«Եթե մի քանի քաղաքացի իր զայրույթն արտահայտելու համար ձվերով խփել է, ասում եմ` ճիշտ են արել». դաշնակցական Իշխան Սաղաթելյան

«Ազատություն» ռադիոկայանի եթերում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվել էր` «զղջո՞ւմ է անձամբ իր ու իր գործընկերների բառամթերքի ու վարքագծի համար` ձու շպրտել պատմամշակութային շենքի վրա, մարդ ծեծել, ողբի օրերին երաժշտություն քոքել հրապարակում, սպանելու կոչեր անել, անպատվել մարդկանց, և թեկնածուի բառամթերքն ընդունելի՞ է»:

«Սպանության կոչեր, վրեժխնդրության արեց Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե մենք, ու արել է ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ, կոնկրետ իր հարբած լայվերից մեկի ժամանակ, երբ որ ասում էր` սահմանից հրավիրում եմ զինվորներին վրեժ լուծելու, ժողովրդի վրեժ լուծելու ժամանակն է: Էտ ինքն է արել, մենք նման հայտարարություն չենք արել», – պատասխանեց Սաղաթելյանն ու հիշեցրեց, որ եռակողմ հայտարարության ստորագրման` նոյեմբերի 10-ի գիշերը իրենք հանդիպել են Գերագույն շտաբի պետի հետ ու կայունության կոչ են արել.

«Ինչ վերաբերում է պատմամշակութային շենքին ձվերով հարվածելուն, նայեք` այս մարդու գործունեության արդյունքում մենք կորցրել ենք Արցախի 70 տոկոսը, տվել ենք 5000-ից ավելի զոհեր, մեր պետությունն այս պահին գտնվում է, ըստ էության, անդունդի եզրին: Հիմա եթե մի քանի քաղաքացի իրենց զայրույթն արտահայտելու համար ձվերով խփել են, ես ասում եմ` ճիշտ են արել ու դեռ քիչ են արել, որովհետև այս կառավարությունը մեր պետությանը իր քայլերի ու գործողությունների արդյունքում բերել, հասցրել է անդունդի եզրին: Հիմա եթե ինչ-որ քաղաքացիներ պատմամշակութային շենքին խփել են ձևով, էտ քանի՞ պատմամշակութային շենք է այս կառավարության գործունեության արդյունքում մնացել թշնամուն»:

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի` Գյումրիի ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժ» անվանելուն, ապա ՀՅԴ ԳՄ անդամն ասաց. «Ինչպե՞ս վերաբերվել այն քաղաքացիներին, ովքեր խաղում են գերիների, զինվորների, շատ զգացմունքային հարցերի են մոտենում, մեր այս պայքարն ուղղված է նաև այդ քաղաքացիների փրկության համար, և եթե ամեն մարզում Նիկոլ Փաշինյանն ունի մի խումբ, որ պարբերաբար ճանապարհ կփակեն, ցույց կտան, որ ունեն աջակիցներ, նորմալ է, մենք կփորձենք սադրանքների չտրվել»: