Հրեաների օրեցօր փոքրացող համայնքը Հայաստանում

Հրեաների օրեցօր փոքրացող համայնքը Հայաստանում
Հրեաների օրեցօր փոքրացող համայնքը Հայաստանում

Նար-Դոս փողոցի նեղլիկ արանքներից մեկում` սեփական տներով շրջապատված 1995-ից գործում է Հայաստանի ու Երեւանի միակ հրեական կրոնական կենտրոնը՝ սինագոգը։

Հայաստանում հրեաների հոգեւոր առաջնորդը՝ ռաբբի Գերշ Բուրշտեյնը, ծնվել ու մեծացել է Հայաստանում՝ Ուկրաինայից եկած հրեաների ընտանիքում։ Մանկուց ապրել են հրեական ավանդույթներին համապատասխան, տոնել բոլոր ազգային տոներն ու ակտիվ շփվել Հայաստանում ապրող շատ այլ հրեական ընտանիքների հետ։

Այսօր Հայաստանում ապրող հրեաների հստակ թիվը ոչ մի տեղ ֆիքսված չէ, տարբեր տվյալներով այն տատանվում է 500-2000-ի սահմաններում։ 1990-ականներից սկսված արտագաղթը ստիպեց շատերին մեկնել պատմական հայրենիք՝ Իսրայել, Հայաստանում մնացածներից շատերն էլ արդեն վաղուց չեն ապրում հրեական ավանդույթներով ու հրեական կյանքով, կարճ ասած՝ այն ամենով, ինչը հրեական արյուն ունեցողին դարձնում է հրեա։  

«Խորհրդային տարիներին Հայաստանը հրաշալի ապաստան էր ամբողջ Խորհրդային Միությունում ապրող հրեաների համար, այստեղ ապրելու էին տեղափոխվում՝ խուսափելու համար այլ վայրերում օր օրի ավելի ցայտուն դրսեւորվող հակասեմիտիզմից։ Հայաստանում այդ երեւույթը չկար, հենց այդ պատճառով էլ շատ հրեաներ ընտանիքներով հաստատվում էին այստեղ»,-ասում է ռաբբի Բերնշտեյնը, ով գրեթե ամեն օր բացում է սինագոգի դռներն ու սպասում համայնքի անդամներին, որոնք սկսել են հազվադեպ այցելել կրոնական կենտրոն։

Երեւանի միակ հրեական կրոնական կենտրոնը՝ «Մորդեխայ Նավի» սինագոգը Նար-Դոս փողոցում: Եռահարկ շինության գագաթին հրեաների թիվ մեկ խորհրդանիշն է՝ Դավթի աստղը, միայն թե փոքրիկ ձեւափոխմամբ։ Հրեաների դարավոր կապը Հայաստանի հետ խորհրդանշելու համար աստղի վերեւի թեւերը վերածվել են Արարատ լեռան պատկերի։

Աղոթքի բացը լրացնելու են գալիս ամռան ամիսներին Հայաստան եկող տուրիստները, ովքեր իրենց պարտքն են համարում այցելել Երեւանի սինագոգ ու ռաբբիի հետ զրույցից հետո միասին աղոթել։

«Հայաստանում մնացած մի քանի տասնյակ հրեական ընտանիքներից ոչ բոլորն են ապրում հրեական կյանքով։ Բայց չէ՞ որ հրեային հրեա է պահում հավատքն ու ավանդույթները, որոնցով սկիզբ է առել մեր ժողովուրդը։ Պարբերաբար սինագոգ գալը, աղոթելը, աշխատավարձի տասանորդը համայնքին նվիրաբերելը, սնվելու մեջ որոշակի կանոններին հետեւելը հրեայի ապրելակերպի առաջնահերթություններն են եղել, բայց հիմա դրանք քիչ-քիչ դուրս են մղվում առօրյա կյանքից։ Երիտասարդության մեծ մասը սա համարում է հետադիմական, դժվար իրագործելի, ինչի պատճառով էլ դասական կրոնական ավանդույթների վրա հիմնված համայնքը այսօր փոքրաթիվ է»,- պատմում է հոգեւոր առաջնորդը։

Ընդհանրական աղոթք կատարելու համար, համաձայն հրեական ավանդույթի, հարկավոր է տասը հրեա տղամարդ, այլ կերպ ասած, պետք է ապահովել քվորում։ Ռաբբին ասում է, որ տարվա մեջ մի քանի անգամ է պատահում, որ Հայաստանում ապրող հրեաները հավաքվեն ու միասին աղոթեն։ Նույնիսկ մեկ հոգու պակաս լինելու դեպքում արարողությունը չի կայանում։

Ռաբբիի խոսքով՝ սինագոգ այցելող հայաստանցի հրեաների մեծամասնությունը 50-ից բարձր տարիքի տղամարդիկ են, ովքեր պահպանում են ազգային սովորությունները։ Սեպտեմբերից կվերսկսեն նաեւ լեզվի դասընթացները բոլոր ցանկացողների համար։ Հիմա նրանց թիվը մեկ տասնյակից չի անցնում, մինչդեռ մինչեւ 1990-ականների կեսերը մոտ 300 երեխա գալիս էր սինագոգ՝ եբրայերեն սովորելու։

Սինագոգի սեղանը, որտեղից ռաբբին կարդում է աղոթքները: Սեղանի վրա թավշյա սփռոց է՝ նվեր ԱՄՆ-ում գործող հրեական մարդասիրական կազմակերպություններից մեկի կողմից:

28-ամյա Գեորգի Ավագիմյանը հայկական ազգանունը վերցրել է հորից։ Հրեական օրենքով Գեորգին համարվում է հրեա, քանի որ մայրը հրեա է։ Ինքն իրեն համարում է թե՛հրեա, թե՛հայ։ Մանկուց ծանոթացել է երկու ժողովուրդների պատմությանն էլ, մեծացել հայկական միջավայրում։ 

«Ինձ երկուսն էլ հետաքրքիր են եղել, երբեք տարբերակում չեմ դրել, երբ հարցնում են, ասում եմ որ հայ-հրեական արմատներ ունեմ։ Մորս բարեկամներից շատերը հրեական ավանդույթները պահպանում են, մի մասը Իսրայելում է ապրում։ Ես էլ մի քանի անգամ եղել եմ սինագոգում, բայց դա պարբերական բնույթ չի կրել։ Չեմ կարծում, որ հրեա համարվելու համար պարտադիր է պարբերաբար սինագոգ այցելել, պահպանել բոլոր օրենքներն ու կանոնները անխտիր, շաբաթ օրը չաշխատել, սահմանափակումներ մտցնել սննդի մեջ։ Չէ որ աշխարհը զարգանում է, ու շատ դժվար է պահպանել գրքերում գրված բոլոր հրեական օրենքները»,- ասում է Գեորգին։   

Նա միեւնույն ժամանակ չի համարում, որ սինագոգ այցելելը հնաոճ կամ հետադիմական երեւույթ է, պարզապես պետք է ընտրության հնարավորություն տրվի հավատքի սեփական դրսեւորումը ընտրելու։

«Շատերը կան, որ գալիս, ասում են՝ ռաբբի, ցանկանում ենք եբրայերեն սովորել, Թորան ուսումնասիրել։ Բոլորին էլ ասում եմ, որ հրեա լինելը հեշտ չէ, պետք է հրեական ավանդույթներին խստորեն հետեւել, շաբաթ օրերին չաշխատել, կաթն ու միսը իրար հետ չուտել եւ նման այլ օրենքներ։ Միայն ազգանունը կամ մորական կողմից հրեական արմատները բավական չեն հրեա լինելու համար»։

Հայաստանաբնակ հրեաների երկրորդ «հավաքատեղին» Հայաստանում հրեական համայնքի գրասենյակն է։ Այն որպես  հասարակական կազմակերպություն գրանցվել է 1991 թվականին եւ իրականացնում է կրթական, մշակութային ծրագրեր, լեզվի ու պատմության դասընթացներ։

Արդեն 22 տարի համայնքը ղեկավարում է Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը։ 

Ազգությամբ հրեա Ռիմա Ֆելլերը ամուսնացած է հայի հետ, իր հրեական ազգանունից բացի վերցրել է նաեւ ամուսնունը։ Ասում է, դա արել է նաեւ որպես ապացույց, որ հայերն ու հրեաները կարող են կողք կողքի ապրել չնայած կրոնական տարբերություններին։

Համայնքի ղեկավարը նույնպես չգիտի, թե կոնկրետ քանի հրեա կա Հայաստանում։ Ասում է՝ շատ ընտանիքներ իրենց օգնությամբ կարողացան ստանալ Իսրայելի քաղաքացիություն ու տեղափոխվել հայրենիք։ Ամենամեծ հոսքը եղավ Հայաստանի անկախացմանը հաջորդող տարիներին, երբ երկրում պատերազմ էր, իսկ Իսրայելը պատրաստ էր ընդունել հրեական ծագում ունեցող մարդկանց ամբողջ աշխարհից։  

«Հիմա Հայաստանում մնացած փոքրաթիվ հրեաների համար կազմակերպում ենք լեզվի դասընթացներ, ծանոթացնում ենք հրեական ավանդույթներին, տարվա մեջ մի քանի անգամ հավաքվում ենք՝ նշելու ազգային տոները։ Բայց նույնիսկ այդ դեպքում ոչ բոլորն են գալիս, լավագույն դեպքում երկու երեք տասնյակ մարդ»,- պատմում է Ռիմա Վարժապետյանը։ 

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի տարածքում պահպանվող այս տապանաքարը մեկն է հրեական գերեզմանատան 60-ից ավելի գերեզմանաքարերից։ Եբրայերեն արձանագրություններով տապանաքարերը վկայում են, որ Հայաստանի տարածում հրեական ակտիվ համայնք է եղել առնվազն 13-րդ դարում։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես հրեաները հայտնվեցին Եղեգիսում ու ինչպես անհետացան այնտեղից։ 

Համայնքի ամենահաստատուն ձեռքբերումներից մեկն ամեն ամիս 500 օրինակով լույս տեսնող պարբերականն է՝ «Մագեն Դավիթ» կամ «Դավթի Վահան» թերթը, որը պատմում է համայնքային կյանքի, Իսրայելում ու ամբողջ աշխարհում տեղի ունեցող բոլոր այն իրադարձությունների մասին, որոնք այս կամ այն կերպ կապված են հրեաների հետ ու կարող են հետաքրքրել համայնքին։ Թերթը բաժանվում է անվճար՝ համայնքի գրասենյակից։

«Ամուսնուս քրիստոնյա լինելը չի խանգարել հրեական կյանքով ապրելուն։ Չեմ կարծում, որ կինը կամ ամուսինն արգելում է որեւէ հրեայի ապրել համայնքային կյանքով, սովորել լեզուն կամ պահպանել ավանդույթները, բայց ընտանեկան հոգսերն ու աշխատանքը վերջին քսան տարիների ընթացքում համայնքը փոքրացրել են, մարդիկ նախկինի պես հետաքրքրված չեն հրեական ավանդույթներով, լեզուն սովորելու նպատակ չեն տեսնում, քանի որ չեն գործածելու առօրյա կյանքում»,-ասում է Ռիմա Վարժապետյանը։

«Մագեն Դավիթ»-ի խմբագիրն ու միակ աշխատակիցն Ադելինա Լիվշիցն է, ով օրվա մի մասն անցկացնում է համակարգչի առաջ՝ գրելով հրեական համայնքի մասին նորություններ ու հետաքրքրաշարժ հոդվածներ, որոնք գուցե տեղ գտնեն թերթի հաջորդ համարում։

«Նախկինում հետաքրքրությունը թերթի նկատմամբ մեծ էր։ Տպարանից հասնում էր գրասենյակ, օրեր անց արդեն ամբողջ տպաքանակը սպառված էր լինում: Հիմա, երբ բոլորը նորությունները կարդում են համացանցում, տպագիր թերթը երկրորդ պլան է մղվել։ Դրա համար աշխատում ենք միշտ թարմացնել նաեւ մեր համայնքի պաշտոնական կայքը՝ jewish.am-ը, որտեղ նույնպես լուսաբանվում է համայնքային կյանքն ու հրեաներին հետաքրքրող թեմաները»,- ասում է Ադելինա Լիվշիցը, առանց որի արդեն թերթը գոյություն ունենալ չի կարող։   

2014-ին հակասեմիտիզմի դեմ պայքարող «Հակադեֆիմացիոն լիգան» հրապարակեց զեկույց , համաձայն որի` Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում ամենահակասեմիտական երկիրն է: Համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը հրապարակավ մերժեց այս զեկույցը՝ հայտարարելով, որ Հայաստանում հակասեմիտիզմ չկա եւ չի եղել:  Որպես ապացույց բերում է իր օրինակը՝ ինքն ամուսնացած է հայի հետ, կրում է թե՛ հրեական, թե՛հայկական ազգանուն ու չի հիշում մի դեպք, որ ազգային պատկանելիության համար ճնշումների ենթարկված լինի:

Սուրեն Ստեփանյան

Բնօրինակն՝ այստեղ

«ՉայԽանա»

http://www.youtube.com/watch?v=RjCWKCsemeg