Հայաստանի և Ռուսաստանի միջև երկխոսությունը շարունակվում է, իսկ երկու երկրները շարունակում են մնալ բարեկամներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է ակտիվ շփումները հայկական կողմի հետ և պատրաստ է շարունակել համագործակցությունը նաև ապագայում։
Պեսկովը նշել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք աջակցում են Ռուսաստանի հետ ավելի խոր ինտեգրմանը և դրական են գնահատում ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը։ Կրեմլում, նրա խոսքով, գնահատում են այդ մոտեցումը։
ՌԴ նախագահի խոսնակը նաև անդրադարձել է էներգետիկ համագործակցությանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը գործընկեր երկրների համար մնում է հուսալի էներգակիր մատակարար։ Սակայն նա զգուշացրել է, որ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա գազի արտոնյալ սակագինը կարող է վերանայվել և ձևավորվել արդեն շուկայական սկզբունքներով։
«Այդպիսի արտոնյալ ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար, դա, իհարկե, Եվրամիությունն է: Այնտեղ արդեն գների կատեգորիան լրիվ այլ է՝ այն շուկայական է: Դա շատ լավ հայտնի է Երևանում մեր բարեկամներին», – ամփոփել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովի խոսքով՝ Եվրամիության անդամ երկրների համար գործում են շուկայական գներ, և Երևանում այդ մասին լավատեղյակ են։



















