Տեղեկատվության ազատության մասին օրենքը Հայաստանում լիարժեք չի գործում

Տեղեկատվության ազատության մասին օրենքը Հայաստանում լիարժեք չի գործում
Տեղեկատվության ազատության մասին օրենքը Հայաստանում լիարժեք չի գործում

«Հայաստանը տեղեկատվության ազատության զարգացման ուղղությամբ իր պարտավորությունները դեռ մասամբ է կատարել»,-կարծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

2011թ. Հայաստանը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (Open Government Partnership) միջազգային նախաձեռնությանը և ստանձնել մի շարք բարեփոխումների կատարման պարտավորություն: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2013թ. իրականացրել է տեղեկատվության ազատության զարգացման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգ։  

Աշոտ Մելիքյանը նշեց, որ այդ ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները երեքն են եղել՝ երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրերի թափանցիկության ապահովում, ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի բովանդակության ստանդարտացում և տեղեկատվության մատչելիության վերաբերյալ պետական ծառայողների գիտելիքների ու հմտությունների զարգացում:

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի թափանցիկության ապահովման հիմնական գործիքը կա՝ ethics.am, բայց լուրջ խնդիր է դրանց բովանդակությունը. շատ համեստ տվյալներ են ներկայացված պաշտոնյաների գույքի և ունեցվածքի մասին, բացի այդ պաշտոնյաները ոչ միշտ են ժամանակին ներկայացնում հայտարարագիր»,-նշեց Ա. Մելիքյանը:   

Պետական մարմինների պաշտոնական կայքերի բովանդակության ստանդարտացման գործընթացը ևս դանդաղում է, սակայն արդեն կա Կառավարության որոշում, որը, թերևս, կխթանի այս պարտավորության կատարումը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանը հայտնեց, որ իրենց կազմակերպությունը 2013թ. ընթացքում հարցումների միջոցով փորձել է պարզել, թե պետական կառույցները որքանով են կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները. «Իրականացվել է 105 նամակ-հարցում, որոնցից 20-ը եղել են թերի, 2 նամակ մնացել է անպատասխան, իսկ 61 հարցումների մեծ մասին տրվել է ժամկետանց՝ 1-ից մինչև 36 օր, պատասխան»: 

«Տեղեկատվության ազատության մասին օրենքը Հայաստանում լիարժեք չի գործում»- եզրակացրեց Օլգա Սաֆարյանը՝ մեկնաբանելով և ամփոփելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրականացրած ուսումնասիրության արդյունքները:

«Մեդիա կենտրոն»