Տրանսֆերտների նվազում, արտագնա աշխատանքից զրկված անձինք, աղքատության հնարավոր աճ. մասնագետը՝ սպասվող միտումների մասին

Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

Ֆիզիկական անձանց անունով արտերկրից դրամական փոխանցումների նվազումը Հայաստանում հանգեցնում է սպառման ծավալների, ինչպես նաև որոշ ոլորտներում ներդրումների կրճատման։ Իսկ թե որքանով կխորանա սոցիալական ճգնաժամը, կախված է նրանից, թե համավարակի երկրորդ փուլն ինչ խորությամբ կլինի։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։

«Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ դրամական փոխանցումների նվազումը հանգեցնում է սպառման կրճատման, այսինքն՝ մարդիկ ավելի քիչ են սպառում, ինչպես նաև դա որոշ չափով ներդրումների կրճատման է բերում։ Այդ գումարների մի մասը այս կամ այն կերպ ներդրվում էր մեր տնտեսության մեջ։ Եվ հիմա այդ երկու ոլորտներն էլ կկրեն այդ նվազման ազդեցությունը»,- ասում է Քյուրումյանը։

Նշենք, որ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2020 թվականի հունվար-հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումները նվազել են:

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարների ծավալները 2019 թ. հունվար-հուլիսի նկատմամբ այս տարվա նույն ժամանակահատվածում նվազել է 15.3%-ով՝ կազմելով 893.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահոսքը նվազել է 20.3%- ով՝ կազմելով 622.4 մլն ԱՄՆ դոլար։

Ներհոսքի ամենամեծ անկումը գրանցվել է ՌԴ-ից՝ 28.2%, մինչդեռ ԱՄՆ-ից ներհոսքի ծավալներն աճել են 22.1%-ով։

Ըստ վերլուծության՝ այս հարցում մեծ նշանակություն ունի կորոնավիրուսի համավարակը, քանի որ փակ սահմանների հետևանքով շատերը զրկված են եղել արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից, դրան ավելանում են նաև համավարակի տնտեսական սահմանափակումներով պայմանավորված տնտեսական ու ֆինանսական բարդությունները, որոնք նույնպես ազդել են ՀՀ փոխանցվող գումարների ծավալների վրա:

Հայտնի է, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածների կատարած դրամական փոխանցումները նշանակալի կշիռ ունեն ընդհանուր փոխանցումների ծավալում՝ ՌԴ-ից փոխանցումները ընդհանուր ներհոսքում վերջին 10 տարում միջինը 65% են կազմում։

Այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմել են 317 մլն ԱՄՆ դոլար, իսկ ավելի քան 127 մլն դոլարի կրճատումը պայմանավորված է նաև կորոնավիրուսի հետևանքով արտագնա աշխատանքի չմեկնածների գործոնով։

Արտակ Քյուրումյանն նկատում է, որ վերջին տարիների միտումները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը մասնավոր տրանսֆերներից նախկին՝ 2000-ականների սկզբի համեմատ նվազել է, սակայն դեռևս զգալի է։

«Այս տարիների ընթացքում, չնայած տարբեր կառավարությունների խոստումներին, չհաջողվեց տնտեսության դիվերսիֆիկացում ապահովել»,- ասում է մասնագետը։

Մասնավոր տրանսֆերների կրճատումը կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև աղքատության ցուցանիշի վրա։

«Ճգնաժամից հետո, բնական է, որ այդ առումով բացասական զարգացումներ կլինեն։ Բայց մենք դեռ չգիտենք, թե համավարակի երկրորդ փուլն ինչ խորություն է ունենալու։ Մենք տեսնում ենք, որ վարակվածների թիվն աճում է, ամբողջ աշխարհում է այդ միտումը, բայց մենք չգիտենք, թե այդ երկրորդ փուլը որքան կխորանա ու ինչքան կտևի։

Եթե խնդիրն արագ հանգուցալուծվի, իհարկե հետևանքներն ավելի մեղմ կլինեն։ Եթե մի քանի ամիս ձգվի, ապա հետագայում վերականգնումն էլ դժվար կլինի»,- նշում է Արտակ Քյուրումյանը։

Ինչ վերաբերում է գումարների արտահոսքին, մասնագետը նշում է, որ եթե նվազել է ներհոսքը, նաև արտահոսքը պետք է նվազեր։ 

«Ես հրապարակել եմ հետազոտություն՝ Հայաստանի տնտեսությունում ներդրումների և սեփականաշնորհման վերջին 20 տարիների գործարքների մասին։ Եվ այնտեղ նաև անդրադարձ կար դրամական փոխանցումներին։ Մեր տնտեսության հիմնական կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից է։

Եվ հետաքրքիրն այն էր, որ տարիներ կային, որ դրամական փոխանցումների դրական հաշվեկշիռ կար Ռուսաստանի կողմից, այն առումով, որ այնտեղից շատ մեծ գումարներ էին գալիս։ Իսկ մնացած երկրներ մենք ուղղակի ուղարկում էինք»,- նշում է նա։

Քյուրումյանը հիշեցնում է, որ վերջին 15 տարիներին մեր երկրից 10-14 մլրդ դոլար է արտահոսել։

«Դրանք ամենայն հավանականությամբ ստվերային գումարներ էին, որոնք գնում էին դուրս, օֆշորային գոտիներ, հետո դրսում գործող ձեռնարկություններում էին ներդրվում, ինչպես նաև հետագայում գալիս ու նաև Հայաստանում էին ներդրվում՝ որպես օտարերկրյա ուղղակի ներդրում։

Մենք գիտենք, որ մեր բազմաթիվ ձեռնարկություններում օֆշորային ընկերություններ էին ներդրում անում, որոնց հետևում մեր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք էին կանգնած»,- հավելում է Արտակ Քյուրումյանը։

Մասնագետն անդրադառնում է նաև հարցին, թե արդյոք սոցիալական լարվածությունը երկրում կարո՞ղ է մեծանալ, և ինչո՞ւ են այս իրավիճակում որոշ քաղաքական ուժեր փորձում օգուտներ քաղել։

«Այդ ուժերը միշտ էլ կփորձեն նման իրավիճակներում խաղալ։ Քանի դեռ նրանք ֆինանսական ռեսուրս ունեն իրենց հետևում, ապա փորձելու են օգտագործել տարբեր միջոցներ, տարբեր խմբերի, որպեսզի իշխանության դեմ ինչ-որ դժգոհություններ գեներացնեն»,- ասում է նա։

Այն, որ որոշ ոլորտներում դրական տեղաշարժ կա, ըստ Քյուրումյանի, միանշանակ է։ Օրինակ՝ շատ է խոսվել ճանապարհաշինության ոլորտի բարեհաջող ծրագրերի մասին։ Հուլիսյան մարտերից հետո տուժած սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների տներն են վերանորոգվում, նաև կոռուպցիայի դեմ պայքարում կան դրական արդյունքներ։

«Բայց հետագա միտումները կախված են նրանից, թե որքան խոր կլինի համավարակի երկրորդ ալիքը, ինչքան շատ այն կազդի մարդկանց վրա։ Մյուս կողմից՝ կարելի է ասել, որ մարդկանց մի մասի մոտ հեղափոխությունից հետո դրական սպասումներ էին ձևավորվել, և հիմա այդ սպասելիքները չեն արդարանում։ Պետք է որ խոր սոցիալական խնդիրները չառաջանան, եթե երկրորդ փուլը համեմատաբար կարճ տևի։

Բայց եթե մի քանի ամիս տևի, առջևում էլ ձմեռ է, մարդիկ ունենալու են ջեռուցման և այլ խնդիրներ։ Եվ իշխանությունն ինչ-որ հարցերում պետք է աջակցի բնակչությանը»,- նշում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am