«Ինչ-որ տեղ, անհայտում: Անհայտ կորածների վիճակը իրավական անորոշության մթնոլորտում». Ֆիլմ

«Ինչ-որ տեղ, անհայտում: Անհայտ կորածների վիճակը իրավական անորոշության մթնոլորտում». Ֆիլմ
«Ինչ-որ տեղ, անհայտում: Անհայտ կորածների վիճակը իրավական անորոշության մթնոլորտում». Ֆիլմ

Անհայտ կորած անձանց խնդիրը Հայաստանում օրենսդրորեն լուծում չստացած հարցերից մեկն է:

Բազմաթիվ քաղաքացիներ, հակամարտության պատճառով, ներկայումս անհայտ կորած են և նրանց հարազատները գտնվում են անորոշ իրավիճակում՝ չունենալով որևէ տեղեկություն իրենց հարազատի ճակատագրի վերաբերյալ:

Դեռևս 2004 թվականին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սկսել էր «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի վերաբերյալ քննարկումները և նախագծի մշակումը: 2007 թ. օրենքի նախագիծը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով, սակայն այն հավանության չարժանացավ: Օրենքի նախագիծը մնաց անտեսված, մինչ 2010 թ., երբ ՀՀ արտաքին գործերինախարարության նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագծի տարբերակը պետք է վերամշակեր և համապատասխանեցներ միջազգային չափանիշներին և Կարմիր խաչի տիպային օրինակներին:

Պարբերական հանդիպումներից հետո օրենքի նախագիծը բերվեց վերջանական տեսքի ու համապատասխանեցվեց բոլոր անհրաժեշտ չափանիշներին, սակայն մինչ օրս չի ներկայացվել ՀՀ Ազգային ժողով: Այս տարվա հուլիսին կազմակերպությունը հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն տեղեկանալու համար ինչու նախագիծը չի հայտնվում ՀՀ Ազգային ժողովի օրակարգում: Արդարադատության նախարարությունը, որտեղ ըստ վերջին հարցումների գտնվում էր օրենքի նախագիծը, պատասխան գրությամբ հայտնել էր, որ «… նախագիծը չի համապատասխանել նորմատիվ իրավական ակտի նախագիծը ներկայացնելու վերաբերյալ օրենսդրական պահանջներին …»:

Այսպիսով, ՀՀ Արդարադատության նախարարությունը կարծես միտումնավոր կախվածության մեջ է թողնում, իր իսկ կողմից վերջնական մշակման ենթարկված օրենդրական նախագիծը, ստացվում է, որ ՀՀ ԱՆ-ն որևէ հետաքրքրվածություն չունի «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունման, կամ գոնե քննարկման հարցում: Ինչևէ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, չանտեսելով Անհայտ կորած անձանց խնդիրը, սկսած 2004 թ.-ից, ամեն տարի օգոստոսի 30-ին նշվող Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ տարբեր միջոցառների միջոցով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում անհայտ կորածների խնդիրը և կառավարության ու օրենսդիրի ուշադրությունը փորձում հրավիրել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրների վրա: Այս տարի էլ կազմակերպության կողմից, սեպտեմբերի 6-ին կազմակերպվել էր անհայտ կորած անձանց մասին պատմող ֆիլմի դիտում:

Ֆիլմը պատրաստվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Երիտասարդները հանուն խաղաղության և մարդու իրավունքների ծրագրի շրջանակներում Եվրոպական կամավորական ծրագրի կամավորներ Աննա Շղայլեյհխնեղի և Լենա Փիբեղի կողմից: Ֆիլմը կրում է «Ինչ-որ տեղ, անհայտում: Անհայտ կորածների վիճակը իրավական անորոշության մթնոլորտում» խորագիրը, և ներկայացնում է անհայտ կորած անձանց պատմություններ, նրանց հարազատների շուրթերից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կամավորները օգոստոսի 30-ին՝ Անհայտ կորած անձանց միջազգային օրը, ակցիա էին իրականացրել Վանաձորի փողոցներում, անցորդներին տեղեկացնելով անհայտ կորած անձանց խնդիրների մասին:

Միջոցառման ժամանակ ցուցադրվեց նաև «Համերաշխության պատը», որը պատրաստվել էր աշխարհի տարբեր երկրներից ստացված լուսանկարներից: Լուսանկարներում տարբեր ազգություների անձինք համերաշխություն հայտնելով իրենց ձեռքերում պահում են «Ինքնություն տվեք անհայտ կորածներին» գրությունը՝ տարբեր լեզուներով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ