ՍԴ որոշումից հետո առաջացել է ակնհայտ բաց, ու այդ օրենքում պետք է փոփոխություններ կատարվեն. Դավիթ Մելիք-Նուբարյան

Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական որակեց առողջապահության նախարարի հրամանի այն մասը, որի համաձայն աշխատող անձինք իրենց հաշվին պարտավոր էին ամիսը երկու անգամ, այնուհետև՝ 7 օրը մեկ անցնել ՊՇՌ հետազոտություն ու թեստի բացասական արդյունքը ներկայացնել գործատուին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի հրամանի այս կետը ՍԴ-ում վիճարկել էին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները:

Փաստացի, բարձր դատարանի որոշմամբ՝ այժմ առողջապահության նախարարության պահանջը, որ աշխատող անձը պարտավոր է կա՛մ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող, կա՛մ պատվաստումը հավաստող փաստաթուղթ ներկայացնել գործատուին սահմանված ժամկետներում, շարունակում է ուժի մեջ մնալ, բայց հստակ չէ, թե ո՞վ է վճարելու ՊՇՌ հետազոտության համար, որովհետև ՍԴ-ն չի պարտադրել ո՛չ պետությանը, ո՛չ գործատուին, ո՛չ, առավելևս՝ աշխատողին:

Առողջապահության նախարարությունը հույս ունի, որ ՍԴ այս որոշումից հետո էլ մարդիկ կվճարեն ՊՇՌ հետազոտության համար, ու օրենքը կշարունակի իր նպատակին ծառայել:

«Մեդիալաբի» հետ զրույցում, սակայն, Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը միամտություն համարեց նախարարության այդ լավատեսությունը:

«Ակնհայտ է, որ այստեղ բաց կա, ու այդ օրենքում պետք է փոփոխություններ կատարվեն: Գուցե, ինչպես արյան դոնորության մասով է, այնպես էլ այս մասով, գործընթացը ճանաչել շահույթ չհետապնդող հետազոտություն, սահմանել դրա առավելագույն գինը, ինչը կբերի նրան, որ գները կնվազեն այսօրվա գներից առնվազն 3-5 անգամ, իսկ երկրորդ փուլով մտածել, թե ո՞վ կարող է այդ վճարն իր վրա վերցնել՝ պետությո՞ւնը, գործատո՞ւն, թե՞ երկուսը միասին»,- հարցին լուծում տալու համար Մելիք-Նուբարյանը նախարարությանն այս խորհուրդն է տալիս:

Մասնագետը կարծում է, որ այս որոշումից հետո որևէ աշխատող կամավոր չի համաձայնի իր գրպանից վճարել այդ հետազոտության համար, նրա բնորոշմամբ՝ միամտություն է նման բան կարծել:

«Գործնականում հնարավոր չի լինի այս օրենքի կիրառումը ՍԴ որոշումից հետո, ոչ ոք սեփական միջոցների հաշվին չի գնա ՊՇՌ հետազոտության, ավելին՝ գուցե գտնվեն մարդիկ, որոնք կփորձեն արդեն վճարած գումարները հետ ստանալ»,- «Մեդիալաբին» ասում է Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Մասնագետը վստահ է, որ օրենքի կենսունակությունն ապահովելու համար անհրաժեշտ է այն փոփոխության ենթարկել, հակառակ պարագայում այն չի աշխատելու, որովհետև չկա ճնշման միջոց:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am