24 ժամով արգելվել է Դիլիջանում, Իջևանում, Սևանում և Գյումրիում գործող մի շարք հյուրանոցների կողմից անձանց ընդունելությունը

Հեղինակ MediaLab

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրած խախտումների հիմքով՝ այսօր 24 ժամով արգելվել է Դիլիջանում, Իջևանում, Սևանում եւ Գյումրիում գործող մի շարք հյուրանոցների կողմից անձանց ընդունելությունը։

Այդ տնտեսավարողներն են՝ «Հակոբ Գրիգորյան Արամի» Ա/Ձ, «Ալվարդ Մարկոսյան Անուշավանի» Ա/Ձ, «Կարեն Օքմինյան Սոսի» Ա/Ձ, «Սուսան Խոջումյան» Ա/Ձ, «Գլաձոր համալիր» ՍՊԸ, «Խոլոդոկ» ՍՊԸ, «Աննա Գալուստյան» Ա/Ձ, «Նախագիծ-հենք» ՍՊԸ, «Մարինա Կիրակոսյան» Ա/Ձ, «Արթ Բիլ» ՍՊԸ, «Ազատ Ստեփանյան» Ա/Ձ։

Հանգստյան այս շրջանում ԱԱՏՄ-ն առավել մեծ ուշադրության է առնում հյուրանոցները, հանգստյան տները։ Հայտնաբերված հիմնական խախտումներն առնչվում են ջերմաչափման, ախտահանման գործընթացներին եւ դրանց գրանցման մատյանների վարմանը, առկա չեն դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները և այլն: Մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրում են պարետի կողմից անվտանգության նկատառմամբ սահմանված կանոնների կետերի պահպանումը։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում տարվում է բացատրական աշխատանք, տրամադրվում է խորհրդատվություն, իսկ արձանագրությունն ուղարկվում է պարետին՝ կասեցման միջնորդությամբ։ Նպատակը մեկն է՝ կանխել COVID-19–ի տարածումը ՀՀ ողջ տարածքում։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ԱԱՏՄ-ն այսօր շարունակել է ուժեղացված ստուգայցերը։ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցները Երևանում առանձնակի խախտումներ չեն արձանագրել։

Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգումներ իրականացրել են Դիլիջան և Իջևան քաղաքներում։ Ուսումնասիրությունն արվել է մի շարք ոլորտներում գործող տնտեսավարողների շրջանում։

Իսկ Արևմտյան տարածքային կենտրոնների տեսուչների ստուգայցը Սևանում գործող հյուրանոցներում և հանգստյան տներում գրեթե բոլոր դեպքերում արձանագրել է ախտահանման աշխատանքների խախտումներ։ Ոչ բոլոր կազմակերպություններն են պատշաճ պահպանում սանիտարահիգիենիկ կանոնները։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ ՀՀ պարետի 230-Ն որոշմամբ՝ նոր կանոններ են սահմանվել մասնավորապես հյուրանոցների մարզասրահներում եւ լողավազաններում անվտանգության պահպանման համար։ Մասնավորապես, յուրաքանչյուր մարզասարքի կողքին՝ տեսանելի վայրում, անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն։

Կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։