ՀՀ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ‹‹Ախթալա ԼՀԿ» ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ ‹‹Ախթալա ԼՀԿ›› ՓԲ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնից, որով տեղեկացվել է Ախթալա համայնքում հիշյալ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու վերաբերյալ:

«Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչներից բաղկացած խումբը:

Նկատի ունենալով, որ ահազանգում մատնանշված հանգամանքները պարունակում են քրեական վարույթ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: