«Ոգեշնչված» գողությո՞ւն, թե՞ հեղինակային իրավունքի խախտում. «Դա նույնն է, որ խանութից ապրանքը վերցնես առանց վճարելու, դա գողություն է»

Լուսանկարում՝ Մելիք Բաղդասարյանը («Ֆոտոլուր»)

Հեղինակային իրավունքի խախտման դեպքերը Հայաստանում համատարած բնույթ են կրում, իսկ այսօրվա օրենքով ու գործող դատական համակարգի միջոցով պայքարն արդյունք չի տալիս։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը։

Ոլորտում առաջատար համարվող «Ֆոտոլուր» գործակալությունը հիմնվել է 2002 թվականին։

Հաջորդող տարիներին կարողացել է դիրքերն ամրացնել որակյալ, բացառիկ լուսանկարների, ֆոտոպատմությունների և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ։ «Ֆոտոլուրը» համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հետ։

Հայաստանում լրատվամիջոցների հետ ֆոտոգործակալությունն աշխատում է հիմնականում բաժանորդագրության սկզբունքով։ 

Սակայն, Մելիք Բաղդասարյանը նշում է, որ տարիներ շարունակ բազմաթիվ խնդիրների են բախվում։ «Հատկապես լուսանկարչության ոլորտում անտերություն է տիրում։ Ինչ ուզում՝ անում են, ով ինչքան նկար ուզում՝ արտատպում է։ Կան, իհարկե, բարեխիղճ լրատվամիջոցներ, բայց հիմնականում համատարած խախտվում է լուսանկարիչների հեղինակային իրավունքը»,- «Մեդիալաբին» ասում է Մելիք Բաղդասարյանը։

Նա նշում է, որ խոսքն այս դեպքում նույնիսկ մեդիա դաշտում հաստատուն դեր ունեցող, կայացած լրատվամիջոցների մասին է, որոնք հրաժարվում են վճարել լուսանկարների համար՝ նախընտրելով օգտագործել գողացած լուսանկարներ։ 

«Ֆոտոլուրի» լուսանկարներից մեկը՝ առանց լոգոյի եւ հեղինակային իրավունքի պաշտպանության

«Պատկերացնում եք՝ մենք ամբողջ օրն աշխատում ենք, և մեր աշխատանքը մի րոպեում կորում է, լուսանկարները վերցնում են, լոգոն ջնջում, առանց վճարելու, առանց հեղինակային իրավունքը պահելու հրապարակում են։ Երբ կապ ենք հաստատում և փորձում մեր իրավունքները պաշտպանել, ասում են՝ լավ, եղածը մի նկա՞ր չի։ Մի նկար է, բայց այդ նկարի համար մեր լուսանկարիչը մի ամբողջ օր է ծախսել, ջանք դրել… Պայքարել ենք, փորձելու ենք պայքարել, բայց այս պահին հուսադրող ոչ մի բան չկա»,- «Մեդիալաբին» ասում է Մելիք Բաղդասարյանը։

«Ֆոտոլուրի» լուսանկարներից մեկը՝ առանց լոգոյի եւ հեղինակային իրավունքի պաշտպանության

Մելիք Բաղդասարյանը դատական կարգով է փորձել վերականգնել իր խախտված հեղինակային իրավունքը, սակայն ասում է՝ դատարանի վճռից հետո հասկացել է՝ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի։

«Ֆոտոլուրի» ղեկավարը դատի էր տվել «Նոյյան տապան» գործակալությանը՝ առանց թույլտվության ֆոտոգործակալության լուսանկարներն օգտագործելու համար։ 

«Դատավորն ինձ մեկ տարի տարավ-բերեց, և հարյուր տոկոսով կարող եմ ասել, որ անգամ գործին չծանոթացավ։ Ամեն նիստում նույն հարցերն էր ինձ տալիս։ Վերջում իմ հայցը մերժեցին»,- ասում է Բաղդասարյանը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածում «Նոյյան տապանը» շարունակում էր առանց թույլտվության հրապարակել իրենց լուսանկարները։

Դատարանի միջոցով Մելիք Բաղդասարյանը փորձում էր պարտավորեցնել «Նոյյան տապանին» իրեն հասցրած ֆինանսական վնասը փոխհատուցել։

«Իսկ նկարները գողանալն իրոք ֆինանսական վնաս է ինձ համար։ Ես երկու տարվա համար էի դատի տվել, եթե այդ երկու տարվա ընթացքում նրանք իմ բաժանորդը լինեին, ես եկամուտ կունենայի։ Ես ֆինանսական փոխհատուցում էի ուզում՝ ամսական բաժանորդագրության վճարի չափով»,- ասում է Մելիք Բաղդասարյանը։ Նա նշում է, որ անբարեխիճ ԶԼՄ-ների աշխատանքի հետևանքով իրենք զգալի վնաս են կրում։ 

«Ֆոտոլուրի» բաժանորդները, տեսնելով, որ ոչ բաժնորդներն առանց արգելքի արտատպում են լուսանկարները, իրենք էլ են հրաժարվում բաժանորդագրությունից։

«Եվ մարդիկ բաժանորդագրությունից դուրս գալով՝ նորից շարունակում են օգտագործել մեր նկարները, բայց թե որտեղից են վերցնում՝ հարց է։ Երբ զանգում-հարցնում եմ, ասում են՝ ինտերնետից ենք վերցրել։ Բայց դա պատասխան չէ, դա նույնն է, որ խանութից վերցնես ապրանքը՝ առանց վճարելու։ Դա գողություն է, հեղինակային իրավունքի խախտում»,- ասում է ֆոտոգործակալության ղեկավարը։ 

Մելիք Բաղդասարյանի կարծիքով՝ օրենսդրական դաշտը կարգավորման կարիք ունի, նոր օրենսդրական նախաձեռնություն պետք է մշակվի։ 

«Ես ինչո՞ւ «Նոյյան տապանին» դատի տվեցի, ուզում էի նախադեպ ստեղծել, որ մյուսներն էլ վախենային։ Ես գտնում եմ, որ մենք դատական համակարգ չունենք, մեր գործով ես դա հասկացա։ Եվ եթե օրենքով ես չեմ կարողանում իմ իրավունքը պաշտպանել, ինձ մնում է մի բան՝ միշտ հեղինակային իրավունքները խախտողների անունները բարձրաձայնեմ, որպեսզի խնդիրը ինչ-որ կերպ հնչեղություն ստանա»,- հավելում է նա։

Հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտն այսօր կարգավորվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով։ Հեղինակային իրավունքի խախտման դեպքերը բազմազան են՝ սկսած բիզնես ոլորտից մինչև զանգվածային լրատվամիջոցներ։

Հեղինակային իրավունքի խախտման հարցը վերջին օրերին բուռն քննարկման առիթ դարձավ այն բանից հետո, երբ պարզվոց, որ սահմանադրական հանրաքվեի ԱՅՈ-ի լոգոյի մրցույթի հաղթող «Գարուն էյջընսի»-ն գողացել է 1991-ին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված անկախության հանրաքվեի ԱՅՈ-ի լոգոն։ 

Աղմկահարույց դեպքից հետո «Գարուն էյջընսիի» ներկայացուցիչները հայտարարել էին, որ իրենք լոգոն ստեղծելիս «ոգեշնչվել են անկանխության հանրաքվեի ԱՅՈ-ից»։

Փաստաբան Արա Խզմալյանն ասում է՝ դա ոգեշնչվել չէ, գողություն է։ «Ես չեմ կարծում, որ այս լոգոյի դեպքը սխալմունքի հետևանք էր, ինչ-որ մեկը գիտակցաբար վերցրել ու օգտագործել է։ Դա ոգեշնչման օրինակ չէր, նույն բանն էր՝ գողացված»,- «Մեդիալաբին» ասում է Արա Խզմալյանը։

Հեղինակային իրավունքի խնդիրներով զբաղվող փաստաբան Արա Խզմալյանը կարծում է, որ հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտի օրենսդրությունում էական թերութուններ չկան, պարզապես իրավակիրառ պրակտիկայի խնդիր կա Հայաստանում։

«Հեղինակային իրավունքի խախտման դեպքերն առկա են, բայց ես չէի ասի, որ օրենսդրական դաշտում կան էական թերություններ։ Մտավոր սեփականության ոլորտում մեր օրենսդրությունն ընդհանուր առմամբ ես դրական կգնահատեի։ Հեղինակային իրավունքի ոլորտում գուցե այդքան առաջադեմ չլինի մեր օրենսդրությունը, բայց չեմ ասի, որ օրենսդրության խնդիր ունենք, մենք ունենք իրավակիրառ պրակտիկայի խնդիր»,- «Մեդիալաբին» ասում է Արա Խզմալյանը։

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը մեր երկրի տնտեսական վիճակի հետևանք է։ Մարդիկ համատարած ոչ լիցենզիոն ծրագրեր, վիդեո, աուդիո արտադրանք են օգտագործում, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ գումար վճարել ու լիցենզիոն տարբերակները ձեռք բերել։

«Եթե անդրադառնանք ԱՅՈ-ի լոգոյի պատմությանը, դա առաջին հերթին մշակույթի բացակայության հետևանք է։ Մեզ մոտ սոցիալական խնդիրներից ելնելով՝ համատարած նորմալ է համարվում մտավոր սեփականություն գողանալը, հասարակության մեջ դա հանցանք չի ընկալվում։ Մարդիկ լուրջ չեն մտածում, որ ինչ-որ մեկի ստեղծածն առանց թույլտվության վերցնելն ու օգտագործելը գողություն են»,- նշում է փաստաբանը։

Արա Խզմալյանի խոսքով՝ հեղինակային իրավունքի խախտման դեպքերն այսօր շատ են։ Բայց չի կարելի բոլոր դեպքերով անձին քրեական պատժի ենթարկել։ 

«Որպես հնարավոր լուծում՝ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում քննարկում ենք, այսպես կոչված, ստատուսային վնասների ինստիտուտի ներդրման հարցը։

Դա մի շարք երկրներում ներդրվող համակարգ է, իմաստը հետևյալն է. եթե դուք հեղինակ եք, ձեր իրավունքը խախտվել է, կարող եք դատի տալ և պահանջել օրենքով սահմանված որոշակի գումար։

Իսկ այսօր, եթե լուսանկարչի լուսանկարը որևէ կայքում օգտագործվել է, եթե ինքը դատի տա այդ կայքին սեփականատիրոջը, լավագույն դեպքում կկարողանա պահանջել նկարի միջին գնի չափով փոխհատուցում։ Դրա համար դատարան գնալը համաչափ չէ, և մարդիկ խուսափում են դատի տալուց»,- ասում է նա։

Ըստ Խզմալյանի՝ եթե կա կեղծիք, իրավապահ համակարգը պետք է ավելի վարժ լինի՝ պայքարելու խոշոր դեպքերի դեմ, իսկ իրավատերերին պետք է ավելի լայն հնարավորություններ տրվեն՝ վնասների դեպքում ավելի արժանավայել փոխհատուցումներ ստանալ։ 

«Դա քննարկվում է, միգուցե օրենսդրական փոփոխություններ լինեն առաջիկայում»,- «Մեդիալաբին» ասում է փաստաբանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am