Հունգարիայում վարչապետն ու երկու նախկին նախարարներ զրկվել են անձեռնմխելիությունից

Հունգարիայի խորհրդարանը երկուշաբթի օրը զրկել է անձեռնմխելիությունից վարչապետ Պետեր Մագյարին և նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության երկու նախկին նախարարների՝ Բալաժ Հանկոյին և Միկլոշ Սեշտակին։ Որոշումը հնարավորություն է տալիս նրանց նկատմամբ առանձին քրեական գործերով քննություններ իրականացնել, հաղորդում է Euronews-ը։

Մագյարի գործը կապված է 2024 թվականին Բուդապեշտի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպի հետ։ Դատախազության վարկածով՝ նա խլել է իրեն նկարահանող տղամարդու հեռախոսը և նետել Դանուբը։ Մագյարը գործն անվանել է շինծու և ինքն է խնդրել խորհրդարանին հանել իր անձեռնմխելիությունը՝ իր անունը մաքրելու համար։

Օրբանի «Ֆիդես» կուսակցության պատգամավոր, նախկին մշակույթի նախարար Բալաժ Հանկոն մեղադրվում է ավելի քան 40 միլիոն եվրոյի պետական միջոցների յուրացման մեջ։ Ըստ դատախազության՝ այդ գումարների մի մասն օգտագործվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ֆինանսավորելու և այլ անձանց անձնական շահերի համար։ Հանկոն հերքում է մեղադրանքները։

Մյուս նախկին նախարար Միկլոշ Սեշտակը, որը 2014-2018 թվականներին զբաղեցրել է ազգային զարգացման նախարարի պաշտոնը, կասկածվում է միլիոնավոր դոլարների կաշառք ստանալու մեջ։ Գործը վերաբերում է օգտագործված ավտոբուսների՝ ուռճացված գներով գնմանը։ Սեշտակը նույնպես հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։

Խորհրդարանում անձեռնմխելիության վերացման օգտին քվեարկությունը անցել է մեծամասնությամբ։ Օրբանի «Ֆիդես» կուսակցությունն ու նրա դաշնակից KDNP-ն բոյկոտել են նիստը։