«Ձեռքերս նուրբ են, հենց մի հատ կոշտուկ կամ փուչիկ ա լինում արագ լվանում եմ, դեղը քսում, հաջորդ օրն արդեն չկա, մաշկս լավն ա, միայն մեկ-մեկ ծակում եմ, արյուն ա գալիս ու անցնում ա»,- պատմում է 74-ամյա Ալվարդ Վարդանյանը: Ալվարդն արդեն ավելի քան 30 տարի է՝ կոշկակար է:
Կոշկակար Ալլայի մասին ժամանակին ամբողջ Չերեմուշկան էր խոսում, նրա արած աշխատանքներից բոլորն էին գոհ․
«Մաքուր գործ ա անում»,- ասում են ճանաչողները։
Ալլա Վարդանյանը պատմում է՝ 30 տարի «Գարուն» կարի ֆաբրիկայի մանկապարտեզում է աշխատել, մանկավարժ է եղել, նույնիսկ պատվոգրեր ունի, իսկ կոշկակարի մասնագիտությունը շատ պատահաբար է ձեռք բերել։
«Մի ընկեր ունեի, կոշկակար էր, շատ լավ մասնագետ, բայց ոչ մեկին չէր սովորացնում, ասում էր՝ նստեք, նայեք ու սովորեք։ Ես էլ, քանի որ հելունով, շյուղերով գործում էի, ձեռքից լավ էի, ինձ մի օր ասեց՝ արի քեզ սովորացնեմ։ Ցույց տվեց մի անգամ, ու մնացածը նայելով սովորել եմ»,- հիշում է Ալլան ու պատմում, թե ինչպես է մի օր իր վարպետին զարմացրել, երբ ինքնուրույն իր կոշիկները նորոգել է։
Կրունկի ու թաթի ռեզիններն է խփել, ու երբ վարպետը տեսել է, զարմացել է, որ իր աշակերտն այդքան հմուտ գործ է արել, ասել է․ «Ես կարամ արդեն գործի չգամ»։

«Մենք երկուսով էինք աշխատում, հետո ինքը հիվանդացավ, ու արդեն մենակ սկսեցի աշխատել։ Եթե գործեր էին բերում, որ վստահ չէի՝ կկարողանա՞մ սարքել, ուղղակի մերժում էի, բայց մյուս կոշկակարներն էլ որ կարելու գործ էր լինում, ինձ մոտ էին ուղարկում, ասում էին՝ ինքը լավ ա կարում»,- ասում է Ալլան։
Պատմում է՝ շատ անգամներ է ուրիշների արած գործերը քանդել ու նորից կարել, իսկ գոհ հաճախորդները միշտ վերադառնում էին։ Երբեմն մարդիկ տեսնում էին Ալլային ու հարցնում՝ «բա կոշկակարն ո՞ւր ա», ու զարմանքը մեծ էր լինում, երբ իմանում էին, որ հենց ինքն է կոշկակարը, երբեմն նաև թերահավատորեն էին մոտենում։
«Մի անգամ մի կոշիկ բերեցին՝ շատ վատ վիճակում, նայեցի, մտածեցի՝ ի՞նչ անեմ էս կոշիկի հետ, բայց տերն ասեց՝ «ընդամենը 3 օր եմ հագել», ասեցի լավ։ Առա ու իջա շուկա։ Բերեցի սարքեցի, երբ տերն էկավ ու տեսավ, ասեց՝ «էս թազա կոշի՞կ ես առել իմ համար»,- ծիծաղում է,- բայց երբեմն էլ էնպիսի կոշիկներ են բերում, որ իսկապես սարքել չի լինում, ու ես իմ մոտից դրա փոխարեն ուրիշ կոշիկ եմ տալիս, ասում եմ՝ տար հագի, էս էլ գցի։ Դե, լինում ա, որ մարդիկ էլ չեն հագնում կոշիկները, ինձ են բերում, ես էլ տենց տալիս եմ»,- ասում է կոշիկի վարպետ Ալլան, որը նույնիսկ զրոյից կոշիկներ է հավաքում։
Իր համար բարդ աշխատանքներ չկան այս գործում, ամեն ինչին արդեն սովորել է, բայց երբեմն հոգնում է, երբ, օրինակ, զինվորական սապոգներ են բերում։ Դժվար է կարելը, ասում է։ Ձեռքը հոգնում է, մի քիչ հանգստանում է, հետո շարունակում։ Երբեմն նաև սոսնձի հոտից է վատ զգում, դուրս է գալիս մի քիչ մաքուր օդ շնչում ու շարունակում։
«Կնոջ հարմար գործ չի, բայց չեմ դժգոհում, սիրով եմ անում իմ աշխատանքը, ու երբ հաճախորդներն էլ գոհ են մնում, ես ինձ լավ եմ զգում»,- ասում է նա։


Հաճախորդի պակաս երբեք չի ունեցել՝ մինչև վերջերս, երբ ստիպված եղավ հեռանալ փոքրիկ տնակից, որտեղ ապրում ու աշխատում էր։
Ալլան պատմում է, որ Աջափնյակ վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկում բնակարան է ունեցել։ Այն գրավադրել է, որպեսզի կարողանա սեփականաշնորհել փոքրիկ երկաթե տնակը, որտեղ աշխատում էր, սակայն, նրա խոսքով, խաբեության զոհ է դարձել․ բնակարանը կորցրել է, և այն վաճառվել է։
Դստեր հետ Ալլան մնացել է առանց տան և ստիպված տեղափոխվել շենքից քիչ հեռու գտնվող մեկ այլ տնակ, որտեղ շարունակել է նաև կոշիկ կարել։ Տնակի սեփականատերը նրանից գումար չի պահանջել և թույլ է տվել ապրել ու աշխատել այնտեղ։ Սակայն նրա մահից հետո սեփականատիրոջ երեխաները տնակի դիմաց գումար են պահանջել։ Ալլան չի հրաժարվել վճարելուց, պարզապես ժամանակ է խնդրել։

«Մեկ միլիոն դրամ պետք է տայի, ժամանակ խնդրեցի, բայց աղջիկս առողջական խնդիրներ ունեցավ, բարեկամները գումար հավաքեցին, վիրահատեցինք, ու քանի որ աղջիկս արդեն չէր աշխատում, չկարողացանք այդ գումարը տալ։ Մի քանի ամիս հետո երբ զանգեցի, որ ասեի՝ մի քիչ գումար եմ հավաքել, արի տար, ասացին, որ դոմիկն արդեն վաճառել են ու մեզ ժամանակ տվեցին տարածքն ազատելու համար»,- պատմում է նա։
Արդեն մի քանի ամիս է՝ Պռոշյան գյուղ են տեղափոխվել, փոքրիկ մի տուն են գտել, որի համար ամսական 100 հազար դրամ վարձ են վճարում։ Եկամտի հիմնական աղբյուրը մնացել է դստեր 130 հազար դրամ աշխատավարձը, իսկ ինքը հիմա շատ քիչ է վաստակում, իր տեղը չգիտեն, նոր բնակավայրում իրեն ու իր արած աշխատանքները դեռ չեն ճանաչում։
«Հարևանները գիտեն, բերում են, հաճախորդներ ունեմ, որ հեռվից են բերում կոշիկները, բայց, դե, էդ շատ քիչ ա, հազիվ հացի փող ա դուրս գալիս»։ Հիմա տիկին Ալլան աշխատանք է փնտրում, մինչև տարածքում իրեն կճանաչեն, կոշիկի գործը կբացվի։
Հուզվում է։

Կոշկակար Ալլայի հույսը նաև բարի մարդիկ են, որ իրեն փոքրիկ տարածք կհատկացնեն՝ գործը նախկին տեմպով շարունակելու համար, կամ էլ բնակվելու մի տեղ, որ ավելի մատչելի կլինի, որովհետև կյանքն այսպիսի պայմաններում ավելի քան դժվար է, անհանգստանում է նաև վիրահատություն տարած 51-ամյա դստեր՝ Լիլյայի համար։
«Եթե կոշիկ վերանորոգելու կարիք ունենաք, միշտ սպասում եմ ձեզ։ Իմ հասցեն՝ Պռոշյան ավան, Գամի փողոց, 1-ին շենք,- հույսով ժպտում է Ալլան։ Անպայման եկեք, կգամ, կդիմավորեմ»։
Սաթենիկ Հայրապետյան
Լուսանկարները ՝ Սոֆի Խաչատրյան
MediaLab.am



















