«Դու պառկած ես չուչելի պես, մի հատ դժոխք էր». Արթուր Պապիկյանը Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու մասին

Աշխատելու նպատակով Ռուսաստանում բնակվող 49-ամյա Արթուր Պապիկյանը, թեպետ հավատում էր կորոնավիրուսի գոյությանը, սակայն շատերի պես չէր պատկերացնում, որ մի օր ինքն էլ պիտի պայքարի աներևույթ թվացող, սակայն շատ ծանր վարակի դեմ: Ասում է, որ թեև որևէ քրոնիկական հիվանդություն չունի, սակայն ծայրահեղ ծանր պայքար է մղել կորոնավիրուսի դեմ՝ մի կերպ ապաքինվելով: Մի բառով իրավիճակը նկարագրում է՝ դժոխք էր:

Արթուր Պապիկյանը ենթադրում է, որ հավանաբար վարակվել էր փողոցում: 

«Դուրս էի եկել, երևի դրսում էլ վարակվեցի, երևի ձեռք տվեցի մի բանի: Հետ գալուց զգացի, որ մի բան էն չի, մրսածություն զգացի, լիքը բան էի գցել վրաս, բայց ոնց որ սառույցի մեջ լինեի, ահավոր դող էր ընկել մեջս։ Ու էդպես սկսվեց: Տաքությունս չէր անցնում, մտածում էի՝ հեսա թեյ խմեմ, կանցնի, մուրաբա կուտեմ, կանցնի, բայց չէ, ավելի էի վատանում»,- պատմում է նա։

Հետզհետե գիտակցելով, որ տնային պայմաններով չի կարողանում պայքարել «մրսածության» դեմ, Պապիկյանը շտապօգնություն է զանգում, սակայն քանի որ Ռուսաստանում հիվանդների թիվը շատ մեծ է, մի կերպ է հաջողվում կապ հաստատել: 

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի տարածվածությունը՝ ստորեւ

Տուն այցելած բժիշկը թոքաբորբի նշաններ չի հայտնաբերում, դեղեր է դուրս գրում, նշանակումներ կատարում: Սակայն Արթուրի վիճակը գնալով ոչ թե լավանում, այլ ավելի ծանր ընթացք է ստանում:

«Գնալով բարդանում էր, տաքությունս բարձրանում էր: Ես սպասում էի՝ շտապօգնությունը գա, ինձ տանի, որ բուժեն։ Զանգում էի, ժամերով չէին պատասխանում, չեն հասցնում, հիվանդներ շատ կան: Օր օրի վատանում էի, թուլանում: Ահավոր էր, մի ուրիշ ձևի, ոնց որ մեջիցդ քայքայի: Որոշեցի՝ էլ չեմ կարող սպասել, լավ տաք հագնվեցի, գնացի պոլիկլինիկա: Պոլիկլինիկայում տեսան, որ լավ չեմ, արդեն թոքաբորբ է սկսվել, իրենք շտապ կանչեցին ու տարան հիվանդանոց։ Թեստ վերցրեցին։ Բայց վախենում էի, որ տուն կուղարկեն, ուրախացա, որ ասեցին՝ գնում ենք պալատ պառկես, ուրախացա, որ տիրություն կանեն»,- նշում է նա:

Հիվանդանոցում առաջին օրերին շատ վատ է զգացել, անգամ դժվարացել է քայլել. «Ես ընդհանրապես չէի կարողանում քայլել, կանգնում էի՝ աչքերիս դիմաց սևանում էր, գլխապտույտ էր լինում: Ես էսքան ժամանակ հիվանդացել էի, բայց սա մի ուրիշ բան էր, ոնց որ սատանան մտնի մեջդ ու քեզ տիրապետի, ոնց որ ոչինչ չկարողանաս անես, ոնց որ ինքը քեզ ղեկավարի: Անհասկանալի է էս հիվանդությունը, տաքությունդ մեկ իջնում է 36, մեկ հաջորդ օրը բարձրանում է 38, անգամ բժիշկները մինչև հիմա դրա պատասխանը չեն կարողանում գտնեն»,- պատմում է Արթուր Պապիկյանը։ 

Հիվանդանոցում անցկացրած և հիվանդության առաջին օրերի մասին վերհիշելիս Արթուրը շարունակ օգտագործում է «դժոխային» ձևակերպումը: 

«Դու պառկած ես չուչելի պես, մի հատ դժոխք էր: 5 օր բան չէի կարողանում ուտել, ամեն ինչ բերում էին, ինչ ուտում էի՝ սրտխառնոց ունեի, բերանս չորանում էր, լեզվիս ծայրը չորանում էր, աչքերս փակում էի՝ հիշում էի Երևանի Երրորդ մասի ցայտաղբյուրը, ուզում էի խմեի, էդ երազանքով ապրում էի»։

Ասում է, որ հազ և շնչարգելություն չի ունեցել, միայն անտանելի թուլություն: Օտար երկրում մենակության մեջ փորձել է հաղթահարել հիվանդությունը բժիշկների ջանքերի ու լավատեսության շնորհիվ:

«Հերոս են բժիշկները, պայքարում էին, որ էդ դժոխքից հանեին, ամեն ինչ ջիգյարով անում էին։ Ես չէի սպասում։ Կապ չունի՝ ինչ ազգից ես, փրկեցին ինձ: Ամբողջ օրը այդ հագուստների մեջ, ակնոցը դրած, մտածում էի՝ ո՛նց են դիմանում»:

Ասում է, որ անկախ բժիշկների ցուցաբերած հոգատար և ուշադիր վերաբերմունքից, երազում էր այդ ժամանակ Հայաստանում լինելու մասին:

«Զանգում էին բարեկամներս, հարազատներս, ընկերներս, ասում էին՝ վատի մասին մի մտածի, հեռախոսով ուրախ բաներ էի նայում, միացրել էի Վարդան Պետրոսյանի վիդեոները, ուրախ կինո էի նայում, գրել էի Երևանի ջուր, ու երազում էի, երբ պիտի գայի Հայաստան, էնպիսի բաներ էի ուզում, ոնց որ երեխա դարձած լինեի»,- պատմում է Արթուրը։

Ասում է, որ սնունդն օգտագործելիս այն, ինչ աղի էր, ավելի աղի էր թվում, այն, ինչ քաղցր էր՝ շատ քաղցր, որ անգամ չէր կարողանում ուտել: 

Շուրջ 7 օր հիվանդանոցում բուժում ստանալուց և ջերմությունն իջնելուց դուրս է գրվում՝ տնային ռեժիմում շարունակելով բուժումը:

«Մի օր արթնացա, զգացի՝ լավ եմ զգում, պատուհանից մաքուր օդ է գալիս։ Ասում եմ՝ էս ինչ լավ օդ է՝ կարոտել էի, կյանքը նոր գնահատեցի։ Ասում էի՝ Աստված ջան, ինչ լավ է, որ ես զարթնել եմ, շնչում եմ: Ջերմություն չունեի, արդեն դուրս գրվեցի: Հիվանդներ շատ կան, չեն հասցնում, հիվանդանոցում մեկը մի քիչ լավանում էր, տուն էին ուղարկում»,- պատմում է Արթուրը։

Ասում է, որ այժմ լավ է զգում, չնայած որոշակի թուլություն ունենում է և որևէ բան անելիս արագ հոգնում:

Հիվանդության բարդություններն անձամբ զգալուց և հիվանդանոցում այլ վարակակիրներին տեսնելուց հետո հիվանդությանը չհավատողներին հորդորում է զգույշ լինել, որպեսզի չհայտնվեն այն վիճակում, ինչում ինքն է եղել.

«Պետք է թշնամուն ընդունել, եթե կա հիվանդությունը՝ ուրեմն կա, դա սուտ չի: Կարող է՝ ես անցած չլինեի, ես էլ էդ մտքին լինեի, էնքան մարդ գիտեմ, իմ աչքով եմ տեսել, Աստված չանի էդ ասողն ընկնի դրա մեջ։ Սուտ համարողները չեն հարգում բժիշկների աշխատանքը»,- ընդգծում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am