Վարդան Ղուկասյանը մինչեւ վերջին րոպեն ակնկալիքներ ունե՞ր.Գյումրիում ավարտվել են ՏԻՄ առաջադրումները

Վարդան Ղուկասյանը մինչեւ վերջին րոպեն ակնկալիքներ ունե՞ր.Գյումրիում ավարտվել են ՏԻՄ առաջադրումները
Վարդան Ղուկասյանը մինչեւ վերջին րոպեն ակնկալիքներ ունե՞ր.Գյումրիում ավարտվել են ՏԻՄ առաջադրումները

Քիչ առաջ Գյումրիում ավարտվել են ՏԻՄ թեկնածուների առաջադրումները: Ըստ առաջադրումների, Գյումրու քաղաքապետի աթոռի համար կպայքարի 5, իսկ ավագանու անդամության 21 տեղերի համար` 72 հոգի:
Թեեւ մինչեւ վերջին րոպեն շատերը սպասում էին, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով տարիներ շարունակ Գյումրու քաղաքապետն էր, կառաջադրի իր թեկնածությունը, այնուամենայնիվ նա չի առաջադրվել:
«Դատելով այն հանգամանքից, որ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մինչեւ վերջին րոպեն չառաջադրվեց ու մինչեւ վերջին րոպեն չհայտարարեց չառաջադրվելու մասին, երեւի մինչեւ վերջ ակնկալիքներ ուներ, թե որեւէ ճանապարհ կբացվի իր առաջադրման: Սակայն երեւի հասկանալի եղավ իրեն եւ իր մերձավորներին, որ Բալասանյանին ՀՀԿ-ական մի քանի աջակցական հայտարարություններից հետո իր առաջադրումը ընկալվելու եւ մեկնաբանվելու է որպես Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ դեմ առաջադրում` խռովություն, դրանից բխած բոլոր հետեւանքներով»,-այս կապակցությամբ գրում http://www.asparez.am -ը:

Դրա փոխարեն ավագանու անդամություն թեկնածություն են առաջադրել գործող քաղաքապետի մերձավորներից մոտ 20 հոգի, այդ թվում գործող ավագանու անդամներից շատերը: Բացի այդ թեկնածություններ են առաջադրել Ս.Բալասանյանի մերձավոր շրջապատից մոտ 20 հոգի, ՀՀԿ-ամերձ շրջանակներից մոտ 10 հոգի` մանկավարժ-դասախոս, մի քանի անհատ թեկնածուներ, եւ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունից 7 հոգի»:

Հիշեցնենք, որ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը ընտրություններին պայքարի դաշտ է մտել ինչպես իրենք են նշել` «արմատական բարեփոխումների և որակյալ տեղական իշխանություն» ձևավորելու նպատակով:

«Մեր վարկանիշը բարձր է: Հաստատ մրցունակ ենք, բայց իրենք (իշխանությունները)տիրապետում են ահռելի վարչական ռեսուրսի, հանձնաժողովները իրենց ձեռքում են, ընտրակաշառքներ, ֆինանսներ, գազելներ, մեքենաներ, որոնցով մարդկանց պետք է տեղափոխեն ընտրատեղամասեր»,- «Մեդիալաբին» ասել է նախաձեռնության հեղինակներից Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը,-Այդուհանդերձ, մեր շանսերը լավ ենք գնահատում»:

© Medialab.am