«Դրամի արժեզրկումը լուրջ սոցիալական հետևանքներ է ունենալու, իշխանությունը սոցիալական բունտերի առաջ է կանգնելու». Սուրեն Պարսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը

Պարո՛ն Պարսյան, Հայաստանում դոլարի արժևորումը շարունակվում է։ Ինչի՞ հետևանք է սա, և ի՞նչ ազդեցություն է ունենում տնտեսության վրա, մարդկանց կյանքում։

– Դրամի արժեզրկումը կանխատեսելի էր այս տարվա ընթացքում՝ հաշվի առնելով ֆինանսատնտեսական ճգնաժամը և դրա բացասական հետևանքները։ Մասնավորապես, 9 ամիսների ընթացքում տրանսֆերտների ծավալի լուրջ նվազում ունեցանք։

Ինչպես նաև, ներդրումները կրճատվեցին այս տարվա ընթացքում, նաև պետական հարկաբյուջետային քաղաքականությունը փոխվեց, պետությունը որոշեց, որ նվազեցնում է հարկերը խոշոր տնտեսվարողների համար։

Եվ այդ տնտեսվարողներից շատերը ոչ թե ներդրումներ արեցին այդ զիջած հարկերը, այլ ուղղակի դոլար սարքեցին և այս տարվա ընթացքում Հայաստանից հանեցին։

Դրա ապացույցն այս տարվա ինն ամիսներին ուղղակի ներդրումների զուտ հոսքերի նվազումն է։ Այսինքն՝ Հայաստանից ավելի շատ գումար են տարել, քան բերել։

Այս ամենին գումարվեցին նաև պատերազմական գործողությունները, որի ժամանակ ռազմական և այլ բնույթի մեծածավալ ծախսեր կատարվեցին, որոնք հիմնականում դոլարով են։

Մենք այդ ապրանքները ձեռք են բերել, որոնց համար կամ վճարել ենք կամ հետագայում ենք վճարելու, բնականաբար, դոլարով։ Իսկ դա արտարժույթի շուկայի վրա մեծ ազդեցություն թողեց։

Սրան գումարվեց նաև սպեկուլյացիան։ Մարդիկ, զգալով, որ դոլարի փոխարժեքը բարձրանում է, սկսեցին դոլար գնել՝ որպես թանկացող ապրանք՝ հետագայում վաճառելու նպատակով։

Այս ամենը գումարվեց իրար, և մենք հիմա ունենք բավական արագ տեմպերով դրամի արժեզրկում։

Նաև պետք է նշեմ, որ դրամի արժեզրկումն անխուսափելի էր մեր տարածաշրջանի պայմաններում, սակայն պետք է վերահսկվեր Կենտրոնական բանկի կողմից։

Ինչո՞ւ էր անխուսափելի, քանի որ մեր տարածաշրջանի երկրներում՝ Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում ազգային արժույթներն արդեն իսկ արժեզրկվել էին։ Այլ հավասար պայմաններում մեր ապրանքները Ռուսաստանում դարձան ավելի թանկ։

Բնականաբար, մեր արտահանողները մեծ վնասներ էին կրում, քանի որ հայկական դրամը պահում էր իր կայունությունը, իսկ մեր հարևան երկրների արժույթները անկում էին գրանցում։

Գնաճն անխուսափելի էր, բայց պետք է պետության կողմից քայլեր ձեռնարկվեին, որ այդ գնաճի ազդեցությունը մեղմվեր։ Մասնավորապես, սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները պետք է ինդեքսավորվեին։ Այլ կերպ ասած՝ թոշակները, ցածր աշխատավարձերը պետք է բարձրացվեին, որպեսզի մարդիկ այս գնաճային ճնշումները չզգային։

– Այսինքն՝ մենք արդեն ունե՞նք գնաճային այդ ճնշումը։

– Այո՛, և դա շարունակվելու է հաջորդ ամիսների ընթացքում՝ դեկտեմբեր, հունվար, փետրվար։ Իսկ 2021 թվականի պետական բյուջեում նախատեսված չեն ծախսեր այս գնաճային ճնշումները մեղմելու ուղղությամբ՝ թոշակներն ու աշխատավարձերը մնացել են նույնը։ 

Այսինքն՝ ունենք իրավիճակ, որ գները բարձրանալու են, մարդկանց եկամուտները՝ նվազելու։ Եվ, բնականաբար, սա իր լուրջ սոցիալական հետևանքներն է առաջացնելու։

Եվ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության, տվյալ իշխանությունը սոցիալական բունտերի առաջ է կանգնելու։ Մարդիկ իրենց սոցիալական խնդիրների լուծումները փորձելու են գտնել դրսում, իսկ պատերազմի հետևանքով կորուստներ ունեցած մարդիկ առավել խիստ պահանջներ են դնելու կառավարության առաջ, և լուրջ խնդիրներ են լինելու։

– Ի՞նչ պետք է անել։

– Այս իրավիճակին ուղղակի ֆինանսական, տնտեսական տեսանկյունից պատրաստ չենք։ Պատրաստ չենք, որովհետև տարիներ շարունակ, ինչպես նախորդ, այնպես էլ այս կառավարության դեպքում ունեինք ծայրահեղ լիբերալ ֆինանսական ու տնտեսական թիմ, ովքեր կարծում էին, որ ամեն ինչ տալով մասնավորին՝ իրենց խնդիրները կլուծվեն։

Բայց հիմա ունենք ճիշտ հակառակը, պետությունը գումարի կարիք ունի, իսկ այդ գումարները չկան։ Եվ հաշվի առնելով այն, որ նախորդ տարվա համեմատ մեր հարկային եկամուտները ևս նվազում են, արդեն մոտ 10 տոկոսի է հասնում նվազումը, մեզ վարկ տվողներն ավելի քիչ կլինեն։ Ո՞վ վարկ կտա մի պետության, որի եկամուտները նվազում են։ Դա նույնն է, որ վարկ տան մի մարդու, ում եկամուտները նվազում են։

Մենք ունենք խնդիրներ, իսկ այս խնդիրների լուծման համար պետք է փոխենք մեր ֆինանսական, տնտեսական ոլորտի քաղաքականությունը և կադրերին։ Այս քաղաքականությունն ու այս կադրերն իրենց սպառել են արդեն։

– Կա տեղեկություն, որ մարդիկ բանկերից հանում են իրենց դրամային ավանդները ու վերածում դոլարի։ Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ բանկային համակարգի վրա։

– Մեր բանկային համակարգն ունի բավական լուրջ կայունություն։ Բնական է, որ փոխարժեքի նման տատանման ընթացքում հնարավոր են որոշակի արտարժութային փոխանակումներ։

Սակայն նշեմ, որ դրամային ավանդները մոտ 2,5 անգամ ավելի բարձր տոկոսադրույքով են ընդունվում, քան դոլարայինը։ Այսինքն՝ նման փոփոխություններ անողները պետք է գնահատեն այս իրավիճակը։ Այսինքն՝ 40 դրամ արժեզրկումից հետո է, որ ձեռնտու կլինի դրամային ավանդը վերածել դոլարային ավանդի։

Այս ամենի համար պետք են լուրջ ֆինանսական գիտելիքներ, բայց, ցավոք, մեր հասարակությունն այդ ֆինանսական գիտելիքների պակասը շատ ունի։ Կենտրոնական բանկը, ֆինանսական կառույցները, ՀԿ-ները հասարակության հետ այդ աշխատանքը պետք է տանեն, որպեսզի նման իրավիճակում մարդիկ չընկնեն խուճապի մեջ։

– Եթե անդրադառնանք բիզնեսի խնդիրներին, դրամի արժեզրկումն ինչպե՞ս է ազդում բիզնես ոլորտի վրա։ Մենք գիտենք, որ, օրինակ՝ ներկրվող ապրանքներն ու հումքը թանկանում են։ 

– Ներկրվող ապրանքները անշուշտ կթանկանան։ Մենք ունենք իրավիճակ, որ ապրանքների գները բարձրացել են, բայց մարդկանց եկամուտները նվազել են։ Բնականաբար, պահանջարկը կտրուկ նվազում է արդեն։

Դրա հետևանքով մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտներում անկում է արձանագրվում։ Բազմաթիվ փոքր ու միջին բիզնեսներ արդեն տուժել են, դադարեցնում են իրենց գործունեությունը։ Եվ դա էլ իր հերթին լրացուցիչ սոցիալական խնդիրներ է առաջացնում՝ աշխատատեղերի խնդիր և այլն։ 

Խնդիրներն իրոք շատ են և ավելի են մեծանալու։ Ձնագնդի էֆեկտ է լինելու, եթե, օրինակ՝ էներգակիրների գները ևս փոխվեն։ Օրինակ՝ մենք գազը Ռուսաստանից ձեռք ենք բերում դոլարով։

Եվ փոխարժեքի հաշվարկի հիմքում դրվել է 490 դրամը։ Դոլարի փոխարժեքի կտրուկ տատանման դեպքում, օրինակ՝ եթե այն հասնում է 510-520 դրամի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կարող է հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայելու այդ թիվը։

Կառավարությունը նման իրավիճակից խուսափելու համար պետք է սկսի բանակցել ռուսական կողմի հետ, որ սահմանին գազի սակագինն իջեցնի այնքան, որ փոխարժեքի փոփոխությունները մեղմվեն։

Սրանք քայլեր են, որոնք պետք է արվեին դեռ երեկ։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, բայց պետք է փորձել քայլեր անել, ուղղակի չնստել ու սպասել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am