ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է ռուսական նավթի ներմուծումն ԱՄՆ-ը արգելող օրինագիծ

Փաստաթղթին աջակցել են երկու կուսակցությունների ներկայացուցիչները, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Ներկայացուցիչների պալատի և Սենատի օրենսդիրների երկկուսակցական խումբը օրինագիծ է ներկայացրել՝ արգելելու ռուսական նավթի, նավթամթերքի, հեղուկ բնական գազի և ածուխի ներմուծումն ԱՄՆ։

Այս քայլը նպատակ ունի կտրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եկամտի կարևոր աղբյուրը Ուկրաինա ներխուժելու որոշումից հետո:

Հանրապետական սենատոր Լիզա Մուրկովսկին, ով իր գործընկեր դեմոկրատ Ջո Մանչինի հետ ներկայացրել է Էներգիայի ներմուծման արգելքի մասին օրնագիծը, ասել է, որ այն տարբերվում է վերջին օրերին ներկայացված շատերից նրանով, որ այն ունի կողմնակիցներ երկու կուսակցություններում և Կոնգրեսի երկու պալատներում:

«Դա նշանակում է, որ նա ապագա ունի», – ասում է Սենատի էներգետիկայի և բնական պաշարների հանձնաժողովի բարձարստիճան հանրապետական սենատոր Մուրկովսկին: Մանչինը այս կոմիտեի ղեկավարն է։

«Մենք այլևս դոլար չենք ուղարկի Ռուսաստան՝ օգնելու նրանց սպանել անմեղ մարդկանց», – ասել է Մուրկովսկին մամլո ասուլիսին։ «Այս օրինագիծը դա կանի».

Օրինագիծը պահանջում է արտակարգ դրություն հայտարարել, քանի որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը վտանգ է ներկայացնում ԱՄՆ անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար:

Այս ընթացքում օրինագիծը նախագահից պահանջում է արգելել ռուսական նավթի, նավթամթերքի, հեղուկ բնական գազի և ածուխի ներկրումը։

Ենթադրվում է, որ բացառություն կարվի այն ապրանքատեսակների համար, որոնք օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն տարանցման մեջ են կամ բեռնվում են։

«Պուտինը էներգիան վերածել է զենքի», – ասել է օրինագծի համահեղինակներից մեկը՝ դեմոկրատ սենատոր Ջոն Թեսթերը։ – Չեմ կարծում, որ մեր երկիրը պետք է ինչ-որ բան ներմուծի Ռուսաստանից»:

Օրինագծի մեկ այլ համահեղինակ, հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն ասել է, որ եթե այլ երկրներ նույնպես արգելեն ռուսական նավթի ներկրումը, դա կործանարար հարված կլինի Պուտինին։

«Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում աշխարհը կհետևի մեր օրինակին», – ասաց Գրեհեմը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ կողմ է ռուսական նավթի ներկրման արգելքին։

Լրագրողների հարցերին, թե ինչ հետևանքներ կունենա բենզինի գների բարձրացումը ամերիկացի սպառողների համար, Մանչինը նշել է, որ հաճույքով 10 ցենտ ավել կվճարի մեկ գալոնի համար՝ ուկրաինացիներին օգնելու նպատակով:

«Սա պատերազմ է», – ասաց նա։