Պատերազմը չի սպանում Ամանորը

Մհեր Արշակյան
Հեղինակ MediaLab

Այս օրերին համազգային թեմա է դարձել այն հարցը, թե պե՞տք է պատերազմի զոհերի, անհետ կորածների և գերիների երեխաներին ուրախացնել ամանորի օրերին:

Հարցը վտանգավոր է: 

Այդ երեխաներին պետք է ուրախացնել ամեն օր: Իսկ ի՞նչ են արել երկրաշարժի օրերին զոհերի երեխաների հետ՝ նրանց ուրախացրել են ով ինչպես կարողացել է: Տարել են արտասահման, փորձել են ամեն գնով նրանց միջից հանել ցավը:

Երեխային մեծ հաշվով չեն ուրախացնում, բլոկավորում են ցավը: Նույնը պետք է տեղի ունենա պատերազմի զոհերի, անհետ կորածների և գերիների երեխաների հետ: Երեխաները հեռուստացույցով տեսնելու են, չէ՞, Ձմեռ պապ, տոնածառ։ Ինչու՞ պիտի նրանց կտրել տոնից։ 

Ոչ ոք չի ասում անմոռանալի դարձնել այդ օրը տոնախմբությամբ, բայց պետք չէ օրն անմոռանալի դարձնել տոնի բացակայությամբ։

Ոչ ոք չի ասում ամբողջ երկիրը մտցրեք հրավառությունների ու քեֆ-ուրախությունների մեջ, բայց երեխաները պիտի ցավից հեռու լինեն, եթե այդ ցավն արդեն գտել է նրանց, եթե երեխան հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել:

Բայց երեխաները ոչ մի կապ չունեն էդ ողբերգության հետ։ Զոհերի երեխաներին ավելի շատ պիտի շրջապատել տոնով, հենց նրանց համար ուրախությունը պիտի լինի անմոռանալի։

Այլ հարց է, որ տոներից հետո երեխային չդնեք մի վիճակում, որ ինքը երազի ամբողջ տարին մնալ Նոր տարվա տոնախմբությունների մեջ։ 

Ես մեծացել եմ մանկատանը, որտեղ կլոր տարին ոչ ոք հայր ու մայր չուներ։ Եվ այդտեղ Նոր տարվա խորհրդային ժուժկալ միջոցառումները, որոնք բաղկացած էին մի տոնածառի հանդեսից ու մեկ տոպրակից, տարվա գլխավոր իրադարձությունն էին մեզ համար։

Մեզ համար Նոր տարին սկսվում և ավարտվում էր հունվարի 1-ի ժամը 12-ից մինչև ժամը 14-ը։ Վերջ։ Դրանից առաջ մի ամբողջ դեկտեմբեր մենք սպասում էինք այս երկու ժամին ու մեր կյանքի ամբողջ ռիթմն էր ըստ այդմ։ 

Երեխաների մի մասը չգիտեր` ունի՞ ինքը մայր կամ հայր, մյուս մասը նույնիսկ չգիտեր (օրինակ՝ ես) հայրն ու մայրն ի՞նչ են` ուտո՞ւմ են մորն ու հորը, սիրո՞ւմ են նրանց, խաղո՞ւմ են նրանցով, հնարավո՞ր է նրանց քանդել հավաքել:

Բայց կային երեխաներ, որոնք մանկատանն էին մոր սեր տեսած, կամ համենայնդեպս մայր տեսած: Եթե մայր ու հայր չտեսածները մեր այսօրվա թեմա չեն, ապա տեսածները թեմա են: Նրանք ավելի լավ նոր տարիներ էին տեսել, քան մանկատանն էին տեսնելու կամ տեսնում: 

Ցավը բլոկավորելուց հետո է սկսվում երեխայի ռեաբիլիտացիան նոր իրականությունում: Մանկատանն այդպիսի ռեաբիլիտացիա չկար խորհրդային տարիներին:

Այնտեղ շատ կտրուկ էր դրված հարցը՝ դու մայր կամ հայր չունես, փակում ենք այս թեման: Բայց սա՝ թեմայից հասկացողների համար:

Պատերազմի զոհերի, անհետ կորածների և գերիների երեխաների համար նոր իրականությունը մենք ենք՝ ուրիշների հայրերը և մայրերը, ոչ ոք մեղավոր չէ, որ ուրիշների հայրերը պատերազմում չեն զոհվել, անհետ չեն կորել կամ գերի չեն ընկել:

Բայց դուք պատկերացրեք այդ մարդկանց կամ նրանց զավակների ուրախությունը: Ուրեմն այդ ուրախությունը պետք է կիսել, պետությունը պետք է կարողանա ուրախություն բաժանել, նույնը պիտի անեն անհատները, տոնածառերը պետք է զարդարվեն նրանց համար, մրգերը, խաղերը, ժպիտները պետք է «թևածեն» (ամանորյա բառ է) նրանց համար: 

Ամանորը երեխաների համար է: Ես սա ասում եմ որպես երեխա…

Մհեր Արշակյան

MediaLab.am