Անօրեն փոխհատուցում` կանաչի դիմաց. քաղաքապետարանն ընդդեմ բնապահպանների

Անօրեն փոխհատուցում` կանաչի դիմաց. քաղաքապետարանն ընդդեմ բնապահպանների
Անօրեն փոխհատուցում` կանաչի դիմաց. քաղաքապետարանն ընդդեմ բնապահպանների

Մաշտոցի այգու վերջին զարգացումները կրկին ցույց են տալիս, որ խնդրի սխալ մեկնաբանություններով դարձյալ փորձ է արվում շեղել ուշադրությունը:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել. նախկին քաղաքապետներից մեկը Աբովյան փողոցի որոշակի տարածքներում շինարարության թույլտվություն է տվել, որոնք տարիների ընթացքում դարձել են թանկարժեք կամ ոչ այնքան հագուստի խանութներ: Միմյանց հաջորդող քաղաքապետները չեն կարողացել կամ չեն ցանկացել ազատել այդ տարածքները և մայթերը վերադարձնել քաղաքի բնակիչներին:

Վերջին ամիսներին այդ տարածքները ազատվել են, սակայն քանի որ այդ խանութների սեփականատերերը, բնականաբար, չէին կարող հանուն գեղեցիկ գաղափարների կամ քաղաքացիների հարմարավետության ուղղակի հրաժարվել իրենց տարածքներից, քաղաքապետարանը որպես փոխհատուցում նրանց տարածքներ է հատկացրել Մաշտոցի այգում:

Այդ պահից ի վեր արդեն հասարակության մի հատվածը, որի կարծիքով պուրակում որևէ շինություն չպետք է լինի, սկսում է բողոքել և ակցիաներ անցկացնել այդ շինությունների կառուցման դեմ` պնդելով, որ այգին կանաչ տարածք է, իսկ Երևանում կանաչ տարածքները մեկ բնակչի հաշվով արդեն աղետալիորեն նվազել են` 4-5 քմ` նախկին 16-ի փոխարեն:

Քաղաքապետարանն իր հերթին հակադարձում է, թե Աբովյան փողոցում այդ տարածքները խանութների տերերին որպես սեփականություն էր տրված, և մեծ դժվարությամբ են կարողացել նրանց համոզել տեղափոխվել: Իսկ այստեղ նրանք միայն վարձակալներ են, և պետք է գոհ լինենք, որ գոնե այսպես նրանք համաձայնել են, և Մաշտոցի այգում խանութները կառուցվելու են միայն սալիկների վրա, ոչ մի ծառ չի հատվելու, ոչ մի սիզամարգ չի տրորվելու:

Մինչև այս պահը հակամարտող երկու կողմերի տեսակետները ընկալելի են, սակայն կա մի շատ կարևոր բայց` ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ, որի մասին հաճախ բոլորը մոռանում են:

Ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարարի 2003 թ. մայիսի 23-ի թիվ 32-Ն «ՀՀՇՆ III-9.02-02-03 «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» հրամանի, որը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2003 թ. հուլիսի 9-ին (պետական գրանցման թիվ 11703218), սահմանված է, որ շենքերի պատերի արտաքին կողերից մինչև ծառերի բների առանցքը հեռավորությունը չի կարող 5 մետրից պակաս լինել: Իսկ որ նոր կառուցվող խանութների պատերից մինչև ծառեր հեռավորությունը նույնիսկ 1 մետր էլ չկա` ընդունում են բացարձակապես բոլորը, ներառյալ քաղաքապետարանը և ոստիկանությունը:

Սա նշանակում է, որ քաղաքապետարանն ինչ հիմնավորումներ էլ ներկայացնի, ինչքան էլ քաղաքապետարանի աշխատակիցները այգում խանութների դեմ պայքարող երիտասարդների հասցեին հայհոյախառն հաղորդագրություններ տեղադրեն քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Ֆեյսբուքի» պատին` ձեռի հետ էլ շեֆի աչքում բարձրանալու և հաճոյանալու համար, միևնույն է` Մաշտոցի այգում կառուցվող խանութները գործող օրենսդրության շրջանակներում անօրինական են, քանի դեռ ծառերի բնից առնվազն 5 մետր չեն հեռացվել:

Եվ քանի դեռ այդ օրենսդրական հարցը չի լուծվել, շինարարությունը Մաշտոցի այգում ուղղակի չի կարող իրականացվել:

Հմայակ Հարությունյան

© Medialab.am