Ադրբեջանը չի կարող ուշադրություն չդարձնել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարություններին. միջազգայնագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, որի ընթացքում վերջինն անընդունելի և սադրիչ է համարել ՀՀ սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները: 

Կարո՞ղ ենք արձանագրել, որ վերջին երկու օրերին ԱՄՆ-ն շատ ավելի հասցեական հայտարարություններով է հանդես գալիս՝ հաջակցություն Հայաստանի: Ինչպե՞ս եք գնահատում սա, և արդյո՞ք Հայաստանը չպետք է իր անվտանգության երաշխիքները փնտրի նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում, ոչ թե հույսը միայն ՀԱՊԿ-ի հետ կապի:

– Ընդհանրապես, մենք մեր հույսն առաջին հերթին պետք է մեզ վրա դնենք: Սա ամենակարևոր հարցն է, որ պետք է լուծենք, այսինքն՝ ունենանք այնպիսի կարողություններ ու հնարավորություններ, որ անկախ լինենք որևէ մեկից: 

Այդուհանդերձ, պետք է բնականաբար մշտապես ունենալ այլընտրանքներ, ունենալ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, ռազմական, անվտանգային քաղաքականություն, ռազմական համագործակցություն և այլն: Սրանք այն ամենակարևոր բաղադրիչներն են, որոնք մենք պետք է ունենանք: 

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի այդ հայտարարությանը, ապա, եթե նկատեցիք, դրա բովանդակությունը էապես տարբերվում էր պետքարտուղարության հայտարարությունից, որը մեր սրտով չէր: Կարծեք թե Սալիվանն ինչ-որ առումով խմբագրեց պետքարտուղարության նման ձևակերպումը: 

Խոսքն աստեղ disputed teretories (վիճելի տարածք) ձևակերպման մասին է, Սալիվանն այդ եզրույթից խուսափեց և դրանով, ինչ-որ առումով խմբագրեց պետքարտուղարության դիրքորոշումը: Սա մեզ համար կարևոր է և բացառապես մեր լոբբինգի ձեռքբերումն է, որովհետև Հայաստանի ԱԳՆ-ն պետքարտուղարության հայտարարությունն ի գիտություն էր ընդունել, փոխանակ դրա վերաբերյալ հայտարարություն աներ: 

– Ամեն դեպքում, երբ ԱՄՆ-ն, դրանից առաջ էլ՝ Ֆրանսիան, շատ կոնկրետ աջակցություն են ցույց տալիս Հայաստանին, Ռուսաստանը կշտապի՞ վերաբերմունքը փոխել: Ինչո՞ւ Ռուսաստանն այդպես էլ չի կատարում իր ու ՀԱՊԿ-ի պարտավորությունները:

– Ես կարծում եմ, որ այս պրոցեսներին նաև Ռուսաստանն է ուշադիր հետևում, կա ընկալում այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում: Ես կարծում եմ՝ ռուսական կողմը համապատասխան հետևություններ կանի՝ կապված վերջին զարգացումների հետ: 

– Կարո՞ղ ենք ասել, որ Սյունիքում այս սրացումները չեն հանգեցնի լայնամասշտաբ գործողությունների՝ հաշվի առնելով Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի հասցեին խիստ արձագանքները:

– Ռազմական գործողությունները չի կարելի բացառել: Թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի հայտարարությունները լուրջ ճնշում են Ադրբեջանի վրա: Բնականաբար, Ադրբեջանը Թուրքիայի պաշտպանության տակ է, բայց ակնհայտ է, որ այդ հայտարարությունները լուրջ ճնշման գործիքներ են Ադրբեջանի դեմ, և վերջինը չի կարող ուշադրություն չդարձնել այդ հայտարարություններին:

– Բայդենի իշխանության օրոք է, որ մենք ականատես ենք լինում նման հասցեական գնահատականների: Թրամփի ժամանակ նման գնահատականներ չկային:

– Նախ սկսենք նրանից, որ Բայդենի արտաքին քաղաքական պատկերացումները տարբերվում են Թրամփի արտաքին քաղաքական պատկերացումներից: Մենք էապես տարբեր պրոցեսների հետ գործ ունենք, տարբեր առաջնահերթությունների:

Թրամփի համար առաջնահերթություն չէր արտաքին քաղաքականությունը, նա ավելի շատ կենտրոնացած էր ներքին տնտեսական զարգացման վրա: Բայդենի վարչակազմը առաջնահերթություն է տալիս արտաքին քաղաքականությանը, և այդ ակտիվությունը նկատելի է լինելու, բնականաբար, նաև Հարավային Կովկասում: 

– Նիկոլ Փաշինյանը Սալիվանի հետ հեռախոսազրույցում խոսել է նաև 907 բանաձևի մասին: Որքանո՞վ կարևոր է այս բանաձևը, և ինչ կարող ենք ակնկալել ԱՄՆ-ից այս հարցում:

– 907 բանաձևով արգելվում էր Ադրբեջանին որևէ տեսակի օգնություն տրամադրել, այդ թվում՝ նաև ռազմական, բայց նաև օրենք էր ընդունվել, որը թույլ էր տալիս շրջանցել այդ հոդվածը և օգնություն տրամադրել Ադրբեջանին:

Հիմա 907 բանաձևի վերականգնումը կնշանակի Ադրբեջանին տրամադրվող օգնության դադարեցում: Այս հարցը շատ կարևոր է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում ընդգրկելը, որովհետև Ադրբեջանը շատ ավելի մեծ ծավալի օգնություն է ստանում ԱՄՆ-ից, քան Հայաստանը:

Այնպես որ, սա շատ կարևոր խնդիր է, որը պետք է լինի Հայաստանի ցանկացած իշխանության ուշադրության կենտրոնում:

Մանե Հարությունյան

MediaLab.am