Ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Արցախի 39 հիվանդի

 Ռուս ռազմական բժիշկները մեկ օրվա ընթացքում օգնություն են ցուցաբերել Արցախի 39 հիվանդի, այդ թվում ՝ հինգ երեխայի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար ռազմական բժիշկները լրացուցիչ բժշկական կետեր են տեղակայել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքում: Լրացուցիչ բժշկական կետերի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաեւ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հատուկ նշանակության ռազմական բժշկական ջոկատի կազմում ընդգրկված են ավելի քան 60 բժիշկ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ: