Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլ լուծում չունի, քան խաղաղ կարգավորումն է. Զախարովա

Հեղինակ MediaLab

Ռուսաստանի Դաշնությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված ռազմական գործողությունների առաջին րոպեներից հետևում է իրադարձություններին և մշտական կապի մեջ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր պետությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանն առաջին րոպեներից աշխատանքներ է տանում, բոլոր կողմերի հետ կապի մեջ է, այդ թվում այն երկրների, որոնք այսպես կամ այնպես ներգրավված են: Ամեն ինչ արվում է, որպեսզի օգնենք երկրներին` կարգավորել այս հակամարտություն և վերադառնալ խաղաղ բանակցություններին»,- ասել է Զախարովան:

ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ խնդիրը չունի այլ լուծում, բացի խաղաղ կարգավորումից:

«Պատերազմում են երիտասարդները և, ցավոք, զոհվում են նրանք, ովքեր դեռ չեն էլ սկսել ապրել: Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին: Եթե ինձ կախարդական փայտիկ տային և հարցնեին, թե ինչ կցանկանայիր, ես կասեի, որ ցանկանում եմ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Սա իմ անկեղծ ցանկությունն է»,- նշել է Մարիա Զախարովան:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի:

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 151 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 10 զրահափոխադրիչ: