Հայտնի է գյումրեցի 57-ամյա կնոջը սպանած ռուս զինծառայողի գործով առաջին դատական նիստի օրը

Հայտնի է գյումրեցի 57-ամյա կնոջը սպանած ռուս զինծառայողի գործով առաջին դատական նիստի օրը
Հայտնի է գյումրեցի 57-ամյա կնոջը սպանած ռուս զինծառայողի գործով առաջին դատական նիստի օրը

Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա առաջին դատական նիստը:

Այն վարելու է դատավոր Ադրինե Ղուկասյանը։ Հիշեցնենք՝ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Ջուլիետա Ղուկասյանն իր տան մոտ ծեծի ենթարկվելու հետևանքով մահացել է: Քննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, վարորդ-մեխանիկ Անդրեյ Ռազգիլդեևը:

Datalex.am-ում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 07:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում տեսել է Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26-րդ շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 1961 թվականին ծնված Ջուլիետտա Ստյոպայի Ղուկասյանին և հետևել նրան:

Ջուլիետտա Ղուկասյանը, խուսափելով Անդրեյ Ռազգիլդեևից, փոխել է ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ, որտեղ էլ Անդրեյ Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետտա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետտա Ղուկասյանի մահը: Ջուլիետտա Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ էլ նույն օրը ժամը 11:30-ին մահացել է:

Մանարամասները՝ Factor.am-ում: