Պայքար, պայքար մինչեւ վե՞րջ. Սերժ Սարգսյանի իմպիչմենթի վերաբերյալ նախագիծը` լակմուսի թուղթ քաղաքական դաշտի համար

Պայքար, պայքար մինչեւ վե՞րջ. Սերժ Սարգսյանի իմպիչմենթի վերաբերյալ նախագիծը` լակմուսի թուղթ քաղաքական դաշտի համար
Պայքար, պայքար մինչեւ վե՞րջ. Սերժ Սարգսյանի իմպիչմենթի վերաբերյալ նախագիծը` լակմուսի թուղթ քաղաքական դաշտի համար

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած Սերժ Սարգսյանի իմպիչմենթի վերաբերյալ նախագիծը, որն արդեն խորհրդարանում է, լակմուսի թուղթ կլինի քաղաքական դաշտի համար:

Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի»  ղեկավար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, ով նշում է, որ դրանով քաղաքական ուժերը ցույց կտան, թե իրենց oրակարգում որքանո՞վ է դրված նախագահի փոփոխության հարցը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը շատ վատ բանավեճ բացեց՝ բոլոր նրանց, ովքեր մեղադրում էին քառյակին ու եռյակին, մեղադրեց իշխանության բարեկամը լինելու, իշխանափոխությանը խոչընդտելու մեջ: Հիմա Նիկոլ Փաշինյանի այս քայլը թերևս պատասխան է, որ պետք է հստակեցվի, թե ով իր օրկարգում ունի նախագահի փոփոխության խնդիր»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նա հիշեցնում է, որ նախորդ վարչապետի ու կառավարության կազմի փոփոխությունից հետո ոչ իշխանական ուժերի կողմից հայտարարվում էր, որ նախագահի փոփոխության հարցն էլ կա օրակարգում, ուղղակի ժամկետների հետ կապված տարաձայնություններ կան: Հիմա եկել է ժամանակը, որպեսզի ոչ իշխանական քաղաքական ուժերը ցույց տան՝ այդ հարցը կ՞ա իրենց օրակարգում, թե՞ ոչ:

Ստոպա Սաֆարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը միամիտ քաղաքական գործիչ չէ, ինքը գիտեր, թե ինչ է սպասվում այս հարցը բարձրացնելիս:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին նախագիծը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին ուղարկել է ԱԺ խմբակցություններին:

Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի 44 ստորագրություն հավաքել, ապա կկարողանա այս հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները վերջին օրերին հարցի վերաբերյալ մեկնաբանություններ տալով՝ հիմնականում ասել են, որ կամ ծանոթ չեն Փաշինյանի նախագծին, կամ էլ նպատակահարմար չեն համարում այս փուլում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով հանդես գալը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտարարել էր, որ եռյակի օրակարգում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը չկա:
Նախագծում Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի համար մի շարք պատճառներ է բերում, որոնցից են Մարտի 1-ի գործի բացահայատված չլինելը, Հայ-թուրքական արձանագրությունները, գազի գնի թանկացումը, Շանթ Հարությունյանի գործը, Գևորգ Կոստանյանին Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելը, Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի, Գագիկ Խաչատրյանին ֆինանսների նախարարի, իսկ Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելը և այլն:

Փաշինյանը նախագծում նշում է, որ պաշտոնական հայտարարագրերով Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը միլիոնատերեր են, այնինչ մշտապես պետական պաշտոններ են զբաղեցրել:

Ընտրական և քաղաքական տեխնլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով, եռյակը գտնում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականին իմպիչմենտով չպետք է հասնեն, այլ քաղաքական ուրիշ գործընթացներով:

«Ցանկացած քաղաքական գործիչ, եթե որևէ քաղաքական գործընթաց է նախաձեռնում, իսկ իմպիչմենտը դա քաղաքական ու իրավական գործընթաց է, ապա նա պետք է առնվազն հաշվարկի դրական արդյունք ստանալու տոկոսը: Եթե այդ քաղաքական գործընթացը գոնե 50 տոկոսից ավելի դրական արդյունքի հնարավորություն ունի, ապա այն պետք է նախաձեռնել: Սակայն եթե քաղաքական գործիչը հաշվարկում ու տեսնում է, որ այդ գործընթացը դրական արդյունքի անգամ մեկ տոկոսի հնարավորություն չունի ու գնում է դրան, ապա դա ցույց է տալիս տվյալ քաղաքական գործչի քաղաքական հաշվարկներ անելու անկարողությունը»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, եթե անգամ այդ գործընթացին ոչ իշխանական ուժերը միանան, որոնք ԱԺ-ում ունեն մոտ 55 ձայն, միևնույն է, գործընթացը դրական արդյունք չի ունենա: Նա հիշեցնում է, որ իմպիչմենտը նաև իրավական գործընթաց է, եթե արտահերթ նիստի համար 44 ստորագրություն է անհրաժեշտ, ապա Սահմանադրական դատարան դիմելու համար 66 ստորագրություն է պետք, ինչը ոչ իշխանական ուժերը չեն կարող ապահովել:

«Նույնիսկ եթե եռյակի բոլոր պատգամավորներն էլ ստորագրեն, այդ քաղաքական գործընթացը անհաջողության է մատնված: Սա կարող է բերել նրան, որ եռյակը կստանա վարկանիշային բավական մեծ կուրուստ, որովհետև նրանց արդեն կմեղադրեն ի սկզբանե թույլ լինելու մեջ: Եթե դու մի քայլ ես նախաձեռնում ու հաջողության չես հասնում, ապա քեզ հարց են տալիս՝ եթե գիտեիր, ապա ինչո՞ւ սկսեցիր, այդքան անլուրջ վերաբերմունք դրսևորեցիր»,- ասում է նա:

Արմեն Բադալյանի խոսքով, եթե եռյակն այս հարցում պարտվի, ապա նրա հոկտեմբերյան հանրահավաքները զրոյացվում են: Այդ հանրահավաքների միջոցով եռյակը բավական ազդեցիկ ուժի է ուզում վերածվել, իսկ եթե իր նախաձեռնությունը անհաջողության է պարտվում, նշանակում է նախկին  գործընթացը նույնպես զրոյացվում է:

Արմեն Բադալյանի խոսքով՝ եթե ընդունենք, որ եռյակը չի միանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, ապա նա վարկանիշային վնաս չի կրում, որովհետև իր վարկանիշն իր կողմնակիցների մոտ բարձր է:

«Իսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի կողմնակիցների մոտ բավական բարձր է: Այսինքն՝ չի ստացվի այն գործընթացը, որ եռյակը չմիանալով այդ գործընթացին՝ կհեղինակազրկվի, և ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի ընտրազանգվածը կթեքվի դեպի Նիկոլ Փաշինյանը: Այդպիսի բան տեղի չի ունենա»,- նշում է նա:

Իշխանությունների համար այս գործընթացը, Արմեն Բադալյանի խոսքով, ամբողջովին անվտանգ գործընթաց է, որովհետև Նիկոլ Փաշինյանն այն անցկացնելու համար անհրաժեշտ ձայներ չի կարողանա ապահովել:

Այսպիսով, եթե եռյակը միանա քաղաքական այս գործընթացին, կվարկաբեկվի, եթե չմիանա, չի վարկաբեկվի: Իշխանությունն այսպես թե այնպես դրանից չի տուժում:

«Արդյունքում տուժում է այն քաղաքական գործիչը, որը նախաձեռնում է այս գործընթացը: Նրան պետք է ասեն՝ դու նախաձեռնեցիր, դու պարտվեցիր, եթե չէիր հասկանում, որ նրանք չեն միանալու, ինչո՞ւ ի սկզբանե PR-ով զբաղվեցիր»,- ասում է Արմեն Բադալյանը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am