«Մոսկվան արդեն հաշվի է նստում մեր տարածաշրջանում թուրքական գործոնի հետ». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, Անթալիայում Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների բանակցություններից ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք:

– Նախ՝ հարցերի շատ լայն շրջանակ են ներգրավել այդ բանակցությունների ընթացքում՝ և՛ տարածաշրջանային առումով, և՛ թեմատիկ, իսկ բանակցությունները տևել են ընդամենը երկու ժամ, հետևաբար, բավական ինտենսիվ են եղել:

Թեմաները, որոնք ընդգրկված էին՝ համաձայն պաշտոնական հաղորդագրությունների և նախարարների մամուլի ասուլիսի, այն խնդիրներն էին, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն տարածաշրջանի պետությունների համար, այլ նաև՝ ընդհանրապես:

Կարևոր նշանակության խնդիրներից են, օրինակ՝ Սիրիայում երկու երկրների համագործակցությունը, երկու երկրների հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Լիբիայում, երբ այդ երկրները այդտեղ հանդես են գալիս հակադիր ուժերի հովանավորներ:

Հաջորդ դիտարկումը մամուլի ասուլիսի հետ է կապված. այն հիմնականում ուներ դիվանագիտական զրույցի բնույթ, այսինքն՝ ձևակերպումները շատ մեղմ ու ձևական էին, և դժվար է հասկանալ, թե իրականում ինչ քննարկումներ են եղել: Մյուս կողմից էլ՝ կարծում եմ, որ այդ երկու երկրների հարաբերություններն այնքան էլ անամպ չեն, նրանք ունեն խնդիրներ, որոնք կապված են Թուրքիայի ակտիվության հետ Ուկրաինայում, ինչը Ռուսաստանին բնավ դուր չի գալիս:

Մեր տարածաշրջանում Թուրքիայի այս ակտիվությունը, որն արտահայտվեց, մասնավորապես, Շուշիի այդ հռչակագրի ձևով, նույնպես Ռուսաստանին դուր չի գա: Դա, կարծում եմ՝ եղել է նաև հանդիպմանը քննարկման թեմաներից մեկը:

Այս բանակցությունների կոնկրետ արդյունքները հասկանալու համար սակայն ժամանակ է պետք:

– Հաշվի առնելով հանգամանքը, որ երկու երկրի արտգործնախարարներն ասել են, թե կանեն ամեն ինչ, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կարգավորեն՝ շեշտը դնելով ամրապնդման միջոցառումների վրա, Հարավային Կովկասում սա ի՞նչ նոր հնարավորությունների հիմք կհանդիսանա:

– Մեր տարածաշրջանին վերաբերող հայտարարության մեջ չկան լուրջ և խորքային ձևակերպումներ, որ կարելի լինի մեկնաբանել, որոնք կվկայեին, որ խոսքը կոնկրետ խնդիրների մասին է: Դրանք ընդհանուր ու դիվանագիտական լեզվին բնորոշ ձևակերպումներ էին, նման հայտարարություններ կողմերը մի քանի անգամ են արել:

Եթե բովանդակային առումով մոտենանք հարցին՝ այո՛, այդ երկրները կարող են նպաստել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը, բայց հարցն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան դա չեն ցանկանում: Նրանք ուզում են պատերազմի հետևանքով ստացած դիրքերն ավելի ընդլայնել:

Անընդհատ տեղի ունեցող այդ զորավարժությունները վկայում են այն մասին, որ տարածաշրջանում համագործակցության ու անվտանգության մասին դեռ վաղ է խոսել, ինչը պայմանավորված է Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությամբ: Թուրքիան ձևականորեն պարտավորություն է վերցնում նպաստել անվտանգության ամրպնդմանը, բայց ինքն է առաջինը խախտում այն:

– Պարո՛ն Սաֆրաստյան, Հարավային Կովկասի մասով բովանդակային քննարկում չի եղել նաև հանդիպման փա՞կ հատվածում, ի՞նչ եք կարծում:

– Պետք է որ անդրադառնային, քանի որ թուրքական ռազմաբազայի ստեղծումը Ադրբեջանի տարածքում չի կարող չմտահոգել Ռուսաստանին: Չեմ կասկածում, որ այդ հարցը քննարկել են Լավրովը և Չավուշօղլուն, թե ինչ համաձայնության են եկել կամ ինչ առևտուր է եղել՝ կդժվարանամ ասել:

Արցախի առումով էլ՝ համոզված եմ, որ ռուսական կողմը կձգտի, որ Արցախի կարգավիճակի քննարկումներ տեղի ունենան, որ Արցախը որոշակի կարգավիճակ ստանա, այլ ոչ թե դիտարկվի Ադրբեջանի կողմից՝ որպես իր տարածք: Բայց նաև համոզված եմ, որ Թուրքիան Ռուսաստանի այդ առաջարկին շատ բացասական վերաբերմունք ցույց տված կլինի:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ Մոսկվան, կոպիտ ասած, Հարավային Կովկասում այս կամ այն որոշում կայացնելիս արդեն հաշվի է նստում Թուրքիայի հետ:

– Եթե կարճ՝ այո՛, ինձ մոտ նման տպավորություն ստեղծվել է, որ Մոսկվան արդեն հաշվի է նստում մեր տարածաշրջանում թուրքական գործոնի հետ և Թուրքիային բավական մեծ դերակատարում է նախատեսում իր աշխարհաքաղաքական ծրագրերում՝ կապված Հարավային Կովկասի ծրագրերի հետ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am