«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, ԵԱՏՄ-ում ի՞նչ կարգավորումներ են գործում որևէ անդամ պետությանը անդամակցությունից զրկելու մասով: Կարո՞ղ են անդամ պետությունները Հայաստանին հեռացնել կառույցից:
– Սովորաբար հնարավոր չէ ինչ-որ մի անդամի դուրս հանել կամ շատ դժվար է, շատ միջազգային կազմակերպություններում պարտադիր դուրս հանելու մեխանիզմ ընդհանրապես չկա: Վերպետական կառույցներում հիմնականում կարող են վետո կիրառել կամ խոչընդոտել՝ կախված է կառույցից: Կառույցներ կան, որտեղ չկա վետո, բայց կարող են արգելափակել որոշումները, չհաստատել այդ երկրի ծրագրերը, ֆինանսական կամ քաղաքական ճնշում գործադրել: Ամենատարածված տարբերակ մեխանիզմը այն է, երբ կոնկրետ երկիրն ինքնակամ դուրս է գալիս, այսինքն՝ միջազգային կառույցներում գործում է մեկ չգրված կանոն, ինքնիշխան պետությանը ստիպողաբար դուրս հանելը հնարավոր չէ:
ԵԱՏՄ-ում շատ հստակ կանոններ կան այս մասով. անդամակցությունից զրկելու ուղիղ մեխանիզմ չկա, կառույցի հիմնական փաստաթղթերով չի նախատեսվում արտաքսում, կառույցից անդամ պետությանը դուրս հանելու միակողմանի որոշում չի կարող լինել: Կարող են խոչընդոտել, ճնշում գործադրել, բայց որոշումները ընդունվում են կոնսենսուսով, իսկ դա նշանակում է, որ ցանկացած երկիր կարող է արգելակել որոշումները, կարող են ստեղծել քաղաքական կամ տնտեսական ճնշումներ, բայց դուրս հանել հնարավոր չէ:
Կասեցման կամ պատժամիջոցների մասով կան սահմանափակ չափով մեխանիզմներ՝ պայմանագրի խախտումների դեպքում, բայց անդամակցությունը դադարեցնելու հստակ մեխանիզմ չկա, ինչպես դա կա ԵՄ-ում: Հետևաբար ԵԱՏՄ-ից Հայաստանը կարող է դուրս գալ ինքնակամ, ընդ որում պաշտոնապես՝ ըստ ընթացակարգի ու կանոնադրության պետք է տեղեկացնի սովորաբար 12 ամիս առաջ, դա է ձևը: Հայաստանին ստիպել դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ ստացվում է գրեթե անհնար է իրավական տեսանկյունից, որովհետև սա առանձին կառույց չէ, ԵԱՏՄ-ում գործող միասնական մաքսային տարածք է, որտեղ առանձին անդամակցություն չկա:
– Ի՞նչ ազդեցություն, ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ-ում մնալ-չմնալը Հայաստանի համար:
– Հայաստանն անդամ է ԵԱՏՄ-ի, որտեղ հիմնական գործընկերներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրզղստանը, եթե Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, դրական կողմն այն է, որ մնում է ազատ առևտրի մեծ շուկան, որ ապրանքներն առանց մաքսատուրքի գնում են հատկապես ռուսական մեծ շուկա, ինչի արդյունքում աշխատուժի ազատ տեղաշարժ ունենք, որ հայերը կարող են աշխատել Ռուսաստանում՝ առանց լուրջ սահմանափակումների ու խոչընդոտների: Գերկարևոր խնդիրն այն է, որ էներգետիկ ու արդյունաբերական գործոնը կա, որովհետև հաճախ ավելի մատչելի գազ ու էներգետիկ պայմաններն են շատ կարևոր ու առաջնահերթ:
Բացասական կողմը. կարելի է ասել, որ ինչ-որ տեղ մենք կախվածություն ունենք մեկ շուկայից, տվյալ դեպքում ՝ հիմնականում Ռուսաստանից, չնայած հիմա արտաքին տնտեսական դիվերսիֆիկացում ենք անում, ու այնպես չէ, որ միայն Ռուսաստանից ենք կախված, դա ֆետիշացված է, որ ասում են՝ բացառապես Ռուսաստանից ենք կախված: Բայց, այո՛, բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ շատ դեպքերում մենք Ռուսաստանի ու հենց Լարսի ցամաքային ճանապարհի հույսին ենք: Հետևաբար այս մասով տնտեսությունը դառնում է ավելի խոցելի արտաքին ճշումներից, դա պարզ է:
Սահմանափակումներ այլ շուկաների հետ կան, որովհետև չես կարող ազատորեն, օրինակ՝ ԵՄ-ի հետ մաքսային անկախ քաղաքականություն վարել, որովհետև դրանք քաղաքականից բացի՝ հիմնականում տնտեսական ֆորմատներ են: ԵԱՏՄ-ից դուրս գալու դրական կողմերի վերաբերյալ ես շատ լուրջ վերապահումներ ունեմ, բայց ինչ-որ տեղ կարող ենք անկախ մաքսային քաղաքականություն վարել ու ինքնուրույն որոշել մաքսատուրքերը, ավելի ազատ համագործակցություն կարող է լինել ԵՄ-ի հետ:
Բայց դուրս գալու բացասական կողմերը շատ ավելի շատ են. ԵԱՏՄ շուկայում արտահանման վրա մաքսատուրքեր չկա, հայկական ապրանքները կթանկանա՞ն, այո՛, աշխատանքի սահմանափակումներ կլինե՞ն, այո՛, Ռուսաստանում աշխատելը կարո՞ղ է բարդանալ, այո՛, էներգետիկ ռիսկեր կառաջանա՞ն, այո՛, գազի թանկացման հավանականությունը կա: Սա միայն տնտեսական հարց չէ, սա շատ լուրջ աշխարհաքաղաքական հարց է: Պրակտիկ սցենարն այստեղ այն է, որ կտրուկ քայլեր չպետք է արվեն, ես գտնում եմ, որ պետք է պահել ներկայիս համակարգը, զուգահեռ զարգացնել այլ ուղղությունները: Այսպիսով, Հայաստանին ոչ մեկը ուժով չի կարող հանել ԵԱՏՄ-ից, բայց ընտրությունն էլ լուրջ տնտեսական-քաղաքական հետևանքներ կարող է ունենալ:
– Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ պաշտոնական Մոսկվան միայն վերջերս սկսեց հանդես գալ ընտրության վերաբերյալ արվող հայտարարությամբ, որովհետև ԵՄ-ին անդամակցելու մասին Հայաստանի իշխանությունը դեռ շատ վաղուց էր խոսել:
– Պատճառը հստակ է. երբ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարում է, թե իրենց երբ հարմար լինի, իրենք որոշում կկայացնեն, Մոսկվան էլ այդ հայտարարությունը սրերով է ընդունում ու պահանջում հստակ դիրքորոշում:
Պաշտոնական Մոսկվան ուղիղ մեսիջ է տվել օրվա իշխանություններին՝ կողմնորոշվել մինչև այս ամսվա՝ մայիսի 28-ը, այսինքն՝ իշխանությունը 3 օր ունի: Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ, ընդ որում՝ հայկական կողմն իր մասնակցությունը չի ունենալու, ինչը շատ մեծ սխալ եմ համարում, այնտեղ Հայաստանի անդամակցության, անդամակցության սառեցման, հնարավոր խոչընդոտների ստեղծման, ճնշման և այլնի մասին ուղիղ հարց է դրվելու: Քաղաքական ճնշման և ուլտիմատումի տեսքով պարտադրելու են, որ Հայաստանը որոշի՝ դուրս է գալիս կամ մնում է:
Ռուսական կողմը նաև բացեիբաց խոսում է այն մասին, որ եթե ժողովուրդը տեսնի, որ երկիրը տնտեսական կոլապսի առաջ է կանգնում, օրինակ՝ հեղուկ գազի թանկացում, տեսանք, որ ծաղիկների, պտուղ-բանջարեղենի տեղափոխումն արգելվեց, հետևաբար, երբ տնտեսվարողը միլիոնավոր դոլարների տույժ-տուգանք կրի, այդ պարագայում արդեն բողոքի ալիք է բարձրանալու, ու արդեն այս իշխանություններին չեն հանդուրժելու: Միտումնավո՞ր, թե՞ ոչ միտումնավոր է ընտրվել այս ժամանակահատվածը Ռուսաստանի կողմից՝ այլ հարց է, բայց այն, որ այս իրադարձությունները պատճառահետևանքային կապ են ունենալու, փաստ է:
– Ստացվում է, որ մայիսի 28-ից հետո Հայաստանի իշխանությունը պետք է հստակ պատասխա՞ն տա Ռուսաստանին:
– Այո՛, բայց այդ պատասխանը դժվար է կանխատեսել, հատկապես երբ վաղը նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան: Քննարկվում է, թե ինչ պայմանագրեր կկնքվեն, ինչպես դա կներկայացվի, հետևաբար ամեն ինչ կախված է վաղվա հանդիպումից ու ամսի 28-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում տեղի ունեցողից:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















