ զենք է պատրաստել, կարդում էր Ռոբերտ Աբաջյանի կենսագրությունը ու հպարտությամբ լցվում, հիանում, ասում էր. «Մա՛մ ջան, տղեն սենց պիտի լինի։ Մարտի դաշտում էլ տղաներին ասել էր՝ վերջին գրանատը ձեր համար պահեք, չվախենաք սրանցից, մի քանիսին էլ ձեր հետ կտանեք»։

Կարինեն ասում է՝ որդին որոշել էր բանակից գալ, ամուսնանալ, տուն-տեղ կազմել, որոշել էր մասնագիտանալ մեքենաների վերանորոգման մեջ։ Մոր խոսքով՝ որդին ոսկե ձեռքեր ուներ, ամեն ինչ կարողանում էր պատրաստել։ 

«Ինքը սիրում էր, որ ինչ տեսներ՝ սարքեր, զենքի կառուցվածքը նայեր՝ կսարքեր, հուշանվերներ էր սարքում, Նոր տարվա համար դռներին փակցվող տոնական զարդարանքներ սարքում ու ծախում էր, բիզնես էր անում, ամեն ինչից խելքը հասնում էր, ասում էր՝ մա՛մ ջան, սրա էղածն ինչ ա, որ չսարքեմ»,- պատմում է Կարինեն։

Մայրն ասում է՝ շատ է կարոտել որդուն, հիշում է հատկապես վերջին տարիներին անցկացրած ժամանակները, երբ ավելի էին կապվել ու մտերմացել։

Կարինեն որդու՝ Կարենի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

«Մեծ տղաս բանակ էր, ամուսինս՝ խոպան, մենք շատ էինք կապվել, ուր գնացել եմ՝ իրա հետ եմ գնացել, ասում էի՝ խանութ գնա, ասում էր՝ մա՛մ ջան, արի իրար հետ գնանք։ Ինքն էլ սիրում էր խոսել, պատմում էր, ուրիշ ձևի էր։ Ամբողջ օրը հիշում եմ, երանի տալիս էդ օրերին։ 

Հիմա կարոտած տառապում ենք, որ ինձ մնա, իմ տղի տնից՝ գերեզմանից, ես տուն չեմ գա»,- ասում է ու կրկին հուզվում որդեկորույս մայրը։

Կարեն Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am