«Մեծ Բրիտանիան միշտ ավելի անկեղծ ու անկաշկանդ գնահատականներ է արտահայտել». վերլուծաբանը Լիչի խոսքերը «ոչ կոռեկտ» չի համարում

«Մեծ Բրիտանիան միշտ ավելի անկեղծ ու անկաշկանդ գնահատականներ է արտահայտել». վերլուծաբանը Լիչի խոսքերը «ոչ կոռեկտ» չի համարում
«Մեծ Բրիտանիան միշտ ավելի անկեղծ ու անկաշկանդ գնահատականներ է արտահայտել». վերլուծաբանը Լիչի խոսքերը «ոչ կոռեկտ» չի համարում

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի գնահատականը գալիք նախագահական ընտրությունների մասին քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, ի տարբերություն ՀՀ արտգործնախարարի` «ոչ կոռեկտ» որակմանը, այդպիսին չի համարում:
«Հայաստանում վերջին տարիներին միշտ մատնանշվել է, որ ընտրական գործընթացների հետ կապված բավական լուրջ պրոբլեմներ են եղել: Իսկ Մեծ Բրիտանիան միշտ ավելի անկեղծ ու անկաշկանդ գնահատականներ է արտահայտել, համեմատած, օրինակ՝ ԱՄՆ-ի դեսպանատան, որը միշտ ավելի զուսպ է»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:
Վերլուծաբանը նշում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատան գնահատականը արտահայտում է բոլոր արևմտյան երկրների գնահատականը:

«Հայաստանի նման երկրներում բոլոր արևմտյան երկրները միշտ կոնսոլիդացված գնահատական են տալիս: Ինչ վերաբերում է դեսպանի խոսքին` ուղղված նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունը չառաջադրած մյուս երեք կուսակցություններին, ապա սա խոսում է այն մասին, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատան ուսումնասիրությունները Հայաստանում ոչ խորքային բնույթ ունեն, մակերեսային են»,- ասում է Բոզոյանը:

Նշենք, որ հունվարի 22-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն իր բլոգում անդրադարձել էր փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրություններին:

Նա իր մտահոգությունն է հայտնել, որ «խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում»:

«Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը, կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում: Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը»,- ասել էր դեսպանը:

Նա նշել է, որ տասնամյակների ընթացքում «կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո» Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու «սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը»:

«Արդյո՞ք սա տեղի կունենա,- ասել է Լիչը՝ անդրադառնալով նաև ընտրողների ցուցակներին,- …բայց այն փաստը, որ 1991-ից ի վեր ցուցակը շարունակում է մեծանալ, երբ մարդկանց ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ երկրի բնակչության քանակը նվազում է, հասարակ ընտրողի համար անհանգստության պատճառ է հանդիսանում»:

Մեծ Բրիտանիայի դեսպանի գնահատականին այսօր անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և նշել, որ «դեսպանի մակարդակով ինչ-որ գնահատականներ տալը և կանխատեսումներ անելը այդքան էլ կոռեկտ չէ»:

«Մեծ Բրիտանիայի դեսպանը, կարծեմ, ինքը տվեց իր մեկնաբանությունը այն արձագանքին, որը հնչել է մամուլում և մեր հանրային կարծիքի կողմից։ Կարծում եմ` շատ արձագանքներ միանգամայն տեղին էին: Ընտրություններից առաջ դեսպանի մակարդակով ինչ-որ գնահատականներ տալը և կանխատեսումներ անելը, չեմ կարծում, այդքան կոռեկտ է: Եթե դեսպանը որոշում է այդպիսի բաներ ասել, ուրեմն` պետք է մտածի, թե ինչպիսի´ արձագանքներ կարող են լինել հանրային կարծիքում, և ինչպիսի տրամադրություններ կարող են լինել դրա վերաբերյալ»,- ասել է նախարարը:

Վերլուծաբան Բոզոյանը հասկանալի է համարում նաև արտգործնախարարի նման արձագանքը:

«Քանի որ իշխանությունները շարունակ նշում են, թե նախորդ խորհրդարանական ընտրությունները բավական լավ են անցկացրել՝ ստանալով եվրոպացի դիտորդներից ձևական լավ գնահատական, և ահա հիմա Անգլիայի դեսպանը անսպասելի այլ գնահատական է տալիս»,- հավելում է Բոզոյանը:

© Medialab.am