Բոլոր պայմանները նպաստում են նրան, որ այս տարի գյուղոլորտի ջրային ռեսուրսների պակաս չլինի. Լևոն Ազիզյան

Վերջին 40 տարիների ընթացքում Հայաստանում մարտ ամսին այսպիսի ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Տեղումների քանակն այսօրվա դրությամբ, բացառությամբ Արարատյան դաշտի, հանրապետության մեծ մասում կազմել է նորմայի 150-200, առանձին շրջաններում՝ 210-230%-ը: Վերջին երեք օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության առանձին շրջաններում դիտվել է ռեկորդային քանակությամբ ձյուն։ Մասնավորապես, Տավուշի, Լոռու, Սյունիքի առանձին հատվածներում 3 օրվա ընթացքում ձյան ծածկն ավելացել է 60-70 սմ-ով, իսկ առանձին բնակավայրերում հասել է 100 սմ-ի և ավելիի։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանն այս առատ տեղումները շատ անհրաժեշտ ու արդյունավետ է համարում՝ բավական չոր ու բարձր ջերմային ֆոնով նախաձմեռային ու ձմեռային ժամանակահատվածից հետո:

«Մինչև մարտի առաջին տասնօրյակը հանրապետությունում ձնածածկույթը նորմայից բավական ցածր էր, բարեբախտաբար, մարտի երկրորդ տասնօրյակից սկսած անընդհատ տեղումներ են լինում ձյան տեսքով, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում ջրային ռեսուրսների ձևավորման համար»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Ազիզյանը:

Նրա խոսքով՝ ձնակուտակումն իր ազդեցությունը կթողնի ջրամբարների ջրալցվածության վրա: Ազիզյանը կարևոր է համարում այն, որ այս ջերմային ֆոնով պայմանավորված՝ վեգետացիոն գործընթացը գրեթե դադարել է, ինչը նպաստավոր է գյուղատնտեսության համար այն առումով, որ ցրտահարության վտանգներն են նվազում:

«Հայաստանի պատմության մեջ եղել են ավելի ցուրտ մարտ ամիսներ. Հայաստանի օդերևութաբանական պատմության մեջ ամենացուրտ մարտը եղել է 85 թվականին, բայց նման առատ տեղումներ չեն եղել»,- ասում է Լևոն Ազիզյանը:

Ջրային ռեսուրսների մասով դեռևս բացասական ցուցանիշ կա՝ անցյալ տարվա հետ համեմատած, անցյալ տարի ջրամբարներում կուտակված ջուրն ավելի շատ էր, ինչը, ըստ մասնագետի, պայմանավորված էր նրանով, որ անցյալ տարվա մարտին արդեն որոշակի ձնհալ կար, իսկ այս տարի դեռևս ձնակուտակում է տեղի ունենում:

«Ապրիլի կեսերից արդեն դրական տենդենց կլինի, և ջրամբարներում կուտակված ջրի համեմատականն այս տարի ավելի շատ կլինի: Ջրամբարների տեխնիկական վիճակի մասով մեկնաբանություններ չեմ կարող տալ, որովհետև դա մեր գործառույթը չէ, բայց հինգ խոշոր ջրամբարների դիտարկմամբ՝ նախնական կանխատեսմամբ կարող եմ ասել, որ Ազատի և Մարմարիկի ջրամբարներում կանխատեսում ենք 100% լցվածություն, ինչն անցյալ տարի չի եղել, Ախուրյանի և Ապարանի ջրամբարներում՝ 70-75%, իսկ Արփի լճի ջրամբարում՝ 80% լցվածություն»,- ասում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը:

Լևոն Ազիզյանի խոսքով՝ բոլոր պայմանները նպաստում են նրան, որ այս տարի գյուղոլորտի ջրային ռեսուրսների պակաս չլինի, բայց ընդգծում է, որ եղել են տարիներ, որ ձմռան ամիսներին բավական ձյուն է կուտակվել, բայց ձնհալը տեղի է ունեցել աստիճանաբար՝ ներծծվելով, ինչը հոսք չի առաջացրել:

«Ձյան պաշարը դեռևս բավարար պայման չէ, որ ոռոգման ջրի խնդիր չունենանք, ձնհալը պետք է ուղեկցվի անձրևներով, որպեսզի հալքի ինտենսիվությունն ուժեղանա: Նախնական գնահատականներով՝ ապրիլ ամսվա համար էլ տեղումները կանխատեսվում են նորմային մոտ էական շեղումներով, և եթե այդ կանխատեսումներն արդարանան, այո՛, ոռոգման ջրի պակաս չի առաջանա»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Ազիզյանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am