Հանրահավաք-բանակցություններ-Քոչարյան. քաղաքական «Ոսկե Աշունը» մեկնարկել էլ

Հանրահավաք-բանակցություններ-Քոչարյան. քաղաքական «Ոսկե Աշունը» մեկնարկել էլ
Հանրահավաք-բանակցություններ-Քոչարյան. քաղաքական «Ոսկե Աշունը» մեկնարկել էլ

Ազատության հրապարակում տեղակայած բողոքի վրանային ճամբարով Հայ ազգային Կոնգրեսը քայլն է անում դեպի նախըտրական մրցարշավ: Փորձագետների կարծիքով, Լևոն Տեր-Պետորսյանը փորձում է այս ակտիվ միջոցառումների օգնությամբ իր կողքին պահել փոփոխություններ պահանջող ընտրազանգվածին:

«Բնականաբար առջևում ընտրություններ են և կամաց-կամաց ժողովուրդը պետք է հավատա ինչ-որ պայքարի առկայությանը, որպեսզի գոնե որոշակի քանակություն հավաքվի: Կարծես թե դա այնքան էլ չի ստացվում»,- նկատում է քաղաքագետ Արմեն Աղայանը:

Սեպտեմբերի 30-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ընդառաջելով հավաքավածներին, որոշեց շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում:

«Խորհրդակցության արդյունքում Հայ Ազգային Կոնգրեսն ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու ձեր ցանկությանը և այս պահից ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը»,- ասաց Լևոն Տեր-Պետորսյանը։

Շատերի մոտ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչը իրականում դրդեց ՀԱԿ-ին անցկացնել շուրջօրյա հանրավաքներ: Արդյո՞ք Տեր-Պետրոսյանն իրոք ընդառաջեց ցուցարարների ցանկությանը, թե դա ծրագրված գործողություն էր, որը որոշակի նպատակներ է հետապնդում:

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ այս երկու տեսակտներն էլ իրար չեն հակասում: ՀԱԿ առաջնորդը ընդառաջեց իր ընտրազանգվածին, բայց չի կարելի ասել, որ նստացույցը ոչ մի նպատակ չի հետապնդում:

«Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի մի մասը պահանջում էր անմիջական գործողություններ անել: Եթե նա կտրուկ գործողություններ չիրականացներ, հնարավոր է ավելի արմատական տրամադրված ընտրազանգվածի մի մասի մոտ ինչ-որ դժգոհություն առաջանար: Դրա համար նա կատարեց այդ գործողությունը: Երկրորդն նպատակն էլ այն էր` որ ճնշում գործադրեն իշխանությունների վրա բանակցության գործընթացը վերսկսելու համար»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Որոշ քաղաքական ուժեր, սակայն, նկատում են, որ ՀԱԿ-ն իր քաղաքական մղումներում այնքան էլ ազնիվ չէ:

«Նրանք երբեք էլ չեն հավատացել իշխանությունների հետ երկխոսությանը, և հիմա առիթից օգտվելով` հանրահավաքներ են անում ու նորից խոսում, որ գնալու են երկխոսության մինչև տարվա վերջ: Ինձ համար հասկանալի է. ՀԱԿ-ը փորձում է ընտրազանգվածը պահել մի քանի ամիս, հետո կասեն, տեսաք` չստացվեց երկխոսությունը և կմտնեն ընտրական շրջան»,- ասում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Այդուհանդերձ այս կարծիքը շատերի համար համոզիչ չի հնչում: Որոշ փորձագետների կարծիքով այս խնդրի բանալին Ռոբերտ Քոչարյանն է: Այսինքն` երկրորդ նախագահի գործոնը լուրջ դերակատարություն ունի ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մեջ:

Քաղաքագետ Արմեն Աղայանի կարծիքով չի կարելի ասել, որ Կոնգրեսի շուրջօրյա հանրավաքը Ռոբերտ Քոչարյանի դեմ է: Ավելի ճիշտ նպատակն է Քոչարյանի սպառնալիքը հիշեցնելով Սերժ Սարգսյանի հետ ինչ-որ համաձայնության գալ:

«Այսինքն հանրահավաքը Քոչարյանին ոչինչով չէր վնասում, ոչինչով չէր օգնում Սերժ Սարգսյանին: Դա ուղակի հիշեցում էր Սերժ Սարգսյանին որ կա Քոչարյան, ու եթե մեզ ինչ-որ զիջումներ չանես ապա վաղը նրա հետ գործ կունենաս»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Աղայանը:

Մինչդեռ քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով առհասարակ ՀԱԿ-ի ոչ մի գործողություն Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի:

«ՀԱԿ-ը ոչ միայն հիմա է ակտիվ, այլ դեռևս 2008 թվականի հունիսից պարբերաբար անցկացրել է հանրահավաքներ, այսինքն ակտիվ է եղել: Պարզապես տարբեր միջոցառումներ է փորձել կատարել»,- ասում է Արմեն Բադալյանը:

Փորձագետի խոսքերով իր բողոքի ակցիաներով Հայ ազգային կոնգրեսը փորձում է վերսկսել բանակցային գործընթացը: Ըստ նրա, սա հարկավոր է, քանի որ այսօր Հայաստանում քաղաքական գործընթացն ամենեւին էլ 2008 թվականինը չէ: Քաղաքական ուժերը փորձում են ձևավորել որոշակի գործընթաց բանակցությունների միջոցով, որից ետ կանգնելը ճիշտ չի լինի, քանի որ անգամ դրսի ուժերն են ջանքեր գործադրում այդ ուղղությամբ:

«Սա Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հրապարակային ակտիվ քաղաքականություն վերադառնալու հետ որևէ կապ չունի»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am