«Աշխատողը պետք է շարունակի հանձնել ՊՇՌ հետազոտություն, եթե չի իրականացնելու իր իսկ միջոցների հաշվին, կարող է հայթայթել այլ միջոցներ». ԱՆ պաշտոնյա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը

– Տիկի՛ն Մկրտումյան, Սահմանադրական դատարանի որոշումն այն մասին, որ աշխատող անձը պարտավոր չէ իր հաշվին ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնել, ինչպե՞ս եք գնահատում, սպասելի՞ էր նման որոշում բարձր դատարանի կողմից:

– Անկեղծ ասած՝ սպասելի որոշում էր՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման արդյունքում առողջապահության նախարարի հրամանը հակասահմանադրական չի ճանաչվել: Ըստ էության, հակասահմանադրական չի ճանաչվել ո՛չ ՊՇՌ թեստի վերաբերյալ պահանջը, ո՛չ պատվաստումային սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը, հակասահմանադրական է ճանաչվել բացառապես մեկ բառակապակցություն, այն է՝ «իր հաշվին», որը վերաբերելի է աշխատողի միջոցներով ՊՇՌ հետազոտություն անցնելուն:

ՍԴ-ն արձանագրել է ընդամենը մեկ փաստ, որ առողջապահության նախարարի հրամանով մի՛ կանխորոշեք այն անձանց շրջանակը, որոնք պետք է իրականացնեն աշխատողի կողմից ՊՇՌ թեստ անցնելու համար, ու դա ենթադրում է, որ «իր հաշվին» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելով՝ ՍԴ-ն արձանագրել է, որ այդ հետազոտության համար վճարում կարող է անել ցանկացած անձ, որը նման կամք կարտահայտի:

Կարևոր է արձանագրել, որ պետության, գործատուի, որևէ այլ անհատի համար որևէ պարտավորություն չի առաջացել ՊՇՌ հետազոտության համար վճարում իրականացնելու մասով, սա ամենակարևոր ու այս պահին հստակ ֆիքսման ենթակա հանգամանքն է:

Ի՞նչ է ստացվում, որ օրենքը մնում է ուժի մեջ, բայց այս պարագայում, երբ քաղաքացին պարտավորված չէ սեփական միջոցներով վճարել դրա համար, ո՞վ է հոգալու այդ ծախսը:

– Հաշվի առնելով, որ նույն հիմքը՝ ՊՇՌ հետազոտություն անցնելու պահանջը, ՍԴ-ն ճանաչել է սահմանադրական, նշանակում է, որ այդ նորմը շարունակելու է գործել: Այո՛, աշխատողը սահմանված պարբերականությամբ անցնլու է ՊՇՌ հետազոտություն, պարզապես եթե հստակ սահմանված էր, որ իր հաշվին պետք է իրականացնի, հիմա այդ բառերը հանելով՝ մենք հնարավորություն ենք տալիս անձին միջոցներ հայթայթել այլ աղբյուրներից՝ իրականացնելու իր իսկ հետազոտությունը:

Ամեն դեպքում այդ պարտականությունը շարունակում է գործել աշխատողի համար, պարզապես եթե նա ֆինանսական միջոցներ ձեռք բերելու համար այլ աղբյուրներ կգտնի, կարող է օգտագործել այդ աղբյուրները: Սա ամենևին չի նշանակում, որ որևէ այլ սուբյեկտի, ներառյալ՝ պետության կամ գործատուի համար առաջանում է աշխատողի փոխարեն վճարելու պարտավորություն:

 – Տիկի՛ն Մկրտումյան, նույն կերպ աշխատողը չունի սեփական գրպանից թեստի համար վճարելու պարտավորություն, այս պարագայում գործընթացի կատարումն ինչպե՞ս եք պատկերացնում:

– Պարտադրելու խնդիր այս դեպքում չի առաջանում, որովհետև, դարձյալ նշեմ՝ ՊՇՌ հետազոտություն անցնելու պահանջը ճանաչվել է սահմանադրական, այսինքն՝ աշխատողը պետք է շարունակի հանձնել ՊՇՌ հետազոտություն, եթե չի իրականացնելու իր իսկ միջոցների հաշվին, կարող է հայթայթել այլ միջոցներ, որովհետև հետազոտությունն անցնելու պարտականությունը շարունակելու է գործել աշխատողի համար:

– Համոզվա՞ծ եք, որ այս պարագայում տվյալ օրենքը կծառայի նպատակին, մարդիկ կանցնեն այդ հետազոտությունը:

– Այս պահին էլ օրենքը շարունակում է իր նպատակին ծառայել, որովհետև ՍԴ-ն չի պարտադրել ո՛չ պետությանը, ո՛չ գործատուին, հետևաբար վերջիններս ուղղակի պարտավորություն չունեն:

Հնարավոր է իրականության մեջ լինի դեպք, երբ գործատուն ինքնակամ վճարի աշխատողի հետազոտության համար, չի լինի գործատուն, որևէ մերձավոր ազգական, ընտանիքի այլ անդամ, որևէ այլ անձ, որն իր հաշվին կարող է ապահովել այլ անձի ՊՇՌ հետազոտություն անցնելու վճարումը:

– Տիկի՛ն Մկրտումյան, ասացիք, որ ՍԴ որոշումը սպասելի էր, ինչո՞ւ, ի սկզբանե գիտեի՞ք, որ այդ բառակապակցությունը վիճարկելի էր, բայց, այնուամենայնիվ, կիրառել էիք, թե՞ այլ պատճառ կար:

– Մեր ներկայացրած գրավոր դիրքորոշման մեջ և ՍԴ-ում դատաքննության ընթացքում բանավոր ներկայացրել ենք, որ «իր հաշվին» արտահայտությունը բացառապես նպատակ էր հետապնդել հանրությանն իրազեկելու, որ պետությունը, ի տարբերություն պատվաստումային գործընթացի, ՊՇՌ հետազոտություն անցնելն անվճար պայմաններով չի երաշխավորում:

Նպատակը միայն դա էր, և մենք նշել ենք նաև, որ համաձայն ենք՝ լինի այդ արտահայտությունը, թե չլինի, միևնույն է՝ բովանդակային առումով ոչինչ չի փոխվի, որովհետև որևէ այլ սուբյեկտ չի դառնա վճարման պարտականությունը ապահովելու համար պատասխանատու:

– ՍԴ այս որոշումից հետո քաղաքացիների, որոնք իրենց հաշվին են վճարել հետազոտության համար, իրավունքների խախտում կա՞:

– Կարծում եմ, որ իրավունքի որևէ խախտում տեղի չի ունեցել, քանի որ յուրաքանչյուր աշխատող ՊՇՌ հետազոտություն անցնելիս միգուցե այլ միջոցներից է վճարել, ոչ թե անձնական գրպանից, այդ գործընթացը որևէ կերպ վերահսկելի չի եղել, որ արձանագրված լինի՝ ով է փաստացի իրականացրել վճարումը:

– ՍԴ որոշման հրապարակումից հետո բազմաթիվ քննադատություններ հնչեցին նախարարի հասցեին, կան մարդիկ, որոնք տիկին Ավանեսյանի հրաժարականն են ակնկալում: Հրաժարականի հիմքե՞ր տեսնում եք:

– Քննադատությունները միանշանակ անընդունելի են, որովհետև ևս մեկ անգամ պետք է փաստեմ, որ ՍԴ-ն նախարարի հրամանը հակասահմանադրական չի ճանաչել, հետևաբար այլ մեկնաբանություն տվյալ դեպքում լինել չի կարող:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am