Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

Բեռլինում հուլիսի 7-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորել են բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացումը, անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական համակարգի բարեփոխումներին, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի, գիտության և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև՝ զարգացման քաղաքականության և հումանիտար ոլորտներում առկա ընթացիկ ծրագրերին։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների:

Բեռլին այցի շրջանակներում նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի դաշնային նախագահի գրասենյակի միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն Վոլֆգանգ Զիլբերմաննի և Գերմանիայի դաշնային կանցլերի գրասենյակի արտաքին և անվտանգության քաղաքականության վարչության պետի տեղակալ Քրիստիան Աուլբախի հետ։