Հրեաների դեմ ատելության դեպքերը կտրուկ աճել են ամբողջ աշխարհում․ ամենաբարձր ցուցանիշը Գերմանիայում է

2025 թվականը 1994-ից ի վեր Իսրայելից դուրս բնակվող հրեաների համար ամենավտանգավոր տարին է եղել։ Այս մասին ասվում է Հակազրպարտության ամերիկյան լիգայի՝ ADL-ի տարեկան զեկույցում։

Հրեատյացության դեպք են համարվում հրեաների կամ հրեական հաստատությունների դեմ ատելությամբ ու նախապաշարմունքով պայմանավորված գործողությունները՝ ֆիզիկական հարձակումները, սպառնալիքները, վիրավորանքները, հետապնդումները, գույքի վնասումը, ինչպես նաև սինագոգների և գերեզմանների պղծումը։

ADL-ն Իսրայելից դուրս ամենամեծ հրեական համայնքներ ունեցող յոթ երկրներում՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Արգենտինայում և Ավստրալիայում, արձանագրել է ավելի քան 23 հազար նման դեպք։ 2022 թվականի համեմատ դրանց թիվն աճել է միջինը 136 տոկոսով։

Ամենամեծ աճը գրանցվել է Գերմանիայում։ 2025 թվականին այնտեղ արձանագրվել է 8725 դեպք՝ 2022 թվականի 2610-ի փոխարեն։ Դա կազմում է մոտ 70 դեպք՝ յուրաքանչյուր հազար հրեա բնակչի հաշվով։

Դեպքերի 22,6 տոկոսը դասակարգվել է որպես «հակաիսրայելական ակտիվություն», սակայն զեկույցում նշվում է, որ Գերմանիայում արձանագրված դեպքերի մեծ մասը հնարավոր չէ միանշանակ վերագրել որևէ քաղաքական կամ գաղափարական ուղղության։

Լուսանկարում՝ 2026 թվականի ապրիլին Մյունխենի իսրայելական ռեստորանի վրա հարձակման հետևանքները։